«Փաստ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով պարբերաբար տեղեկացնում է, որ այս կամ այն ոլորտում դրական փոփոխություններ են առկա: Պատկերը ներկայացվում է վիճակագրական թվերի տեսքով, և բնական է, որ շատ հաճախ հարց է առաջանում՝ իսկ այս թվերն արտացոլում են կոնկրետ ոլորտում առկա պատկերը:
Օրերս վարչապետը տեղեկացրեց, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17,3 տոկոսով, իսկ արագաչափերով և տեսախցիկներով արձանագրված տուգանքները՝ շուրջ 51 հազար հատով:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ թվերն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամսվա դեպքերից հետո երթևեկությունից դուրս են բերվել առավելագույնը 40 կմ/ժ սահմանափակում ունեցող արագաչափերը:
«Երբ այդ արագաչափերը հեռացվում են, բնականաբար, խախտումները չեն արձանագրվում: Դրանք ամենահաճախակի և համեմատաբար փոքր վտանգ ներկայացնող խախտումներն են: Փաստորեն, կարող ենք նշել, որ դրանք չեն արձանագրվում, ինչը, սակայն, չի նշանակում, որ վարորդները խախտումներ չեն անում: Եթե գումարենք առավել հաճախ կրկնվող և չարձանագրված խախտումները, ապա դրանց թիվն իրականում մեծ կլինի:
Եթե միայն զոհերի, ինչպես նաև քիչ խախտումների տարատեսակներով արձանագրված խախտումների թվաքանակը համեմատենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, բնականաբար որոշակի տարբերություն կունենանք, բայց տեսնում ենք, թե մեր երթևեկության մեջ ինչ է կատարվում: Օրական միջինը 100 պատահար է տեղի ունենում, որոնք արձանագրում են ճանապարհային ոստիկանները: Ընդ որում, սա այն դեպքում, երբ եղանակը լավն է, իսկ անձրևոտ եղանակին վթարների թիվն ամեն օր հասնում է մոտ 150-ի: Վթարներն իրականում շատ են, այդ թվերը հաշվառվում են, և ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է: Սակայն դրանց նայելով ասել, որ երթևեկության վիճակը լավ է, սխալ կլինի: Երթևեկությունն իրականում բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք չեն ներկայացվում այդ թվերի տեսքով»,-ասում է Ղահրամանյանը:
Վերջինս նշում է, որ առհասարակ երթևեկության մեջ խնդիրները շատ են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը