27 03 2019

ԿԳՆ-ն այն մարդը չի եղել, որ դասախոսի հեղինակություն վաստակի․ԵՊՀ ռեկտոր․«168 Ժամ»

ԿԳՆ-ն այն մարդը չի եղել, որ դասախոսի հեղինակություն վաստակի․ԵՊՀ ռեկտոր․«168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին ԳԱԱ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել, ասել է.

«Խորհուրդն է, որ պետք է նման հարցերը լուծի, մեր նախարարությունը նման լիազորություններ չունի: Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ՝ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կսկսի քննարկել։ …ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և կպատկերացնեք, թե ուր է գնում համալսարանը: Ասենք՝ ինքն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված՝ ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ ռազվարական պլանը բուհը տարել է հետընթացի»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ի պատասխան Արայիկ Հարությունյանի՝ ԵՊՀ-ն դեգրադացնելու մասին հայտարարություններին, իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ բացահայտումներ կանի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սիմոնյանը՝ ընդգծելով, որ շատ բան ունի հայտնելու, բայց ստիպված է այս փուլում զգուշավոր լինել, քանի որ գործ ունի նախաքննական փուլի հետ:

Ասում է՝ մանրամասնելու է, թե որքան հեռու է իրականությունից կրթական ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանը, և, որ չի տիրապետում իրավիճակին:

«Կխոսեմ իմ դեմ սարքված քրեական գործերի նյութերից, իմ դեմ կազմակերպվող զանազան արշավների մասին, կանդրադառնամ նաև վարչապետի օրերս արված հայտարարությանը: Բայց իմ ասելիքը ԿԳՆ Արայիկ Հարությունյանին է ուղղված… Այս ամբողջ արշավն իմ դեմ չէ ուղղված, սա ԵՊՀ ինքնավարության դեմ է իրականում, և ես ստիպված իմ դեմքով եմ պայքարում այս ամենի դեմ, քանի որ արշավն իմ անձով են ասոցիացնում»,- ասում է Արամ Սիմոնյանը:

Նա վիրավորված է ԵՊՀ-ն «դեգրադացված» որակելու՝ նախարարի հայտարարությունից ու հակադարձում է կոչով, որ նախարարը զուր հույսեր չունենա:

«Այո, դիմագրավելու եմ բոլոր ակցիաներին և չեմ պատրաստվում հրաժարական տալ: Երևանի պետական համալսարանը Հայաստանում եղել և մնում է թիվ 1 բուհը, ավելին՝ տարիներով շարունակում է առաջատարի դիքերը պահել տարածաշրջանի բուհերի առաջին եռյակում: Այնպես որ, ԵՊՀ չի դեգրադացվել, ու դրա հույսը ԿԳ նախարարը թող չունենա»,- ասում է ռեկտորը:

«ԿԳ նախարարին ես եմ համալսարան աշխատանքի ընդունել։ Ասեմ ավելին՝ իրեն էլ, իր տեղակալին էլ ինքս եմ հրաման տվել, որ դասախոսեն ԵՊՀ-ում: Նրանք երկուսն էլ այն մարդը չեն եղել, որ իրենց աշխատանքով, ձիրքով՝ որպես դասախոս, կարողանան հեղինակություն վաստակել… դեռ այնքան պիտի աշխատեն այդ անունը վաստակելու համար: Երկուսին էլ ես եմ հրամանով աշխատանքի ընդունել ԵՊՀ, այսօր զարմացած եմ՝ ինչո՞ւ են այդքան ատում ԵՊՀ-ն, որտեղի՞ց այսքան նեգատիվ իմ ու իրենց դասավանդած բուհի հանդեպ»,- տարակուսանքով հարցադրում է անում ԵՊՀ ռեկտորը՝ նկատի ունենալով նաև իր պաշտոնը նվաճելու ձգտում ունեցող ԿԳ նախկին փոխնախարար, այժմ՝ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, Ոստիկանության կողմից Արամ Սիմոնյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով: Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: Ու մինչ նախաքննությամբ պարզվում են քրգործի հանգամանքները՝ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ հարուցված քրգործի դրվագներից մեկով անցնում է նույն՝ «Իմ քայլը» իշխանական դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Վերջինս մեկ կիսամյակ բացակայել է երկրից, ու մեկ ուրիշը, ստորագրելով իր փոխարեն, աշխատավարձ է ստացել ԵՊՀ-ից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ