31 05 2019

Վարչապետը դատական համակարգը ՄԻԵԴ-ից կախման մեջ դրեց․ «Իրատես»

Վարչապետը դատական համակարգը ՄԻԵԴ-ից կախման մեջ դրեց․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. մայիսի 20-ին կառավարությունում ՀՀ գլխավոր դատախազի, հատուկ քննչական ծառայության պետի, ոստիկանության պետի, արդարադատության նախարարի, Ազգային ժողովի փոխնախագահի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայությամբ հայտարարեց, թե «Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար»:

Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու, դրա անհրաժեշտության մասին խոսեց մի մարդ, որը դրա նախօրեին հրապարակայնորեն հանդես եկավ Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը շրջափակելու և դրանում անձամբ իր մասնակցությունը հավաստող հակասահմանադրական կոչով: Ավելին՝ հաջորդ օրը դատարանների մուտքերը շրջափակելու, դատավորների ու դատարանների նկատմամբ հակասահմանադրական ու կոպիտ ճնշում գործադրողների թվում եղել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ և կառավարության անդամներ, դատարաններից մեկի մոտ ներկա է եղել նաև անձամբ ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալը կենսական օրակարգ համարելով՝ դրա անհրաժեշտության մասին խոսեց մի մարդ, որը դրանից ընդամենը մեկ-երկու րոպե առաջ հայտարարեց. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:

Իհարկե, յուրաքանչյուր ազնիվ, արդարադատությամբ շահագրգիռ մարդ դեմ է դատարանների կողմից քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներին, սակայն խնդիրն այն է, թե Փաշինյանի հիշյալ հայտարարությունից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, այդ դատարանի դատավորներն իմանալով, որ իրենց վճիռներից է կախված հայաստանյան դատավորների ճակատագիրը, այդ իրադրությունը կհամարեն մարդու իրավունքների կոպիտ խախտում:

Օրինակ՝ ՄԻԵԴ-ը հայտնի է ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվեստիտներ) անձանց նաև չակերտյալ իրավունքների պաշտպանությամբ, և եթե մեր երկրի դատավորները հաշվի չառնեն այս հանգամանքը ու նույն կերպ չվարվեն, ապա, ըստ Փաշինյանի հայտարարության, իրենց պաշտոններից հեռացվելու են: ՀՀ վարչապետը իր վերոնշյալ հայտարարությամբ ոտնահարեց ՀՀ դատական համակարգի կամ իշխանության անկախությունը՝ այն կախման մեջ դնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից ու որոշումներից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ