«Հրապարակ»-ը գրում է․ «Թվում էր՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը հնարավորինս կջերմացնի հայ-ռուսական հարաբերությունները, չնայած ՆԱՏՕ-ի եւ առհասարակ Արեւմուտքի հետ հարաբերությունները վտանգելու գնով:
Բայց վերջին օրերին ռուսական մեդիահարձակումները Հայաստանի եւ ՀՀ վարչապետի ուղղությամբ, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում ոչ բարեկամական ընդունելությունը, Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինի կողմից հայկական պատվիրակությանը չընդունելը եւ այլ փաստեր վկայում են օրեցօր խորացող սառնության մասին։ Երեկ էլ կրեմլյան խոսնակներից Մոդեստ Կոլերովն ասաց, թե ՀԱՊԿ-ում Հայաստանն ունի սկանդալային ու ոչ կոնստրուկտիվ երկրի համբավ։ Նախօրեին էլ ռուսական 2 հեռուստաալիք՝ «Ռոսիա 24»-ը եւ NTV-ն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն ու նոր իշխանություններին մեղադրել քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ։ Այս մասին զրուցել ենք ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ։
- Ինչո՞ւ Հայաստանի կողմից Սիրիա առաքելություն ուղարկելու քայլը չգնահատվեց ռուսական կողմից։ Ի՞նչն է դժգոհության պատճառը։ Չէ՞ որ դրա պատճառով լարվածություն մտավ նաեւ Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններում։
- Ճիշտն ասած, Արեւմուտքի կողմից հենց Սիրիայի հարցով սառնություն չեմ նկատում, որովհետեւ Հայաստանն այնքան փոքր միավոր է նման գործերում, որ, ըստ իս, միկրոսկոպիկ նման քայլն իրենից ոչինչ չէր ներկայացնում։ Եվ դա ձեւական էր թե՛ Մոսկվայի, ե՛ւ Արեւմուտքի համար։ Այնպես որ, խորհուրդ կտայի դրա վրա չծանրանալ։ Երկրորդ․ գիտեք, Ձեր՝ Հայաստանի իշխանություններն այսօր գտնվում են շատ ծանր վիճակում, որովհետեւ նրանք՝ մտածված, աշխարհաքաղաքականությունը չխառնեցին իրենց, այսպես կոչված, հեղափոխությանը, բայց սա մի կողմից նպաստավոր էր իրենց համար, մյուս կողմից՝ վնասակար։ Նպաստավոր էր, որովհետեւ դա իրենց կողմնակիցներին ու ժողովրդին չբերեց աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցերի շուրջ երկընտրանքի, բայց բերեց որոշակիության ու հստակության, թե, ի վերջո, այս իշխանություններն արտաքին քաղաքական ինչ գիծ են վարելու։
Այսինքն՝ նրանք, փաստորեն, իրենց դրեցին ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Ռուսաստանի հետ։ Դրա համար Արեւմուտքից չստացան այն, ինչ ժամանակին ստացավ Սահակաշվիլին, եւ Ռուսաստանից էլ՝ այն, ինչ տալիս էր Ռուսաստանը նախկին իշխանություններին՝ ունենալով ջերմ հարաբերություններ Սերժ Սարգսյանի հետ։ Էլ չեմ խոսում Ռոբերտ Քոչարյանի այն արտառոց դատավարության մասին, որն այսօր ընթանում է Հայաստանում, եւ մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ բոլոր խեղաթյուրումներին։ Այս ամենը չէր կարող չստեղծել կասկածներ եւ սկեպտիկ վերաբերմունք գործող իշխանությունների նկատմամբ, հաշվի առնելով նաեւ այդ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները եւ այլն։
- Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, Հայաստանի նախագահն է եղել, ինչո՞ւ է նրա հարցը հայտնվել հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում։ Դրանից Ռուսաստանին ի՞նչ։
- Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի համար եղել է շատ վստահելի դաշնակից։ Նա ունեցել է հրաշալի հարաբերություններ ռուսական պետական-կառավարական մարմինների հետ։ Ունեցել է նաեւ անձնական նորմալ հարաբերություններ ՌԴ ղեկավարության հետ, եւ դա բնական է։ Ինչո՞ւ է Պուտինը ժամանակ առ ժամանակ ջերմ խոսքեր ասում Շրյոդերին, Բեռլուսկոնիին․ որովհետեւ պետական գործիչներն էլ մարդիկ են եւ ունեն իրենց մարդկային փոխհարաբերությունները։ Նա, որքանով ես եմ հասկանում, համարում է Ռոբերտ Քոչարյանին էֆեկտիվ ղեկավար ու վստահելի դաշնակից։ Եվ այնպես չէ, որ ինչ ուզում եք՝ արեք, ինչ անօրինականություն կարող եք անել, մանավանդ այն մարդկանց նկատմամբ, որոնց լավ ճանաչում ենք ու գիտենք։ Եվ այսօրվա դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ուղիղ հակառակն է նրա, ինչը որ ասում էր Փաշինյանը հրապարակում՝ հայտարարելով, որ ոչ մի վրեժխնդրություն չի լինելու։
Հիմա, փաստորեն, իրեն դրսեւորեց որպես փոքրիկ մի մարդ, որը եռում էր վրեժխնդրությունից այս տարիների ընթացքում եւ փորձում էր հասնել ռեւանշի։ Ինքն էր ասում, չէ՞, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ կփոխեմ կոնստիտուցիան, բայց չեմ առաջադրվի, եւ այդ երիտասարդներն էլ ինձ ասում էին՝ բա, պարոն Միհրանյան, բա ինքն էլ տղամարդու խոսք է տվել, ուրեմն չպետք է դուրս գա։ Հիմա Փաշինյանը տղամարդ չի՞, բա իրեն հարցրեք՝ բա ասել էիք՝ ոչ մի վրեժխնդրություն։ Ինքը փոքրիկ վրեժխնդրություն է անում։
- Ինքը նաեւ խոսք էր տվել Մարտի 1-ը բացահայտել։
- Հենց ինքը Մարտի 1-ի գլխավոր հերոսներից մեկն էր եւ գլխավոր պատասխանատուներից մեկն այդ արյունահեղության։
- Իսկ ինչո՞ւ հենց երեկ ռուսական լրատվամիջոցներն անդրադարձան Քոչարյանի գործին կարծես թե տեղեկատվական առիթ չկար։
- Ինչո՞ւ չկար։ Նախ, դատավարությունն ամեն օր էլ կա։ Երկրորդ․ ինքս եմ 20 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին ծանոթացրել «Ռոսիայի» գլխավոր տնօրեն Սվանիձեի հետ, որը շատ մեծ տպավորություն էր ստացել ՀՀ 2-րդ նախագահից։ Եվ Քոչարյանը, լինելով իսկապես խարիզմատիկ գործիչ եւ 98 թ․ դառնալով նախագահ, նա ուներ ե՛ւ հարգանք, ե՛ւ վերաբերմունք իր նկատմամբ, դրա համար էլ Նիկոլայ Սվանիձեն իր պարտքն է համարել անդրադառնալ այդ մարդու ճակատագրին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը