09 04 2019

Կառավարության միջադեպը վախեցրե՞լ է պաշտոնյաներին. 168.am

Կառավարության միջադեպը վախեցրե՞լ է պաշտոնյաներին. 168.am

168.am-ը գրում է. «Գազավորված ըմպելիքների համար կառավարության առաջարկած շաքարի հարկի նախագծի տապալումը մի շարք տնտեսվարողների մոտ հույս է ներշնչել, որ կառավարությունն այլևս չի գնա տոտալ հարկադրանքի ճանապարհով:

Չնայած, որ այս հետքայլի հիմքում, ըստ որոշ տեղեկությունների, ոչ այնքան իրատեսական հաշվարկներն են եղել, որքան կառավարության շենքում այդ օրերին տեղի ունեցած տհաճ միջադեպը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու գործարարներից մեկի միջև:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առաջարկվող վիճահարույց օրինագծի շուրջ կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնած քննարկմանը տնտեսվարողների կողմից բանագնացը եղել է Տիգրան Հովսեփյանը, որը հանդիսանում է «Հայ կոլա» գազավորված ըմպելիք արտադրող ընկերության սեփականատերը: Ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ կողմերի հետ հանդիպման ընթացքում, գործարարը փորձել է երկար-բարակ հիմնավորել, թե ինչ հետևանքների կբերի նոր լիցենզիայի հարկը։ Եվ երբ նրա խոսքը ներկա պաշտոնյաների դիմադրությանն է արժանացել, Տ. Հովսեփյանը կտրուկ փոխել է մոտեցումը և սկսել է կառավարության հետ խոսել վերջնագրի լեզվով:

Տիգրան Հովսեփյանը, ըստ մեր աղբյուրի, սպառնացել է, որ, եթե շաքարի հարկը իրավական ուժ ստանա, ինքը կայրի իր գործարանը բոլորի աչքի առաջ, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցների, և դրանում կմեղադրի հեղափոխական կառավարությանը ու խոստացված տնտեսական հեղափոխության կեղծ արժեքներին:

Նա նաև սպառնացել է, որ մեծ աղմուկ կբարձրացնի ու ցույց կտա միջազգային հանրությանը, թե ինչպես է ներկայիս կառավարությունն առանց հիմքեր ստեղծելու՝ օրենքներ գրում և ճնշումների ենթարկում տնտեսվարողներին: Գործարարի ահաբեկումները, որոշ տնտեսվարողների խոսքով, ազդել են պաշտոնյաների վրա, ու որպեսզի ավելորդ աղմուկից խուսափեն՝ ստիպված են եղել կոնսենսուսային որոշում կայացնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ