11 05 2019

Վերջապես որոշել են հասկանալ՝ ինչու է թանկացել բենզինը․ «Հրապարակ»

Վերջապես որոշել են հասկանալ՝ ինչու է թանկացել բենզինը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստին խոսեց գազի ու բենզինի գներից, որ դրանք թանկ են, մարդիկ բողոքում են, եւ ՏՄՊՊՀ նորանշանակ նախագահին ու շուկայի վերահսկողության տեսչության պետին հանձնարարեց զբաղվել այս հարցով։ Բենզինը հեղափոխությունից հետո բանանի նման մի քիչ էժանացավ, հետո կամաց-կամաց նորից թանկացավ։ Այն ժամանակ ժողովուրդը դա վերագրում էր վարչապետին, թե Նիկոլը եկավ, բանանն ու բենզինն էժանացան։ Հիմա հարց են ուղղում նույն Նիկոլին՝ ինչո՞ւ է օր-օրի թանկանում բենզինը, նաեւ՝ բանանը եւ ոչ միայն։

  Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թե՛ գազի, թե՛ բենզինի ոլորտներում քաղաքական առնչություններ եւ նույնիսկ մենաշնորհային հավակնություններ ունեցող մարդիկ կան։ Սրանով Նիկոլ Փաշինյանը բենզինի ու գազի թանկացումը փաստացի էլի գցեց նախորդ իշխանությունների վրա՝ ակնարկելով, որ դրա մեղավորը ոչ թե կառավարությունն է, որը չի կարողանում շուկան պատշաճ վերահսկել, այլ նախկին ռեժիմից մնացած օլիգարխներն ու գործարարները, որոնք գազի ու բենզինի ոլորտում խոշոր խաղացողներ են։ «Եվ ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի ինչ-որ քաղաքական շահարկումների առիթ տան էս հարցը։ Մենք պետք ա սրանով շատ լուրջ զբաղվենք եւ շատ դեպքերում գուցե մենք դանդաղ ենք աշխատում, եւ հանրությունն է մեզ մեղադրում, ու ոմանք առիթավորվում էլ են։ Եվ ես շատ հստակ ասում եմ՝ արագ զբաղվեն բոլոր էն մարմինները, որ պետք ա սրանով զբաղվեն»,- ասաց վարչապետը։

  Նա նկատեց, որ քանի որ այս շուկայում նախկին օլիգարխներ ու հայտնի կլանների անդամներ կան, ուստի պետք է համոզված լինել, որ նրանք իրենց հոտառությունը չեն կորցրել, եթե կորցրել են, պետք է շատ արագ վերականգնել եւ վստահ լինել, որ հակամրցակցային պայմանավորվածություն չկա այստեղ։ՏՄՊՊՀ նորանշանակ նախագահ Գեղամ Գեւորգյանը, ով ընդամենը օրեր առաջ դեռ գյուղնախարարն էր, վարչապետին հավաստիացրեց, որ համալիր ուսումնասիրություններ են սկսել, որպեսզի հասկանան շուկայի կառուցվածքը եւ ըստ այդմ պարզեն՝ կա՞, արդյոք, հակամրցակցային համաձայնություն, գերիշխող դիրքի չարաշահում կամ որեւէ մրցակցության այլ խախտում։

  Նիստից հետո Գեւորգյանը նույնը կրկնեց, որ ինքը նոր է նշանակվել, եւ պետք է դեռ ուսումնասիրեն շուկան՝ հասկանան ինքնարժեքի ձեւավորման ամբողջ սխեման, այդ թվում այն, թե այդ բենզինը երրորդ երկրից ինչպես է հասնում Հայաստան, ինչ ինդիկատորներ են ազդում շուկայի վրա եւ այլն։

- Պարոն Գեւորգյան, Դուք գոնե նախնական տիրապետո՞ւմ եք, թե քանի խոշոր ընկերություն է Հայաստան բենզին ներմուծում։

- Իհարկե, առնվազն երեք ընկերություն կա էս պահին։ Բայց չեմ ասի, թե որոնք են։

- Այդ երեքն էլ մեկ աղբյուրի՞ց են ներկրում, թե՞ տարբեր տեղերից։

- Չեմ կարող ասել, ուսումնասիրություն կանենք, կասենք։

- Պարոն Գեւորգյան, տպավորություն է, որ վարչապետը բենզինի թանկացումը բարդում է նախորդ իշխանության օլիգարխների վրա։ Հիմա օլիգարխնե՞րն են հատուկ անում, թե՞ կառավարության համապատասխան մարմինները լավ չեն աշխատում։

- Եթե մենք կարողանանք շուկա բացահայտել, հավատացեք, դա շատ երկար ու լուրջ աշխատանք պահանջող բան է, որպեսզի դուք բացահայտեք՝ հակամրցակցային համաձայնություն կա՞, թե՞ չկա։ Դուք ինքներդ շատ լավ նշեցիք, որ տեսնում եք՝ բոլոր լիցքավորման կետերում գները նույնն են։ Հիմա պատկերացնում եք, չէ՞, ինչքան դժվար է, ինչ լծակներ են պետք, որպեսզի մենք բացահայտենք՝ էստեղ կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե՞ չէ։ Հակամրցակցային համաձայնություն նույնիսկ բանավոր կարող են ձեռք բերել կամ ընդհանրապես կարող են մի տեղ սուրճ խմելուց աչքով-ունքով հասկացնեն, որ իրենք հակամրցակցային համաձայնության են գալիս։ Մենք էս ամեն ինչը պետք է փաստերով ապացուցենք, որ մենք էլ խոցելի չլինենք։

- Բայց հեղափոխությունից անմիջապես հետո բենզինի ու դիզվառելիքի գները բավականին իջան, դա վերագրվեց հեղափոխությանը, որ, տեսեք, Նիկոլ Փաշինյանը եկավ, բենզինն էժանացավ, հիմա Փաշինյանը տնավորվեց, մեկ տարի հետո բենզինը թանկացավ։

- Մենք կուսումնասիրենք բենզինի շուկան եւ կհասկանանք դրա իրական գինը։

- Դուք մեքենա վարում եք, չէ՞, Ձեր մեքենայի մեջ բենզին լցնում եք, չէ՞, գո՞հ եք որակից։

- Ոչ։

- Կարո՞ղ է գոնե Ձեր մեքենայի մեջ լավորակ բենզին լցնելու համար գնալ այդ քայլին ու պարզել, թե ինչու է Հայաստանում այդքան վատ որակի բենզին վաճառվում։

- Մենք պետք է հասկանանք Հայաստանում ընդունված ստանդարտը, այսինքն․․․ նայեք, եթե ինչ-որ տնտեսվարող սուբյեկտ ծախում է ապրանք, որի վրա գրվում է ապրանքի չափանիշը, եւ ինքն իրականում համապատասխանում է, դա մեր գործառույթը չէ։

- Ես լցնում եմ Super 98 բենզին, որը 92-ի էլ չի ձգում, քաշի մեջ էլ խաբում են, մեքենայիս շարժիչն էլ խնդիր է ունենում։

- Նայեք, եթե պարզվում է, որ Super 98-ն ունի x, y ստանդարտներ, բայց ինքը չի բավարարում դրան, այստեղ մենք ունենք դերակատարություն՝ մտնենք, ստուգենք ու պատասխանատվության ենթարկենք։

- Արտակ Շաբոյանի հետ զրուցե՞լ եք, երբ կաբինետի հանձնում-ընդունում էիք անում, ինքը Ձեզ ներկայացրե՞լ է իր կատարած աշխատանքը՝ ուր է հասել, ինչ խնդիրներ կան, որտեղ ինչ խնդրի է բախվել։

- Շատ կարճ, ֆորմալ զրույց ենք ունեցել։

- Չե՞ք ուզում նորից հանդիպել ու ճշտել նույն բենզինի ներկրման պայմանները, թե որտեղից են բերում, ինչ գնով․․․

- Եթե անհրաժեշտություն եղավ, ես երբեք չեմ խորշում․․․ որեւիցե անձնական բան չկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ