«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանն ապրում է կառավարության նոր կառուցվածքով, որտեղ 17 նախարարությունների փոխարեն արդեն 12-ն են: Իհարկե, դժվար է միանգամից կանխատեսումներ անել, թե կաբինետի նոր կառուցվածքն ինչպիսի արդյունավետությամբ կարող է աշխատել կամ արդյոք համարժեք է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են երկրի առաջ: Փաստն այն է, որ խորհրդարանական քննարկումների ընթացքում բացահայտվեց, որ կառավարության նոր կառուցվածքը ոչ թե խորքային վերլուծությունների, հաշվարկների արդյունք է, այլ ինտուիցիայի հետևանք: Եթե հիշում եք, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հենց այդպես հիմնավորեց, թե ինչու է կառավարությունը կանգ առել կոնկրետ կառուցվածքի վրա:
Ինտուիտիվ բարեփոխումները որևէ լավ բան չեն խոստանում, մանավանդ, որ այդ պարագայում «բարեփոխում» ասվածը մի փոքր չափազանցված կարելի է համարել: Սկզբունքորեն համակարգի տրամաբանությունը չի փոխվել, իսկ բարեփոխումն առաջին հերթին հենց դա է ենթադրում: Նախարարությունների թվի կրճատումն ընդամենը տեխնիկական խնդիր է, սակայն պահպանվել է, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգը, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական երկրում ԱԺ վերահսկողությունից դուրս են մնալու ԱԱԾ-ի, ոստիկանության, ՊԵԿ-ի գործունեությունը, որոնց ավելացավ նաև սփյուռքի հետ կապված մարմինը, որն այլևս նախարարություն չէ, ու նրա գործառույթները տեղափոխվում են վարչապետի աշխատակազմ:
Մեծ հարց է, թե ինչ արդյունավետությամբ են աշխատելու նոր, այսպես կոչված, սուպերնախարարությունները: Այնպիսի տպավորություն է, որ նախարարությունները միավորվել են ոչ թե հայեցակարգային, ֆունկցիոնալ բաղադրիչները հաշվի առնելով, այլ կոնկրետ մարդկանց՝ հեղափոխության ակտիվ մասնակիցների «հագով»: Ամբողջ խնդիրն այն է, որ գործող կառավարության շատ անդամներ անցած մեկ տարվա ընթացքում, մեղմ ասած, արդյունավետ չեն կառավարել, շատ դեպքերում նույնիսկ ձախողվել են իրենց ոլորտներում, բայց հիմա նրանք դառնում են ավելի շատ ոլորտների ղեկավարներ՝ կանխատեսելի հետևանքներով: Նման իրավիճակում դժվար է ակնկալել կառավարման արդյունավետության բարձրացում, փոխարենը՝ ավելի բարդանալու է որոշումների ընդունման մեխանիզմը, կարճ ասած՝ տուժելու է օպերատիվ կառավարումը, արձագանքումը:
Այդպես էլ կառավարությունը չկարողացավ հիմնավորել, թե ինչու կիսով չափ ագրարային համարվող Հայաստանում չի գործելու գյուղատնտեսության առանձին նախարարություն, կամ ինչո՞ւ Մշակույթի նախարարությունը պետք է միանա Կրթության նախարարությանը այն պարագայում, երբ ոչ թե պետք է նախարարությունը լուծարվեր, այլ մշակվեր մշակութային նոր քաղաքականություն, հայեցակարգ, որը համարժեք կլիներ համաշխարհային նոր միտումներին, նպաստեր Հայաստանի քաղաքակրթական նոր կերպարի ձևավորմանը: Նույնը վերաբերում է նաև սփյուռքի նախարարությանը, որը ֆունկցիոնլ վակուումի մեջ էր ոչ թե այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա, այլ ձևակերպված չէին այդ գերատեսչության առաջնահերթությունները՝ ոչ անցյալում և ոչ էլ հեղափոխությունից հետո:Եվ ամենակարևորը՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ կառավարությունը համառորեն չներկայացրեց, թե ինչ սոցիալական գին ունի կառավարության նոր կառուցվածքը, այլ խոսքով՝ քանի մարդ է կրճատվելու բուն կառավարությունում ու դրան ենթակա ստորաբաժանումներում: Ընդդիմության հաշվարկներով՝ խոսքը մի քանի հազար մարդու մասին է, կառավարությունը խոսում է մի քանի տասնյակ կրճատվող պաշտոնյաների մասին: Անկեղծ ասած՝ կառավարության փաստարկներն այնքան էլ հիմնավորված չեն, որովհետև ցանկացած նախագիծ ունենում է կոնկրետ հաշվարկ, լինում են կոնկրետ թվեր, ու եթե կառավարությունը հրաժարվում է դրանք ներկայացնել, ուրեմն ակնհայտորեն թաքցնում է իրականությունը՝ վախենալով հնարավոր սոցիալական ցնցումներից:
Իհարկե, ինստիտուցիոնալ լուծումները կարևոր են, սակայն եթե նույնիսկ կառավարության նոր կառուցվածքն իդեալական է, համոզված կարելի է պնդել, որ կադրային այս բազայով կառավարությունն արդյունավետ չի կարող աշխատել նաև 12 նախարարների պարագայում: Իսկ կադրային փոփոխություններ չեն սպասվում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը