15 03 2019

Մի կարևոր «բայց», որը մոռանում են նորելուկ հեղափոխականները․ «Հրապարակ»

Մի կարևոր «բայց», որը մոռանում են նորելուկ հեղափոխականները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երկրի զարգացումը կասեցրած նախկին իշխանավորներին հեռացրած եւ հեղափոխություն իրականացրած հասարակությունը, իհարկե, երկու ձեռքով կողմ է, որ երկրում կարգուկանոն հաստատվի։ Այո, Երեւանի փողոցներում չպետք է միրգ ու ձուկ վաճառեն, դրա համար կան խանութներ ու շուկաներ։ Այո, ողջ աշխարհում ծխելը չի խրախուսվում, եւ մենք էլ պետք է պայքարենք ծխելու դեմ ու պաշտպանենք չծխողների իրավունքները։

Իհարկե, ավտոբուսների ու տաքսիների վարորդները պետք է կոկիկ տեսք ունենան եւ հարգալից լինեն ուղեւորների հանդեպ, անգամ եթե տրանսպորտային միջոցի մեջ տեսախցիկ տեղադրված չէ։ Թատրոնների մի մասն էլ կարող է պետական չլինել եւ պետբյուջեից ֆինանսավորում չստանալ՝ արվեստը նաեւ պետք է ինքնածախսածածկող լինի, ինչպես մամուլը, որոնք նաեւ բիզնես-ձեռնարկներ են եւ եկամուտ պետք է ունենան ու այդ եկամտից հարկեր վճարեն։ Այգիներն էլ, անպայման, պետք է կանաչապատ լինեն եւ կառույցներով չծանրաբեռնված։ Այս բոլորի դեմ ոչ մի ողջամիտ մարդ չի կարող առարկել։

Բայց կա մի կարեւոր «բայց», որը մոռանում են նորելուկ հեղափոխականները։ Մեր երկրում բիզնես անողների, ծխողների, վարորդների, սրճարաններում աշխատողների, ուսուցիչների, բժիշկների՝ բոլորի, կենսամակարդակը ցածր է, կյանքի ու աշխատանքի պայմանները՝ անմխիթար, հոգեկան աշխարհը եւ առողջական վիճակը՝ խաթարված։ Չի կարելի երկրում ապրող շարքային քաղաքացիների, բոլոր մարդկանց կենսապայմանները միանգամից, գրչի մեկ հարվածով վատացնել, նրանց ապրելու եւ աշխատելու համար անբարենպաստ միջավայր ստեղծել, սթրեսի ենթարկել եւ բնական ու արհեստական խոչընդոտներ ստեղծել։ Դրա համար չենք մենք հեղափոխություն արել եւ նախկիններին վռնդել, որ մեր կյանքը դառնա անտանելի։ Արել ենք երջանիկ, խաղաղ եւ բարեկեցիկ ապրելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ