«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ տարած հաղթանակ» էր. ռուսական РБК ТВ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն գումար դրա համար, այնուամենայնիվ, ստիպված են եղել ծախսել, ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն ակնարկին, որ ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է: «Մենք մեր հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 000 դոլար: Որտեղից էր այդ գումարը: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք ունեցել ենք էլեկտրոնային դրամապանակ, և բոլոր երկրներից հայերը, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար են ուղարկել: Մենք այդ գումարները ծախսել ենք, և հեղափոխության շրջանում ամեն շաբաթ մենք հրապարակել ենք՝ որքան գումար ենք ծախսել և ինչի համար»,- հեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովին պատմել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այս քայլը թույլ է տվել հեղափոխականներին պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին: Ցանկացած հեղափոխություն ինքնին ռոմանտիկայի որոշակի բաղադրիչ ունի, մանավանդ, երբ ուղեկցվում է սիրո ու համերաշխության կարգախոսներով: Ամբողջ խնդիրն այն է, որ հաղթանակից հետո հեղափոխությունների բովանդակությունը, որպես կանոն, տրանսֆորմացվում է, ու «ռոմանտիզմը» դառնում է հարաբերական կատեգորիա:
Օրինակ' մեր հեղափոխության պարագայում «ռոմանտիկ» դրսևորումները վաղուց մնացել են հետևում, ու մեկ տարի շարունակ իշխանություններն առաջնորդվել են «բարիկադային» տրամաբանությամբ՝ հասարակությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների»: Հասարակության «սորտավորումը» բնավ էլ ռոմանտիկ դրսևորում չէ, որովհետև հակադրությունը ծնում է ատելություն, երբեմն՝ նաև արյուն:
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմը մնացել է «ռոմանտիկ», երբ բանը հասնում է վրիպումները, սխալներն արդարացնելուն: Այստեղ ամբողջ ուժով հառնում է հեղափոխական պաթոսը՝ չեղարկելով այն ամենը, ինչը կապված է պետական օրակարգի ու մտածողության հետ:
Հատկապես ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Փաշինյանն ամեն կերպ փորձում է հակադրել հյուսիսային բարեկամ կամ երկրում տիրող այն մտայնությանը, թե Հայաստանում անցած տարի տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» էր»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը