Կառավարության նիստում դիմելով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ շրջանակներ միլիոններ են ծախսելու լրատվական կայքերում, սոցիալական ցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիայի համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Նա հույս հայտնեց, որ ԱԱԾ-ն կկարողանա այս հարցում կոնկրետ արդյունքներ ապահովել: Վարչապետի այս հանձնարարականը մեկնաբանելու համար 168.am-ը դիմել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։
–Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հանձնարարականը։ Արդյո՞ք սա այնխնդիրն է, որով պետք է ԱԱԾ–ն զբաղվի։
– Հարցին միանշանակ կերպով դժվար է պատասխանել։ Մի կողմից՝ կեղծ լուրերի տարածումը, հայհոյանքները կարող են հանգեցնել մի իրավիճակի, որն իրոք դառնա ազգային անվտանգության խնդիր, սակայն չեմ կարծում, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի այդ խնդրով։ Դեռևս այդ վիճակը չի տիրում։ Կարծում եմ, որ ստեղծված վիճակի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Եթե վարչապետը հրապարակայնորեն սպառնում է դատավորներին, հրահանգ տալիս, որ մարդկանց ասֆալտին պառկեցնեն, որից հետո իրավապահները մարդկանց բռնում ու ասֆալտին են պառկեցնում և դա տեսանկարահանում են ու տարածում հեռուստատեսությամբ, ապա, բնականաբար, երկրում անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտ է սկսում տարածվել։ Եթե առաջին դեմքը շարունակում է սպառնալիքներով խոսել, ինչպես հենց այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, ապա օրենքի ու վեճերը դատարաններ տեղափոխելու մասին խոսելն անիմաստ է դառնում։
Սոցիալական ցանցերը լի են ֆեյքերով ու հայհոյանքներով, սակայն դրանց մասին վարչապետը նոր է սկսել խոսել։ Ինչո՞ւ։ Որովհետև մինչ այժմ ֆեյքերն ու հայհոյանքներն իրեն քննադատողների դեմ էին ուղղված, հիմա իրավիճակը փոխվում է։
Խոստացված արագ բարեփոխումներն իրականություն չեն դառնում, և այդ անհանդուրժողականության մթնոլորտն արդեն գործող իշխանության դեմ է սկսում գործել։ Այդ պատճառով էլ վարչապետը նոր է հիշել կոռեկտության ու ֆեյքերի մասին։ Բնականաբար, այս վիճակը երկար շարունակվել չի կարող, սակայն չեմ կարծում, որ ԱԱԾ-ն կարող է վիճակ փոխել։ Այստեղ միմիայն քաղաքական լուծումներ կարող են լինել։
-Մյուս կողմից՝ քիչ չեն դեպքերը, երբ այդ ֆեյքային մանիպուլյատիվ գործիքները հենց իշխանությունների ներկայացուցիչներն են կիրառում Այսպես, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի լրագրող էր մինչ իշխանափոխությունը, իսկ այժմ նաև «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնն է ներկայացնում, որոշ ժամանակ առաջ ՖԲ–ում մեկնաբանություններ էր կատարում «Մաեստրո» ֆեյք օգտատիրոջ անունից։
Դա բացահայտվեց, ու ինքն էլ չհերքեց։ Այլ օրինակ՝ՊՎԾ մամլո խոսնակ Զարուհի Մեջլումյանն իր ֆեյսբուքյան էջում, կապվածապրիլի 2-ին Եռաբլուրում կատարված գողությունների հետ, գրել էր, որ դրանք կատարվել են նախորդ իշխանությունների կողմից քաղաքական պատվերի համատեքստում, որ ստվեր գցեն ներկաների վրա։ Արդյո՞ք ֆեյքերին նախ իրշրջապատում չպետք է փնտրի վարչապետը։
– Որքան հիշում եմ, Դանիել Իոաննիսյանը տեղեկություններ էր տարածել գործող «ֆեյքերի ֆաբրիկաների» մասին, որոնց մի մասը, ըստ իր տեղեկության, «Քաղաքացիական պայմանագրի» հովանու ներքո էր գործում, կարծես նաև դրանց կոնկրետ քանակն ու համակարգողների անուններն էլ էին նշվել, սակայն ինձ այդ հարցի քաղաքական կողմն է հետաքրքրում. ինչո՞ւ են հենց հիմա հիշել ֆեյքերի մասին։ Հեղափոխական էյֆորիայի ընթացքում ֆեյքերը, ապատեղեկատվությունը և անհանդուրժողականության մթնոլորտը գործող իշխանությանը ձեռնտու էր, սակայն այժմ իրավիճակ է փոխվում, ու դա կանխատեսելի էր։ Ժամանակը գործող իշխանությունների դեմ է աշխատում։ Հանրությունը կառավարությունից կոնկրետ արդյունքներ է սպասում, սակայն դրանք այնքան էլ հուսադրող չեն, և, բնականաբար, թիրախում արդեն կառավարությունն է հայտնվում, ու ողջ բացասական էներգիան արդեն ուղղվում է իրենց դեմ։
Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ հանրային մթնոլորտը փոխվի, և այդտեղ մեծ գործ ունի անելու անձամբ Փաշինյանը՝ որպես այս իրավիճակի գլխավոր պատասխանատու։ Նա պետք է իր խոսելու ոճը փոխի, հույս ունեմ, որ մյուսները նույնպես իր օրինակին կհետևեն։
-Ժամանակին հենց սոցցանցերը հսկայական օժանդակություն ցուցաբերեցինհեղափոխությանը, և նույնիսկ վարչապետն էր նշում, որ, ի թիվս այլգործոնների, հեղափոխությունն իրականություն դարձավ նաև Ֆեյսբուքիօգնությամբ, ինչո՞ւ է այսօր նույն այդ հարթակը քարկոծվում։ Կարծում եք՝խնդիրը միայն տնտեսական ցուցանիշնե՞րն են։
– Կարծում եմ, որ տնտեսական ցուցանիշները մեծ ազդեցություն ունեն, բայց դա չէ հիմնական պատճառը։ Իշխանափոխության ժամանակ իրենց իսկ կողմից տրվել են հստակ խոստումներ, որոնցից հետո հրաժարվել են։ Մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխությունը, կուսակցությունների մասին օրենքը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումը, հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումը, հպարտ, այսինքն՝ արժանապատիվ քաղաքացի լինելու պայմանների ստեղծումը, արագ բարեփոխումները, և այլն։ Ցուցակը կարելի է երկար շարունակել։
Սակայն այդ բոլոր խոստումներից հրաժարվել են։ Խնդիրն անորոշության մթնոլորտն է։ Չկա հանրության համար կանխատեսելի մթնոլորտը, չկա փոփոխությունների նախագիծ, համարյա բոլոր պետական հաստատություններում կա դժգոհություն նոր կադրերի ոչ պրոֆեսիոնալ լինելու պատճառով։ Այս ցուցակը նույնպես կարելի է երկար թվարկել։ Անորոշության մթնոլորտը մարդկանց մոտ տագնապներ ու նյարդային մթնոլորտ է առաջացնում։ Իմ կարծիքով՝ հիմնական խնդիրն անորոշության մթնոլորտն է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը