«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից երկու անգամ «վտարված» պաշտոնյային կառավարությունում պաշտոն են տվել: Արսեն Մանուկյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի կողմից աշխատանքից ազատված կադրին հեղափոխությունից հետո պետական համակարգ վերադարձրեց նույն ոլորտի համակարգող նշանակված Մանե Թանդիլյանը։ Այդ ժամանակ Արսեն Մանուկյանը դարձավ նախարարի առաջին տեղակալ:
Իսկ Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո նա հասցրեց նույնիսկ մի քանի ամիս նախարարի լիազորությունները կատարել:
Համակարգ վերադարձած Մանուկյանը, ինչպես ներսում են պատմում, այդ կարճ շրջանն առավելապես օգտագործել է իր բարձր նպատակների համար:
Ըստ համակարգի ներկայացուցիչների՝ աշխատակազմում ներքին բախումներ հրահրելով, կառավարությունում սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատանքը նսեմացնելով, նախկին նախարարներին սևացնելով՝ ջանացել է, որ իրեն նախարարի պոտենցիալ թեկնածու դիտարկեն: Բայց հետագայում Արսեն Մանուկյանի քաղաքական հոտառությունը դավաճանեց իրեն, ոլորտի նախարար նշանակվեց մյուս փոխնախարար Զառա Բաթոյանը:
Ի դեպ, Զառա Բաթոյանն այդպես էլ չներեց ինքնառաջադրվող գործընկերոջը, ու առաջին քայլը, որ արեց նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, հենց նրանից ազատվելու որոշումով եղավ: Նախկին նախարար Թանդիլյանի կադրից ազատվելու Զառա Բաթոյանի խիզախ քայլը նախարարության ներսում շատ բարձր էր գնահատվել, ասում են՝ Արսեն Մանուկյանին ներսում այդպես էլ չընկալեցին՝ որպես գործընկեր:
Իսկ Արսեն Մանուկյանի կենսագրության մեջ սա արդեն երկրորդ դեպքն էր, որ նույն նախարարությունում նախարարն ազատվում է իրենից: Նախկին իշխանության օրոք նախարար Արտեմ Ասատրյանի նախաձեռնած ազատման հրամանի պատճառների մասին այսպես են հիշում նախարարության հնաբնակները:
«Լավ ենք հիշում, թե ինչպես տարիներ առաջ Արսեն Մանուկյանից ազատվելու համար նախարարը հարկադրված եղավ մի ամբողջ իրավաբանական բաժին լուծարել, որ վատություն չանի Մանուկյանին, իսկ նա այդ ժամանակ նախարարության իրավաբանական բաժնի պետն էր, աշխատանքի մեջ փայլել չկարողացավ: Արտեմ Ասատրյանը ստիպված կառուցվածքային փոփոխության գնաց՝ լուծարելով իրավաբանական բաժինը, և որոշ ժամանակ անց վերականգնեց կրկին, բայց արդեն՝ առանց այդ մասնագետի»,- 168.am-ի հետ զրույցում պատմում են Մանուկյանի նախկին գործընկերները:
Պարզվում է՝ այս երկու ազատումները խոր հետք են թողել նախկին փոխնախարարի մոտ: Աշխատակազմում ենթադրում են, որ համակարգում այդպես էլ չմարսված պաշտոնյան այսօր վրեժ է լուծում իրենցից՝ կառավարության ավելի բարձր օղակից տված հրահանգներով:
Ճիշտ մեկ ամիս առաջ փոխվարչապետի օգնական նշանակված Արսեն Մանուկյանն արդեն մի քանի անգամ հասցրել է նախկին կոլեգաներին հասկացնել, որ իրենց տեղերում չեն, լավ չեն աշխատում: Զավեշտալին այն է, որ նրա վերջին կոշտ դիտարկումը վերաբերել է անապահովության համակարգի գնահատումների թերի գործին, ինչը, փաստորեն, հենց իր պարտականությունն է եղել փոխնախարար եղած շրջանում: Բանն այն է, որ այս ոլորտում 2012 թվականից ներդրվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի համաֆինանսավորող համաշխարհային բանկը գրություններով վերջերս հասկացրել է, որ թերանում եք, աշխատանքը կանգ է առել, փոխվարչապետի խորհրդական դարձած Արսեն Մանուկյանն էլ «հորդուբորդով» դիմել է նախարարությանը՝ մոռանալով, որ ինքն իր չարած գործի համար ուրիշին է մեղադրում: Նախարարությունում նեղսրտած են նախկին փոխնախարարի վերաբերմունքից և մտադիր են Զառա Բաթոյանի միջոցով հասկացնել կառավարությանը, թե ում հետ է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործ բռնել:
Մի կարևոր հանգամանք ևս. Արսեն Մանուկյանը նախարարի պարտականությունները կատարելու կարճ շրջանում միջանձնային կոնֆլիկտներ հրահրելուց բացի՝ հասցրել է նաև դատական գործընթացում հայտնվել: Մասնագիտությամբ իրավաբան նախկին փոխնախարարին մեղադրում են նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի աշխատակցին անձնական մոտիվացիայով նկատողություն տալու և մեկի նկատմամբ ապօրինի հրաման արձակելու մեջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը