«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն ավարտել է 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը` սահմանադրական կարգը տապալելու դրվագով: Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովին եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանին: Նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել այս գործով որպես վկա, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի ցուցմունքը: Թոխյանը եղել է ՍԴ-ում նախագահական ընտրությունների դիմումը ներկայացնող դատավորներից մեկը, եւ դրանով է պայմանավորված հենց նրան հարցաքննելը:
«1997թ. սեպտեմբերից մինչեւ օրս հանդիսանում եմ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ: 2008թ. մարտի սկզբներին ՀՀ սահմանադրական դատարանը, հանրապետության նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա, քննության էր առնում ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը: Ընդ որում, սկզբից Սահմանադրական դատարանում ստացվել եւ վարույթ էր ընդունվել Տիգրան Կարապետյանի դիմումը, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը, եւ այդ երկու գործերը միացրեցին մեկ վարույթում: Գործով նշանակվել են երեք զեկուցող դատավորները` Հենրիկ Դանիելյանը, Հրանտ Նազարյանը եւ ես:
Նկատի ունենալով, որ, ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն, ես չեմ կարող վկայություն տալ այն գործով, որով հանդիսացել եմ դատավոր, ուստի այժմ այդ գործի քննության մանրամասների վերաբերյալ ոչինչ հայտնել չեմ կարող, բացի նրանից, որ 2008թ. մարտի 8-ին կայացվել է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 756 որոշումը, որով ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ ԿԸՀ-ի որոշումը թողնվել է անփոփոխ, եւ այդ որոշման կայացմանը մասնակցել եմ նաեւ ես: Ցանկանում եմ նշել նաեւ, որ ՀՀ ՍԴ անդամներից որոշման կայացմանը չի մասնակցել միայն Վալերի Պողոսյանը: Նրա ներկա չլինելու պատճառը այժմ չեմ հիշում:
ՀՔԾ քննիչի հարց. 2008թ. մարտի 1-10-ի դրությամբ ովքե՞ր են հանդիսացել ՀՀ ՍԴ անդամները:
Պատասխան. 2008թ. դրությամբ ՀՀ ՍԴ նախագահն էր Գագիկ Հարությունյանը, իսկ անդամներն էին ես, Կիմ Բալայանը, Հենրիկ Դանիելյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը Զինավոր Ղուկասյանը, Հրանտ Նազարյանը եւ Ռաֆայել Պապայանը: Նրանցից երեքը` Հենրիկ Դանիելյանը, Զինավոր Ղուկասյանը եւ Ռաֆայել Պապայանը, ներկայումս հանգուցյալ են:
ՀՔԾ քննիչի հարց. Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը 2008թ. մարտի 7-ին պետքարտուղարություն է ուղարկել մի փաստաթուղթ, որը կազմվել է վերջինիս եւ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հետ: Նախօրեին` 2008թ. մարտի 6-ին կայացած խորհրդապահական հանդիպման արդյունքներով նշված փաստաթուղթը հրապարակվել է «Վիքիլիքս» միջազգային կազմակերպության կողմից: Նշված փաստաթղթում առկա է տեղեկատվություն այն մասին, որ կանխորոշելով 2008թ. փետրվարի 19-ին նախագահական հարցով նույն թվականի մարտի 8-ին ակնկալվող ՀՀ ՍԴ վճռի ճակատագիրը` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախագահի աշխատակազմը ճնշումներ են բանեցրել ՀՀ ՍԴ անդամների վրա, որպեսզի ՀՀ ՍԴ-ն, հօգուտ Լեւոն Տեր-Պերտոսյանի, որոշում չկայացնի: Ի՞նչ կարող եք հայտնել այս կապակցությամբ:
ՍԴ անդամի պատասխան. Նման տեղեկություններ ես չունեմ: Ես կարող եմ ասել իմ մասով, որ կոնկրետ իմ նկատմամբ որեւէ ճնշումներ չեն եղել: Նաեւ փորձ չի արվել ինձ վրա ճնշում գործադրելու ո՛չ այդ, ո՛չ էլ որեւէ այլ գործով: Ցանկանում եմ նշել նաեւ, որ ՀՀ ՍԴ անդամներից ես եղել եմ այն դատավորը, որը բոլորից շատ հատուկ կարծիք է ունեցել եւ պաշտոնապես ներկայացրել: Ինչ վերաբերում է կոնկրետ գործին, ապա նման բնույթի գործերով չի թույլատրվում հատուկ կարծիք ներկայացել, բացի այդ, ես իմ որոշումը կայացել եմ առկա ապացույցների հիման վրա եւ այլ կարծիք չեմ ունեցել:
ՀՔԾ քննիչի հարցը. Քրեական գործով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՍԴ որոշ անդամներ այդ օրերին` մինչ որոշում ընդունելը, կանչվել են ՀՀ նախագահի նստավայր: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին: Ովքե՞ր են եղել այդ դատավոները:
Պատասխան. Այդ մասին ես լսում եմ առաջին անգամ: Տեղյակ չեմ, թե ում են կանչել, կոնկրետ ինձ չեն կանչել ՀՀ նախագաի նստավայր, չեմ էլ լսել, որ ուրիշներին կանչած լինեն:
ՀՔԾ քննիչի հարցը. ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը Ձեզ երբեւիցե պատմե՞լ է արդյոք իրեն ՀՀ նախագահի աշխատակազմ կանչելու, իր նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին:
Պատասխան– Չեմ հիշում, որ նման բան պատմած լինի: Ցանկանում եմ նշել նաեւ, որ շուրջ 2 ամիս առաջ ծանր վիրահատություն եմ տարել սրտի շունտավորման հետ կապված, 6 ժամ եղել եմ նարկոզի տակ: Բնական է, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունեմ եւ 10 տարվա վաղեմություն ունեցող շատ հանգամանքներ հիմա չեմ հիշում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը