«Իրավունք»-ը գրում է․ «Կան խոսակցություններ, որ վերջին հայտնի նիկոլական հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի միանգամայն թուրքաշունչ (մինչ այս նման հայտարարություններ լսել էինք միայն Ադրբեջանից և Թուրքիայից) բռնության կոչը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը քարերով ցխելու» մասին, թեև իշխանական վերնախավում դժգոհություն է առաջացրել, սակայն միայն քաղաքական տեսանկյունից: Այսինքն, որ քաղաքականապես սխալ էր հրապարակավ ինքնադիմակազերծող նման հայտարարություններ անել, թեև բոլորն էլ հասկանում են, որ սույն «հերոսը» պարզապես արտահայտեց այն, ինչը նույն շրջանակների գաղափարախոսության բաղադրիչներից է:
Թեև փաշինյանական թևը «տակից դուրս գալու» համար այլ տարբերակ չգտավ, քան պաշտոնապես տվյալ հավաքի կազմակերպիչներից հրաժարվելը, սակայն դա ընդհանուր պատկերը չի փոխում: Այն է, անգամ ադրբեջանական աղբյուրներն են հրճվանքով խոսում այն հակասությունների մասին, որը կա ՀՀ-ի և ԱՀ-ի իշխանական վերնախավերի մեջ:
Ու ահա այս ֆոնին էլ, մեր մեկ այլ աղբյուր նաև նման տեղեկություն փոխանցեց, նիկոլականների հանրահավաքում ԱՀ նախագահի հասցեին նման թշնամական մտքեր հնչեցնելն ամենևին էլ պատահական չէր: Արցախյան իշխանությունների հանդեպ թշնամանքի հետևողականորեն սրումը, ըստ աղբյուրի, հայտնի արևմտյան խամաճիկների քաղաքական հաշվարկների բաղկացուցիչն է: Կհաջողվի՞ այդ ընդհանրական ծրագրի արդյունքում Արցախում «հեղափոխական» իշխանափոխության հասնել ու այնտեղ էլ տեղավորել դրածոներին, շատ լավ: Չի՞ հաջողվի, առնվազն անկայուն իրավիճակ Արցախում կստեղծվի:
Ընդ որում, արդեն անգամ կարևոր չէ, թե Փաշինյանն ընդգրկվա՞ծ է Արցախն ապակայունացնելու այդ գործընթացում, թե ոչ. նրա անունից հրավիրված հանրավաքում նման հայտարարություններն ընկալվում են որպես հենց Փաշինյանից եկող ազդակ: Այսինքն՝ Փաշինյանը հակառակն ապացուցելու համար պետք է անմիջապես կալանքի տակ առներ ԱՀ նախագահի նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնողին և այդ կերպ Արցախի հետ հարաբերություններն աննախադեպ սրեցում առաջացնողին, ինչպես որ պարտավոր էր նույն մոտեցումը ձեռնարկել ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահի հանդեպ օրերս ոչ պակաս պրովոկացիոն գործողություն նախաձեռնողի հանդեպ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը