«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք` ո՞ւմ հասավ Ձեր մրցանակ գիրքը, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախատեսել էր տալ «Ուսանողի ձայնով զանգեցի, հարցրեցի ռեֆերատների գները…» հումորային մրցույթի հաղթողին։
«Գիրքն ինձ մոտ է, մնում է մրցույթն ամփոփվի»: Թերանում եք, էլի։ «Չենք թերանում. պարոն Վարդանյանը գործուղման է, կգա` կանենք»,- ուսանողի ձայնով լուրջ-լուրջ պատասխանեց ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ խորհրդի անդամ Հովհաննիսյանը:
Իսկ տեղյա՞կ եք` ե՞րբ է տեղի ունենալու ԵՊՀ խորհրդի նիստը, գրվեց՝ մայիսի 13-ին, կդրվի՞ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը։ «Ոչ, չգիտեմ, մեզ դեռ նամակ չեն ուղարկել, ինչ վերաբերում է ապագա նիստում հրաժարականի հարցի՝ օրակարգում լինել-չլինելուն, նույնպես տեղյակ չեմ»: Փորձեցինք նիստի մասին տեղեկություն ստանալ ԵՊՀ խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանից, ով անջատեց հեռախոսը՝ լսելով, որ լրագրող է զանգողը:
Մեր տեղեկություններով` նա բավականին բարդ կացության մեջ է․ ինչպես խորհրդի այլ անդամներ` Հովիկ Մուսայելյանը, Ռալֆ Յիրիկյանը, նա կարծում է, որ չարժե կրկին քննարկել հրաժարականի հարցը, որովհետև Սիմոնյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս, և ապա` մեկ անգամ արդեն տապալվել է գործընթացը՝ հարուցելով իշխանությունների դժգոհությունը։ «Մյուս կողմից, Մուրադյանը լուրջ խնդիրներ ունի խորհրդի 25 տոկոսը կազմող ուսխորհրդի հետ, որը կրկին կտապալի նիստը, եթե դրված լինի հրաժարականի հարցը: Հարցի նրբությունը նաև այն է, որ խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, որը եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին օգնականը, դեռ իր հավատարմությունը պահում է վերջինիս նկատմամբ և այժմ հայտնվել է երկու քարի արանքում»,- ասաց խորհրդի անդամ մեր զրուցակիցը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը