08 04 2019

Հեղափոխական նախաձեռնությունները ճանապարհին չորանում են․ «168 Ժամ»

Հեղափոխական նախաձեռնությունները ճանապարհին չորանում են․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հեղափոխություն» բառը Հայաստանում մի տեսակ մոդայիկ է դարձել։ Որտեղ կառավարությունն ինչ-որ բան է մտադիր անել՝ հեղափոխություն իրականացնելու խոստումների պակաս չկա։

Ուրիշ բան, թե այդ խոստումները որքանով են իրականություն դառնում։ Եթե սկզբում դրանք ոգևորում էին, հիմա սկսել են աստիճանաբար հիասթափեցնել։ Այլ կերպ, թերևս, չէր էլ կարելի պատկերացնել, որովհետև մարդիկ ոչ թե հեղափոխությունների են սպասում, այլ կոնկրետ արդյունքների։ Իսկ արդյունքներ չկան կամ շատ քիչ են։

Իշխանափոխությունից գրեթե մեկ տարի հետո Հայաստանում դժվար է մատնանշել որևէ ոլորտ, որտեղ իսկապես հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել կամ տեղի ունենում։ Գուցե մեկ տարին իսկապես քիչ ժամանակ է դրա համար, բայց այս ընթացքում անգամ նման հիմքեր չեն ստեղծվել։ Իշխանափոխության օրերին մարդկանց խոստանում էին հեղափոխական տեմպերով բարձրացնել աշխատավարձերը, ապահովել աշխատանքով, նվազեցնել ապրանքների գները, կտրուկ ավելացնել բյուջեի եկամուտները, լուծել բազմաթիվ այլ խնդիրներ։ Այս ընթացքում թեև Նիկոլ Փաշինյանը երբեմն-երբեմն հայտարարում է ինչ-ինչ աննախադեպ հաջողությունների ու ձեռքբերումների մասին, այնուհանդերձ, դրանց ազդեցությունը մարդիկ չեն զգում իրենց կենսամակարդակի վրա։ Այնպես, ինչպես հին-բարի ժամանակներում էր։ Ու հաճախ արդարացի հարց է բարձրացվում՝ ո՞ւմ են պետք այդ աննպատակ աճերը, եթե հասարակությունն անմասն է դրանցից։

Գուցե լավ է, որ այդ ձևով վարչապետը փորձում է ազդակներ հաղորդել մարդկանց ու տնտեսությանը։ Բայց դրանից երկրում սոցիալական վիճակը չի լավանում, տնտեսական գործընթացներն էլ չեն ակտիվանում։

Ընդհակառակը՝ ժամանակն անցնում է, իսկ քաղաքական հեղափոխության տնտեսական տրանսֆորմացիան տեղի չի ունենում։ Գործընթացները չպատճառաբանված երկար են ձգվում։

Պատճառն այն է, որը կառավարությունը չի կարողանում վճռականություն ցուցաբերել իր գործողություններում, շատ հաճախ կես ճանապարհից հետ է կանգնում իր մտադրություններից կամ հետաձգում է դրանց իրականացումը՝ տուրք տալով բարձրացող դժգոհություններին։ Նման օրինակները բազմաթիվ են։ Գուցե պատճառը նաև այն է, որ կառավարությունը համոզված չէ իր քայլերի ճշմարտացիության մեջ։ Եթե նույնիսկ այդպես է, ապա դա ևս չի արդարացնում այն դանդաղկոտությունը, որը կա սպասվող բարեփոխումների առումով։ Այս տեմպով կարճ ժամանակում հեղափոխական փոփոխություններ դժվար է սպասել՝ ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ՝ տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում։

Մինչ ակնկալվող տնտեսական հեղափոխության ապագան շատ բանով կապվում է Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների հետ, գրեթե 10 ամիս պահանջվեց, որպեսզի այն հասնի խորհրդարան։ Չհաշված, որ ճանապարհին բազմաթիվ նախաձեռնություններ ոչ ևս եղան։ Բայց ոչ այն պատճառով, որ փաստաթուղթը լավն էր կամ վատը, այլ այն պատճառով, որ կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Մի բան նախաձեռնում են, իսկ մի քանի օր հետո՝ հրաժարվում, որովհետև դժգոհությունների առիթ է տվել։

Խնդիրը դժգոհությունների արդարացի կամ ոչ արդարացի լինելու մեջ չէ։ Խնդիրն իրավիճակին չտիրապետելու և կառավարության անվճռականության մեջ է։

Լավ, մի՞թե հնարավոր չէ նախապես քննարկել խնդրահարույց հարցերը, փորձել համաձայնությունների գալ՝ նոր հրապարակայնացնել, թե՞ պարտադիր պետք էր մարդկանց անընդհատ լարվածության մեջ պահել։

Եթե հետո պիտի հրաժարվեին ի սկզբանե ներկայացված բազմաթիվ նախաձեռնություններից, իմաստը ո՞րն էր դրանք Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ընդհանրապես ներառելու։ Դժվար չէ դնել և համեմատել, թե ինչ է մնացել ներկայացված հեղափոխական Հարկային օրենսգրքից։ Կառավարությունը, ի վերջո, ստիպված էր ընկրկել՝ ինչպես հաշվապահական ու խորհրդատվական ընկերությունների, այնպես էլ՝ ռեստորանատերերի, բեռնափոխադրողների, գազավորված ըմպելիք արտադրողների բողոքների դեմ։

Միակ բացառությունը, թերևս, գրավատներն ու փոխանակման կետերն էին, որոնց հարցում կառավարությունը մեծ զիջումների չգնաց։ Չնայած չի բացառվում, որ այդ զիջումը տեղի ունենա խորհրդարանում։ Առաջին քայլն արդեն կարծես արված է՝ կառավարությունը պատրաստվում է գրավատներին և փոխանակման կետերին 60 անգամով բարձրացրած պետական տուրքը պարտադրել ոչ թե այս տարվա ընթացքում, այլ հաջորդ տարվա սկզբից։ Իհարկե, մեծ հաշվով դրանից շատ բան չի փոխվում։

Այս ընթացքում, թե բարձրացված դժգոհությունների ու բողոքների արդյունքում ինչ փոխվեց կամ չփոխվեց Հարկային օրենսգրքում, գուցե կարևոր է։ Բայց դրանց հետևանքով գործընթացը մի կողմից՝ անհարկի երկարեց, որը կարող էր և չլինել, մյուս կողմից՝ տնտեսությունը ևս մի քանի ամիս ստիպված է սպասել խոստացված Հարկային հեղափոխական փոփոխություններին, եթե, իհարկե, դրանք կարելի է այդպիսին համարել։ Այն, ինչը կառավարությունը հեղափոխական է համարում, երբեմն թերահավատությամբ է ընդունվում տնտեսական ոլորտի մասնակիցների կողմից։ Խոսքը մասնավորապես միկրոբիզնեսի մասին է, որտեղ արտոնություններից զատ՝ կառավարությունը նաև սահմանափակումներ է նախատեսել։

Այդ դաշտից դուրս են մնացել բազմաթիվ ոլորտներ, որոնք այսօր գործում են ընտանեկան ձեռնարկություններին ներկայացվող հարկման ռեժիմում՝ ազատված լինելով հարկերի վճարումից։ Այդպիսին են՝ խորհրդատվական, դիզայներական, մարքետինգային, գովազդային, թարգմանչական, գիտահետազոտական, բժշկական, ատամնաբուժական, ինչպես նաև՝ փորձարարական ու կոնստրուկտորական ծառայություններ մատուցողները: Միկրոբիզնեսի օրենքի ընդունումից հետո նրանց արգելվում է օգտվել ազատ հարկման ռեժիմից, ինչը նշանակում է՝ հարկային բեռի ծանրացում։

Մինչ փոքր բիզնեսի ներկայացուցիչները դժգոհ են նաև եկամտային հարկի դրույքաչափից՝ համարելով, որ այն պետք է նվազեցնել, կառավարությունը նախապատվությունը տալիս է բարձր եկամուտներ ունեցողներին։ «Մեր կառավարության ծրագրում դրված է, որ մենք խրախուսելու ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Մենք չենք ուզում պայքարել նրա համար, որ մարդը շարունակի 80 հազար դրամ աշխատավարձ ստանալ, և մենք այնպես անենք, որ նա լավ ապրի: ՀՀ-ում էժան աշխատուժ չպետք է լինի: Հայաստանում պետք է լինի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը ստանում է բարձր աշխատավարձ: Եվ մենք բարձր աշխատավարձերի դեպքում եկամտահարկն իջեցնում ենք՝ այս ուղերձը հղելու համար»,- ասում է վարչապետը։

Թե Հարկային օրենսգիրքն ինչքանով է լուծում ցածր աշխատավարձ ստացողների եկամուտների ավելացման խնդիրը, վաղուց հայտնի է։ Միկրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ այն ոչ միայն՝ ծանր բեռ է իրենց համար, այլև՝ չի լուծում աշխատավարձերը ստվերից դուրս բերելու խնդիրը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ