16 03 2019

«Սև ամպեր»՝ Արսեն Թորոսյանի գլխին․ կազատե՞ն պաշտոնից․ «Փաստ»

«Սև ամպեր»՝ Արսեն Թորոսյանի գլխին․ կազատե՞ն պաշտոնից․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերի քննարկումների հիմնական «հերոսներից» մեկը դարձյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանը թիրախավորվել է հենց ՀՀ իշխանությունների «դաբրոյով», քանի որ նա վերջին շրջանում, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, բավականին «պոպուլյարություն» էր ձեռք բերել հանրության եւ հատկապես առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում: 

Տեղեկատվական տոտալ գրոհներն ավելի սրվեցին անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետի հետ տեղի ունեցած «բախումից» հետո, երբ Թորոսյանը «հանդգնեց» հակադրվել կառավարության ղեկավարի մոտեցմանը եւ ներկայացրեց սեփական պնդումները:

Ու թեեւ դա ներկայացվեց որպես իրական ժողովրդավարության նմուշ եւ դրական օրինակ, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր է տարել, որ իրեն կարող է ինչ-որ մեկը հակաճառել, այն էլ՝ իր ենթականերից մեկը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Թորոսյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում, եւ նրա շուրջ օղակը գնալով սեղմվում է:

Ասվածի եւս մեկ ապացույց է այն փաստը, որ նախօրեին Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց Թորոսյանի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանի դեմ, ով մեղադրվում է կաշառակերության մեջ: Նշենք, որ Վանեսյանը բոլորովին վերջերս իր դիմումի համաձայն ազատվել էր Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից:

Ի դեպ, այս համատեքստում շատ ուշագրավ էր Թորոսյանի՝ օրերս Վիեննայից արած ֆեյսբուքյան գրառումը, թե՝ «իմ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում»։ 

Մեր աղբյուրի պնդմամբ, փորձ է արվում Թորոսյանին կարգի հրավիրել, որ «չափերից դուրս չգա», իսկ եթե չստացվի, կարող են եւ հանգիստ հրաժեշտ տալ նրան, առավել եւս, որ ըստ խոսակցությունների, այդ պաշտոնին ձգտողների պակաս չկա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ