12 04 2019

Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես. «Իրատես»

Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Նորագավթի մաքսատան աշխատակիցը, որ գուցե սոսկ ճակատագրի հեգնանքով էր հայտնվել պատին հենված ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրաված դրոշի սենյակում, աշխատանքից ազատման դիմում է գրել:

Իբր թե անտեսված Եռագույնի շուրջ ծավալված իրադարձություններից ու Փաշինյանի «դիմումդ կգրես» արտահայտությունից հետո տղամարդը դժվար թե այնտեղ աշխատելու չնչին ցանկություն ունենար: Գուցե ավելի լավ աշխատանքի կանցնի, գուցե ոչ, կամ էլ վիրավորված ու արհամարհված քաղաքացու զգացումով կարտագաղթի երկրից: Հայ տղամարդու հետ, որ հնարավոր է ապագա հայ զինվորի կամ զինվորների է դաստիարակում, նման կերպ խոսելու իրավունք չունի ո՛չ ոք, առավել ևս՝ անձեռնմխելիության ինստիտուտով ու մի քանի թիկնապահներով պաշտպանված չինովնիկը: Մաքսատան շարքային աշխատակցի հետ ինչպե՞ս կխոսեր Նիկոլ Փաշինյանը, եթե չլինեին տեսախցիկներն ու լրագրողները, եթե հերթական շոուն մատուցելու խստագույն անհրաժեշտությունը չլիներ՝ սիրելի տիկնոջ՝ «մեր երեխաները զոհվեցին հանուն ոչնչի» տխրահռչակ թեզը վարագուրելու համար: Կկարողանա՞ր արդյոք նախկին պատգամավորներ Հեղինե Բիշարյանի՝ «Շիշը գլխիդ կտամ, համբա՛լ» և Առաքել Մովսիսյանի` «դիշովկա» արտահայտությունները լսած երկրի թիվ մեկ դեմքն ուղղակի պատին հենված դրոշի համար այդպիսի քամահրանքով խոսել իր իսկ տարիքի տղամարդու հետ, եթե նրան մոտենար «ինչպես հավասարը հավասարի հետ» սկզբունքով:

Ընդամենը մեկ տարի առաջ մարդկանց հետ ճանապարհներ փակող, քայլող, դպրոցներ ու բուհեր «նվաճող», ավտոբուսների ու ավտոմեքենաների անիվների տակ պառկող Փաշինյանը, որ հայտարարում էր, թե իշխանությունը ոչ թե ինքը, այլ ժողովուրդն է, այսօր արդեն մուննաթ է գալիս իր իսկ բնորոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանապատիվ» քաղաքացու վրա, որոնցից յուրաքանչյուրը, ի դեպ` իր իսկ բնորոշմամբ, վարչապետ է (այդ թվում հանիրավի նվաստացված աշխատակիցը): Ո՞Ւր մնացին սիրո ու հանդուրժողականության, բոլորի` հավասար լինելու և մարդասիրության մասին մյուս ելույթները: Ի՞նչ իմաստ ուներ անդադար «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես» երգել, երբ ժամանակներ անց ստալինյան բռնապետությանը բնորոշ «ձիգ կանգնելու» հրահանգ պետք է իջեցվեր:

«Իրատեսի» տեղեկություններով՝ նախքան վարչապետի «անակնկալ» այցը Նորագավթի մաքսատան աշխատակիցները փոխել են դրսում կախված դրոշն ու հինը դրել այն սենյակում, որտեղ վարչապետ Փաշինյանը մուննաթ գալու մաստեր-կլաս ցուցադրեց: Բնական է, որ Եռագույնը պարբերաբար փոխարինվում է նորով, հներն էլ, ըստ տրամաբանության, փոշոտվում, կեղտոտվում, մաշվում ու պատռվում են: Իսկ եթե մաշված կամ փոշոտված դրոշի հարցը, այնուամենայնիվ, հանգիստ չի տալիս վարչապետին, ապա նրան խորհուրդ ենք տալիս ճեմել կառավարության նկուղներում, հայտնաբերել արարողակարգային միջոցառումների համար նախատեսված փոշոտ ու գետնին ընկած (ոչ պատին հենած) դրոշներն ու անխտիր անարգանքի սյունին գամել կառավարության բոլոր անդամներին: Հա՛, ընդ որում, բարեկամաբար խորհուրդ ենք տալիս վարչապետին ժամանակ առ ժամանակ փոխել եռագույն նասկիները։

Սիրելի Նիկոլ Վովաևիչ, ուզում ենք հուշել, որ պետական հիմնարկների ու շրջակա միջավայրի աղտոտվածության և ախտահանման համար չափորոշիչներ մշակող մարմինն առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ն՝ սանէպիդկայանն է: Այդ կառույցն է իրավասու տուգանելու այն կազմակերպություններին ու հիմնարկ-ձեռնարկություններին, որ սահմանված չափորոշիչները չեն ապահովում: Հետևաբար կարիք չկա ամեն անգամ ազարտի մեջ ընկնել, ու բոլորին մի լավ ամոթանք տալով՝ «հեղափոխություն իրականացրած ձեռքերով» ծխախոտի մնացուկ հավաքել: Կամ եթե այդ ազարտից հրաժարվելն այդքան էլ հեշտ չէ, ապա կազմալուծեք պետությունից սնվող վերոնշյալ կառույցը, որ անիմաստ չլինի նրա գոյությունն ու ֆինանսավորումը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ