26 03 2019

Բյուջեի եկամուտները 3,3 մլրդ դրամով պակասել են․ «168 Ժամ»

Բյուջեի եկամուտները 3,3 մլրդ դրամով պակասել են․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Պետեկամուտների կոմիտեի նախագահը ժամանակից շուտ շտապեց հայտարարել, որ այս տարվա բյուջեի հարկային եկամուտների առաջին եռամսյակի պլանն ամբողջությամբ կատարվել է։ Ավելին, նա չբացառեց, որ այն նույնիսկ կարող է գերակատարվել։

Այս հայտարարությունը Դավիթ Անանյանն արեց մարտի 21-ին, երբ դեռևս 10 օր կա  եռամսյակն ավարտելու համար։ Սա տարօրինակ էր այնքանով, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը սովորաբար ժամանակից շուտ խուսափում է տվյալներ հայտնել բյուջեի հարկային մուտքերի վերաբերյալ։ Բայց այս անգամ Դավիթ Անանյանը շտապեց դա անել, որի համար հավանաբար պատճառներ ուներ։ Այդպիսով` ՊԵԿ նախագահը, ըստ էության, փորձեց մեղմել փետրվարին արձանագրված ոչ բարձր կատարողականի հնարավոր քննադատությունները։

Թեև դրանով խնդիրները չեն վերանում։ Քանի դեռ տնտեսության իրական զարգացումներ նկատելի չեն` հարկերի հավաքման առումով առաջիկայում կարող ենք բախվել շատ ավելի լուրջ բարդությունների։ Դրա նշաններն արդեն առկա են։

Փետրվարին բյուջեի մուտքերը ոչ միայն չեն ավելացել, այլև նույնիսկ նվազել են։ Եթե անցած տարվա նույն ամսին պետական գանձարան հաշվեգրված հարկային եկամուտների ու պետտուրքերի գումարը կազմել էր ավելի քան 89,9 միլիարդ, ապա այս տարի եղել է շուրջ 86,6 մլրդ դրամ։

Այլ կերպ ասած` բյուջեի եկամուտները փետրվարին 3,3 մլրդ դրամով կամ շուրջ 4 տոկոսով պակասել են։ Եվ սա՝ այն դեպքում, երբ հունվարին Պետեկամուտների կոմիտեն ներկայացրել էր անցած տարվա համեմատ մուտքերի ռեկորդային աճ` ավելի քան 87 տոկոս։ Նման կտրուկ փոփոխություններն արդեն իսկ տարօրինակ են։

Հունվարի բարձր աճից հետո փետրվարին բյուջեի հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են գրեթե բոլոր հիմնական հարկատեսակների գծով։ Առանձին դեպքերում տարբերությունը հսկայական է։

Մասնավորապես` ԱԱՀ գծով պակաս է ստացվել շուրջ 3,2 միլիարդ, շահութահարկի գծով` 8,7 միլիարդ, եկամտային հարկի գծով` 13,1 միլիարդ, շրջանառության հարկի գծով` 4,7 մլրդ դրամ։

Եթե անցած տարվա փետրվարին հավաքվել էր 42 մլրդ դրամ ԱԱՀ, ապա այս տարի այն կազմել է 38,8 միլիարդ։ Տխուր պատկեր է շահութահարկի գծով։ 2018թ. փետրվարին այս հարկատեսակի մուտքերը գերազանցել էին 10,8 միլիարդը, մինչդեռ այս տարի կազմել են ընդամենը 2,2 մլրդ դրամ։

Տարբերությունը մեծ է նաև եկամտային հարկի գծով` նախորդ տարվա 39,7 միլիարդի դիմաց՝ 2019թ. փետրվարին հավաքվել է 26,7 մլրդ դրամի եկամտային հարկ։ Այսինքն` մուտքերը պակաս են եղել գրեթե 50 տոկոսով։ Եվ սա՝ այն դեպքում, երբ հայտարարվում է ստվերից դուրս եկած կամ հայտարարագրված մի քանի տասնյակ հազար նոր աշխատողների մասին։

Շրջանառության հարկի մուտքերն այս տարվա փետվարին կազմել են 482 մլն դրամ։ 2018թ. դրանք գերազանցել էին 5,1 միլիարդը։ Սա ինչ-որ առումով հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ շրջանառության հարկի հաշվետվությունները ներկայացվում են եռամսյակային պարբերականությամբ, և ամսական վճարումների համամասնությունների հետ կապված որոշակի փոփոխություններ կարող են լինել։

Իհարկե, սա ամբողջ պատկերը չէ։ Հարկային մուտքերի տարբերությունը սարսափելի մեծ կլինի, եթե հաշվի առնենք ևս մեկ կարևոր գործոն. ի տարբերություն նախորդ տարվա, 2019թ., կարելի է ասել, դադարեցվել է անցումային գերավճարների վերադարձը։ Դատելով Պետեկամուտների կոմիտեի հրապարակած ցուցանիշներից` այդ գծով տնտեսվարողներին գրեթե ոչինչ չի վերադարձվել։

Նշենք, որ անցած տարվա փետրվարին բյուջեի անցումային գերավճարները կազմել էին ավելի քան 27,3 մլրդ դրամ։ Դա այն գումարն է, որն արտահանման ժամանակ գանձվում է տնտեսվարողներից՝ որպես ԱԱՀ, իսկ հետո վերադարձվում է։ Սա օրենքով ամրագրված նորմ է, որի հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են։ Տնտեսվարողները մշտապես դժգոհել են, որ ԱԱՀ գերավճարները ժամանակին հետ չեն վերադարձվում։

Այդ խնդիրն ինչ-որ չափով կարծես կարգավորվեց անցած տարվա սկզբին։ Հունվար-փետրվար ամիսներին վերադարձվեց 53,7 մլրդ դրամի ԱԱՀ գերավճար։ Հետագայում, սակայն, այդ գործընթացը գրեթե կանգ առավ։

Նույնը տեղի է ունենում նաև այս տարվա սկզբին։ Երկու ամսում տնտեսվարողներին է վերադարձվել ընդամենը 58 մլն դրամ, անցած տարվա նույն ժամանակահատվածի 53,7 միլիարդի դիմաց, ինչն էլ արտաքուստ հանգեցրել է անցած տարվա համեմատ մուտքերի ավելի բարձր կատարողականի։

Բերենք մի մեջբերում 2019թ. պետական բյուջեի հունվար ամսվա (փետրվար դեռևս չի հրապարակվել) կատարման վերաբերյալ Ֆինանսների նախարարության հաշվետվությունից` «2019թ. հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել  շուրջ 101,9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 35,7 տոկոսը։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 87,1 տոկոսով կամ 47,4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է տնտեսվարողների հարկային հաշվետվություններով չհիմնավորված կանխավճարների (գերավճարների)  վերադարձի ու դրանց հաշվին հարկային պարտավորությունների հետ հաշվանցման գումարների էական նվազմամբ, որոնք կազմել են 35,3 մլն դրամ` նախորդ տարվա 26,4 մլրդ դրամի դիմաց»։

Սա, ըստ էության, նշանակում է, որ կասեցվել է ԱԱՀ գերավճարների վերադարձը։ Բայց որքան էլ հրապարակված ցուցանիշներն այդպիսի տպավորություն են թողնում, այնուհանդերձ թվում է, թե այստեղ ինչ-որ բան այնպես չէ։

Ինչևէ, թե ո՞րն է անցումային գերավճարների հետվերադարձի նման կտրուկ նվազման պատճառը, հայտնի չէ։ Բայց, որ դա հնարավորություն է տվել հարկային մուտքերի էապես այլ պատկեր ներկայացնել, միանշանակ է։

Հակառակ պարագայում կստացվեր, որ փետրվարին՝ նախորդ տարվա համեմատ, պակաս է հավաքվել ոչ թե 3,3 միլիարդ, այլ ավելի քան 30 մլրդ դրամ` ներառյալ նաև անցումային գերավճարների գծով տնտեսվարողներին վերադարձված գումարները։

Հավանաբար նաև դա է պատճառը, որ Պետեկամուտների կոմիտեն 2019թ. սկզբից դադարել է հարկային եկամուտների փոփոխությունները ներկայացնել նաև անցած տարվա համեմատության մեջ։ Խնդիրը գուցե նրանում է, որ դրանք համադրելի չեն, կամ համադրելու դեպքում կստացվեր, որ բազմաթիվ հարկատեսակների գծով մուտքերը կտրուկ պակասել են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ