09 03 2019

Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ․ «168 Ժամ»

Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար տխուր ժամանակներ են: Կարդացեք մեր լրատվամիջոցների տնտեսական լուրերը և կհամոզվեք: Լուրերի առնվազն կեսը խիստ միջնորդավորված կապ ունեն մեր տնտեսության ու կենցաղի հետ: Նավթի համաշխարհային գների տատանումը, հնարավոր է, որ աղերս ունի: Բայց նման պնդում դժվար է անել եվրոպական ու ամերիկյան տնտեսական գիգանտների ու պարզապես հայտնի ընկերությունների մասին կարևոր (ու ոչ այնքան) լուրերի մասին: Պատճառը հավանաբար այն հասարակական-քաղաքական իրավիճակն է, որում հայտնվել ենք բոլորս: Տնտեսական կյանքում «պաուզայի» կոճակ է սեղմված:

Փոխարենը՝ հասարակական-քաղաքական կյանքը եռում է՝ «Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ» կարգախոսի հանգույն: Տպավորություն է, որ մեր նոր իշխանություններն ամեն օր աշխատանքի գալուց հետո տառապում են՝ փորձելով գտնել «ի՞նչ անել» հարցի պատասխանը: Ենթադրում եմ, որ նրանց մեծ մասն ազնիվ ու նվիրված մարդիկ են: Հետևաբար՝ չեն ուզում առանց աշխատանքի աշխատավարձ ստանալ:

Գործադիր ու օրենսդիր թևերում հայտնված՝ փորձում են զբաղմունք գտնել: Նման զբաղմունք է, ասենք, հարկային, աշխատանքային, ընտրական (և այլն) օրենսդրության մշակումը: Բայց դա ծանր, երկարատև ու, որ ավելի կարևոր է` լայն հասարակության համար աննկատ աշխատանք է: Հետևաբար՝ մտածում-մտածում ու առաջարկում են փոխել, ասենք, դպրոցի տնօրեններին: (Կրկնում եմ՝ կրթական համակարգը բարեփոխելը, ծանր, երկարատև, լայն հասարակության համար աննկատ զբաղմունք է): Ու լայնորեն սկսում է իրագործվել «Փոխենք տնօրեններին» կարգախոսը:

Հատկապես, որ տնօրենների նկատելի մասն իսկապես մեղքեր ունի: Բայց ոչ մեկին չի հետաքրքրում, որ երկրում առնվազն 1400 դպրոց կա: Նոր տնօրեններն էլ որոշակի փորձ ու հմտություն ունեցող մարդիկ պիտի լինեն` այդքան տնօրենացու գտնելը հեշտ խնդիր չէ:

Մի կողմ թողնենք, որ ՊԵԿ-ի առայժմ կիսատ-պռատ հրապարակվող կոռուպցիոն «պատահարը» հակառակի պես ապացուցեց` եթե համակարգը չես փոխում, ապա նոր նշանակված պաշտոնյան շատ արագ վերաճում է իր նախորդի կրկնօրինակի: Բայց դա չէ կարևորը. նոր պաշտոնյան հաջորդ օրը կրկին գալիս է աշխատանքի ու նորից բախվում «ի՞նչ անել» հարցին: Կրկնում եմ` մարդը ազնիվ է, նվիրված ու գիտի, որ երեկոյան ընկեր ու բարեկամ հարցնելու են՝ «ի՞նչ արեցիր այսօր»: Հո չի՞ ասելու, որ օրենսգրքի նոր փաթեթում երկու հոդվածի առաջարկություն է գրել:

Շրջապատի հետ զրույցի թեմա է պետք: Հակառակի պես՝ աղմկոտ ձերբակալություններն էլ ավարտվել են: Հետևաբար՝ երեկոյան ընկեր ու բարեկամին պատասխան ունենալու համար պետք է փոփոխության նոր ծրագիր: Օրինակ, «եկեք փոխենք դրոշ, գյուղապետ, հիմն» (հիմնի փոփոխության ծրագիրը կարելի է երկու փուլով առաջարկել` խոսքերը՝ առանձին, երաժշտությունը՝ առանձին): Այդպես կարելի է մի քանի օրվա զբաղմունք գտնել: Բայց հակառակի պես՝ գյուղապետերի փոփոխության ծրագիրը չտվեց սպասված արդյունքները: Բարեհունչ անուն ունեցող մի գյուղի ղեկավար՝ անսալով վարչապետի հորդորին, հրաժարական տվեց, ապա առաջադրվեց ու հաղթեց: Հետո մի քանի օր կառավարության շենքի դիմացի մայթով անցնել հնարավոր չէր` պարտված (բայց նոր ուժի համակիր) թեկնածուն համախոհների հետ միտինգ էր անում: Նրանք, հավանաբար, նոր ու պերմանենտ ընտրություններ էին պահանջում իրենց առաձին վերցրած համայնքի համար:

Միտինգավորներին ընդունել-լսելը մի քանի օրվա զբաղմունք էր գործադիրի մի քանի աշխատակցի համար: Բայց ընդամենը մի քանիսի: Մյուսների համար «ի՞նչ անել, էլ ի՞նչ անել» հարցը շարունակում է մնալ հեգեմոն: Մի քանի օր կարելի էր զբաղվել լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օրինականության պարզաբանմամբ: Հետո ասել, որ լրատվամիջոցները ստացած ծանուցումը ճիշտ չեն հասկացել:

Ապա կարելի է հասարակական քննարկման թեմա դարձնել մշակութային ՊՈԱԿ-ների միավորման հարցը, ապա ասել, որ այն վերջնական չէ: Բայց դե զբաղմունք է` ցերեկը տպագիր լրատվամիջոցներն են հարցազրույց խնդրում, երեկոյան` հեռուստատեսությունները:

Հենց հետաքրքրությունը մարի, կարելի է առաջարկել վերանայել ազգային ու պետական տոնացույցերը: Ընդ որում՝ առանձին-առանձին: Հատկապես հարկավոր է լրացուցիչ վճարովի ոչ աշխատանքային օրվա խոստումը: Բոլորովին կարևոր չէ, թե ինչի համար: Բոլորին դուր կգա` և՛ աշխատանք ունեցողներին, և՛ գործազուրկներին: Ոչինչ, որ մեր պետական տոները մի քիչ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը: Ոչինչ, որ վարչապետն անդադար աշխատելու անհրաժեշտության մասին է խոսում: Ոչինչ, որ պաշտոնապես 20 տոկոսանոց գործազրկություն ունենք (մենք հո գիտենք, որ այդ թիվն իրական չէ, ու ճաշակի հարց է ոչ միայն այն, թե որքան է շեղվում իրականությունից, այլ այն, թե որ ուղղությամբ է շեղվում): Ի վերջո, շնորհիվ գերմանացի սոցիալ-դեմոկրատ Բերնշտեյնի՝ գիտենք, որ՝ «շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ»:

Ու ինչպես կասեր մեր քայլող դասականը՝ «Գործի ենք գցել մեր շարժիչը/ու շարժվում ենք գիշեր ու զոր»:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում բոլորից. ովքեր վիրավորվեցին գիրս ընթերցելիս: Ներողություն: Բայց ես իսկապես առայժմ կարծում եմ, որ նոր գործիչների գոնե մի մասն ազնիվ է ու նվիրված` «քամու աշխատանք» հիշեցնող իրենց ձեռնարկներում: Նրանք առաջին սերունդը չեն, ում չի հաջողվում հեղափոխական փառապանծ առօրյայից անցնել միապաղաղ աշխատանքային առօրյայի: Եթե ձևափոխենք մեր մեկ այլ դասական նախադասություն, կասենք՝ «Պատմական օրերի հիշողությունները խնամք չեն պահանջում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ