27 03 2019

Լոռվա «դանտիստ» մարզպետը և նրա տրամադրած ՀԴՄ «կտրոնները»․ «Հրապարակ»

Լոռվա «դանտիստ» մարզպետը և նրա  տրամադրած ՀԴՄ «կտրոնները»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք լուր էինք տպագրել, թե ինչպես է Լոռվա ատամնաբույժ մարզպետը մտել խանութներից մեկը եւ ՀԴՄ կտրոն չստանալով Հարկայինին հրավիրել, իսկ խանութի սեփականատերը հակադարձել է ․ «Մարզպետ ջան, համաձայն եմ՝ խախտում ենք արել, բայց որ մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր»։ Առավոտյան վաղ «Հայկական ժամանակը» փորձել էր հերքել մեր հրապարակումը եւ մամուլի ամենավատ ավանդույթների ոճով՝ անմիջապես կապվել էր պատմության հերոսների՝ խանութի սեփականատիրոջ եւ մարզպետի հետ․ «Ճի՞շտ է, որ դուք․․․»։ Ի դեպ, մենք, որպես կանոն, հրաժարվում ենք տպագրել այլ լրատվամիջոցների հրապարակումների հերքումները, որոնք բերում են մեր խմբագրություն, դա համարում ենք էթիկայի նորմերի խախտում եւ առաջարկում ենք հերքումը տանել եւ տպագրել բուն նյութը հրապարակած լրատվամիջոցում։ Բայց, հասկանում ենք, որ իշխանական լրատվամիջոցներն այլ սկզբունքներով են գործում։

Ինչեւէ, բնականաբար, պատմության մասնակիցները ջերմեռանդորեն հերքել են մեր լուրը, իսկ խանութի տերն անգամ առաջարկել է՝ կնոջ ատամները լուսանկարել՝ որպես հարյուր տոկոսանոց ապացույց, որ մեր հրապարակումը սխալ է։ Անշուշտ չի բացառվում, որ մենք սխալվել ենք մանրուքների մեջ, ասենք, խանութի անունն այլ է, կամ՝ ոչ թե սեփականատիրոջ կնոջ, այլ քրոջ ատամներն է ժամանակին սարքել մարզպետը։ Իսկ առավել հավանական է, որ խանութի տերն ուղղակի վախեցել է մարզպետի զայրույթը հարուցել եւ սեփական նախաձեռնությամբ, կամ՝ մարզպետի խնդրանքով, հերքել է այս լուրը։ Բայց հարցը դա չէ, այլ այն, որ նախ, Վանաձորում բոլորը գիտեն այս պատմությունը, երկրորդ՝ ՀԴՄ կտրոն չխփելը արտառոց բան չէ, այլ շատ սովորական երեւույթ, հատկապես Վանաձորի խանութներում եւ երրորդ՝ ատամնաբույժներն էլ, որպես կանոն, ՀԴՄ կտրոն չեն տալիս, այդ թվում՝ չի տվել դանտիստ մարզպետն իր ատամնաբուժարանում, այնպես որ իրարանցման եւ հերքում տպագրելու իմաստը չի հասկացվում։ Եւ ամենակարեւորը՝ մենք փորձեցինք չորրորդ աղբյուրից ճշտել մեր տեղեկատվությունը՝ պարզապես համոզված լինելու համար, որ չենք սխալվել անգամ մանրուքներում։ Եւ Վանաձորյան պաշտոնյաներից մեկը քիչ առաջ մեր գրավոր հարցին այսպիսի պատասխան ուղարկեց, որը տպագրում ենք առանց միջամտության․

«Նախ ասեմ, որ մեր дантист մարզպետը շատ խանութներ է մտել և պահանջել ՀԴՄ-կտրոն, <իսկ որտեղ էր ինքը՝ մինչ իշխանափոխությունը>․․․ դրանցից մեկը նաև եղել է ՈՍԿՅԱ կոչվող խանութը, որտեղ ևս պահանջել է կտրոն: Խանութի սեփականատերերն են հանդիսանում <ՍԵՐԺՈ-ՍԱՄՈ> այսպես կոչված Վանաձորում եղբայրները, բայց իմ տեղեկություններով այդ դեպքը տեղի է ունեցել <VITAMIN> կոչվող խանութում, որը տնօրինում է <ՇՈՒԼՈ> մակամվամբ և Վանաձորում ոչ այդքան հայտնի անձնավորությունը: Ինձ թվում է, որ հերքումը ՍՈՒՏ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ