11 04 2019

Վարչապետի «մաքրասիրության» զոհը չուզեց պայքարել․ «Հրապարակ»

Վարչապետի «մաքրասիրության» զոհը չուզեց պայքարել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, թե ով է Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի ավտոմաքսատուն այցի առաջին զոհը․ նա Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 զննման բաժնի տեսուչ Հայկ Մարտիրոսյանն է, ում աշխատասենյակում վարչապետը հայտնաբերել էր ՀՀ պետական դրոշը գետնին ընկած, փոշոտ վիճակում։ «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ»։ 

Երեկ առավոտյան լուր տարածվեց, որ Հայկ Մարտիրոսյանը որոշել է պայքարել իր իրավունքների համար՝ դիմում չգրել եւ դուրս չգալ աշխատանքից։ Ուրախացանք, քանզի Հայկի փոխարեն, իրականում, նրա վերադասները պիտի աշխատանքից ազատվեին, որոնք մաքսատանն ուղեկցում էին վարչապետին։ Եթե հանձնարարությունն արդարացի լիներ, պետք է հրամայեին դիմում գրել ոչ թե այդ երիտասարդին, այլ տվյալ բաժնի պետին, մաքսատան պետին, ՊԵԿ նախագահի մաքսային գծով տեղակալին ու նախագահին։ 

Բայց երբ զանգահարեցինք Հայկին, նա ասաց, որ ոչ՝ պատրաստվում է  ինքնակամ դիմում գրել ու դուրս գալ։ Ցավալի է, բայց մեր վարչապետը չի կարողանում ճիշտ գնահատել կոնկրետ ոլորտի իրական խնդիրները, նրա համար մաքսատունը լավ է աշխատում, եթե դրոշը կանգուն է, եւ հատակին ծխախոտի մնացորդ չկա։ ՊԵԿ-ից երեկ մեզ ասացին, որ իրենք Հայկի դիմումը դեռ չեն ստացել։ Հայկն ազատման դիմումը գրելուց առաջ՝ մեզ հետ զրույցում պատասխանել է մի քանի հարցի։ Ի դեպ, եթե նա դիմում չգրեր, նրան աշխատանքից ազատելու օրինական հիմքեր չկային։

- Հայկ, մենք իմացանք, որ Դուք հրաժարվել եք դիմում գրելուց, ճի՞շտ է։

- Ես հեսա գնում եմ դիմում գրեմ՝ ինքնակամ դուրս գամ։

- Ինչո՞ւ որոշեցիք այդպես անել։

- Հիմա էնքան անհասկանալի վիճակ ա, որ ես ինքնակամ որոշել եմ դուրս գամ։

- Ինչ-որ ճնշո՞ւմ են գործադրել Ձեզ վրա, պարտադրե՞լ են, որ դիմում գրեք։

- Ոչ, ոչ, իմ վրա ոչ մեկ չի կարա ճնշում գործադրի։ Դա իմ որոշումն ա։

- Իսկ միայն Դո՞ւք եք դիմում գրելու-դուրս գաք, թե՞ բաժնի այլ աշխատակիցներ եւս։

- Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ։

- Վարչապետի հեռանալուց հետո Ձեզ հետ որեւէ խոսակցություն եղե՞լ է, Ձեր բաժնի ղեկավարը կամ ՊԵԿ ղեկավարությունից Ձեզ որեւէ բան ասե՞լ են։

- Ոչ, որեւէ հատուկ խոսակցություն՝ որպես այդպիսին, չի եղել։

- Իսկ գիտե՞ք, որ «Մաքսային ծառայության մասին» օրենքով՝ վարչապետն իրավունք չունի Ձեզ նման բան պարտադրելու։

- Ինչքան գիտեմ՝ Աշխատանքային օրենսգրքով ա դա կարգավորվում, ես ամեն ինչից տեղյակ եմ։

- Աշխատանքային օրենսգրքով վարչապետը կարող է պարտադրել մաքսային ծառայողին դիմում գրել-դո՞ւրս գալ։

- Չէ, պարտադրանքի մասին չի։ Դիմում գրելը, ես ինքնակամ որոշել եմ դիմում գրել, խնդիրը դրա մեջ է։

- Ո՞րն է պատճառը, որ որոշեցիք դիմում գրել, վարչապետն ասաց՝ դիմումդ կգրես-կգնաս, դրա՞ համար։

- Ճիշտն ասած՝ բերեք չպատասխանեմ, էլի, էդ հարցերին։ Հազար անգամ կներեք, բայց ես աշխատում եմ էս խառը պահին զերծ մնալ ինչ-որ մի բանից։ Ես ուղղակի ինքնակամ դուրս եմ գալիս, ոչ մի ճնշում չի եղել ու չի կարող լինել։

- Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ երեւույթը, որ դրոշն ընկած էր պատի տակ եւ փոշոտ վիճակում։

- Խնդրում եմ․․․ էն, որ ես նոր աշխատող եմ եղել ու սենյակի պատասխանատուն կամ դրոշի պատասխանատուն ես չեմ եղել, էդ՝ հաստատ։

- Իսկ գուցե դրա պատասխանատուները, այդ թվում՝ Ձեր ղեկավարնե՞րը դիմում գրեն ու դուրս գան, ոչ թե Դուք։

- Բերեք ես ոչ մի բան հիմա չասեմ, հա՞, Ձեզ։

- Դուք ասացիք՝ երկու ամսվա աշխատող էիք։ Դրանից առաջ էլի աշխատե՞լ եք մաքսային ոլորտում։

- 2-2․5 ամսվա․․․ բայց՝ չէ, նախկինում մաքսայինում չեմ աշխատել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ