«Հրապարակ»-ը գրում է․ «ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, ամենայն հավանականությամբ, արդեն այսօր կփոխարինի գյուղատնտեսության փոխնախարար Գեղամ Գևորգյանը: Վերջինիս Արտակ Շաբոյանի տեղը նշանակելու միջնորդությամբ կառավարությունն արդեն դիմել է ԱԺ-ին: Երեկ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հաստատեց «Հրապարակի» լուրը: Մեր տեղեկություններով, առաջադրումն այս տեղի է ունեցել հապճեպ: Օրենքի համաձայն՝ ՏՄՊՊՀ նախագահին նշանակում է Ազգային ժողովը՝ ՀՀ վարչապետի առաջարկով:
Այս դեպքում ԱԺ նախագահին ուղղված համապատասխան միջնորդագիրը վարչապետը ստորագրել է ուշ գիշերով, Ստրասբուրգից վերադառնալուն պես, և ուղարկել է Ազգային ժողով: Կառավարության աղբյուրը հավաստում է, որ միջնորդագիրը Փաշինյանի բացակայությամբ նախապատրաստել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի Գեղամ Գևորգյանի հետ:
Վերջինս պայքարում էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, բայց այդ պաշտոնին Փաշինյանն առաջարկել է ԱԱԾ պետի քենակալ (բա-ջանաղ) Գարեգին Բաղրամյանին: Բաղրամյանի ընտրությունը տեղի կունենա խորհրդարանի հաջորդ քառօրյային: Կառավարությունում հավանաբար որոշել են երկուսը մեկում անել: Փաշինյանն էլ առանց իրավական հարցերում խորանալու, ստորագրել է: Մինչդեռ խորանալու անհրաժեշտություն կար:
ՏՄՊՊՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովներում անդամ կարող է նշանակվել միայն բարձրագույն կրթությամբ, առնվազն 5 տարի պետական համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը: Գեղամ Գևորգյանը նման փորձառություն չունի: Նա 2 տարի գյուղնախարարության ԾԻԳ-ի տնօրեն է աշխատել, և այդ շրջանում՝ 2016-2017 թթ. Վերահսկիչ պալատը խախտումներ ու չարաշահումներ է արձանագրել, որոնց նկարագիրը 39 էջ է:
Առերևույթ Փաշինյանը գոհ էր Շաբոյանի աշխատանքից: Փետրվարի 9-ին նա նույնիսկ իր ՖԲ էջում Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականն էր բերել: «Շուկայի կենտրոնացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշով Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով, և հայտնվել է 19-րդ հորիզոնականում: Սա նշանակում է,- գրում է Փաշինյանը,- որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում»: Բայց թիմին չնեղացնելն ամեն ինչից վեր է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը