«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում վերջին ամիսների ընթացքում սկանդալների, աղմկահարույց գործընթացների պակաս առանձնապես չի զգացվում։
Մի քանի օր առաջ կառավարության նիստում վարչապետը, հերթական անգամ կորցնելով ինքնատիրապետումը, անդրադարձավ քաղաքական դաշտում ֆեյքերի եւ տարաբնույթ մանիպուլյացիաների թեմաներին եւ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարեց զբաղվել ֆեյքերով ու մանիպուլյատորներով։ Ի վերջո, շատերի համար հասկանալի չէր, թե ինչու հենց ԱԱԾ-ն պետք է զբաղվեր այս հարցով, քանի որ ԱԱԾ-ն շատերի մոտ ասոցացվում է նախկին ԿԳԲ-ի հետ։
Բացի այդ, բոլորը հասկանում են, որ ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում կարող են լինել նաեւ որոշակի ճնշումներ քաղաքական հակառակորդների, երբեմն նաեւ տնտեսության մեջ մրցակիցների նկատմամբ։
Զարմանալի զուգադիպությամբ ֆեյքերի դեմ պայքարի հանձնարարականից մեկ-երկու օր անց ծագեց «Սպայկա» ընկերության թեման։ Այս տարօրինակ զուգադիպության համատեքստում շատերը փորձեցին տեսնել նախ եւ առաջ քաղաքական երանգ։
Խնդիրն այն է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրականում գերիշխող դիրք ունեցող այս ընկերության սեփականատերը այնուամենայնիվ այլ մարդիկ են, որոնք առնչություն ունեն թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ամենաբարձր կառույցների ղեկավարների հետ։ Ոմանք էլ ենթադրում են, որ սեփականության վերաբաշխման գործընթաց է սկսվել։ Այս վարկածը գրեթե հիմնավորում են այն հայտարարությունները, որ ինչ-ինչ ընկերություններ արդեն այժմ պատրաստ են գոնե մասամբ գրավելու «Սպայկայի» բիզնես նիշան։ Ի դեպ, բիզնես կուլիսներում շշուկներ կան, որ դրանց հետեւում կանգնած են վարչապետին մոտ կանգնած որոշ մեծահարուստներ։
Այս կետերը համադրելով եւ վերլուծելով՝ շատերի մեջ կասկած է առաջանում, որ գուցե որոշակի պայմանավորվածություններ են խախտվել գործող եւ նախկին իշխանությունների միջեւ, ինչը հունից հանել է վարչապետ Փաշինյանին։
Չի բացառվում, որ վարչապետը կարծում է, որ այն գումարները, որ ինքը մեծահոգաբար թույլ է տալիս աշխատել նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, այսօր ներդրվում են քարոզչական ռեսուրսներում՝ իր, իր կնոջ ու իր թիմակիցների դեմ արշավներ կազմակերպելու համար։
Եվ փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փորձում է կտրել այդ փողերի աղբյուրները։ Չի բացառվում, որ «Սպայկայի» հետ կապված պատմությունը այս ենթատեքստն ունի։ Իսկ տնօրենի կալանավորումը նախազգուշական ակցիա է նաեւ մյուս սեփականատերերի համար՝ ցույց տալու, թե ինչ ճակատագրի կարող է արժանանալ նրանցից յուրաքանչյուրը։
Փաստ է, որ այսօրվա ինֆորմացիոն պայքարում վարչապետի թիմը պարտվում է։ Այս ամիսների ընթացքում որքան վարչապետի, նրա թիմի վարկանիշը նվազեց, այս իրավիճակը ավելի ու ավելի լարվեց։
Բայց էյֆորիայի նվազման, իշխանական թիմի ու հատկապես վարչապետի վարկանիշի անկման հետ այս իրավիճակն ու ամեն մի քննադատական խոսք սկսեց նյարդայնացնել Փաշինյանին, ու ցանկացած լրատվական հարված սկսեց շոշափելի դառնալ։ Այդ իսկ պատճառով կառավարության ղեկավարը փորձում է անցնել հակահարվածի։
Ու քանի որ լրատվական ռեսուրսներով չի կարողանում հավասարակշռել, աշխատում է դա անել ուժային մեթոդներով՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, ոստիկանության միջոցով։
Այս համատեքստում շատ տրամաբանական է, որ «Սպայկայի» հետ կապված թեման դեռ չմարած՝ խնդիր է ծագում «Առինջմոլի» հետ կապված ու հենց այն պահից սկսած, երբ տրանսգենդերային թեմաներով բավականին սուր խնդիրներ առաջացան ԲՀԿ-ի ու «Իմ քայլի» միջեւ։
Այսպիսով մոտավորապես ուրվագծվում է, թե առաջիկա ամիսներին ինչ ուղղություններով է ընթանալու ինֆորմացիոն հոսքերի, ֆինանսների համար պայքարը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը