«Փաստ»-ը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանն օրերս հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, որ համբերության բաժակն արդեն լցվում է, ու դա կարող է հանգեցնել նրան, որ մի խումբ քաղաքացիներ պարտադրեն ապստամբության իրավունքի ճանաչում: Գրառման առիթը ՊՊԾ գնդի գործով դեռևս անազատության մեջ գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին ազատ չարձակելու խնդիրն է, որի պատասխանատվությունն, ըստ Սեֆիլյանի, իշխանությունների վրա է:
Սեֆիլյանի հայտարարությունը, մասնավորապես ապստամբության իրավունքի ճանաչումը պարտադրելու ձևակերպումը վերջին օրերին մեկնաբանվում է առավել սուր երանգներով: Սեֆիլյանի հայտարարությունն առավելապես ներկայացվում է որպես վերջնագիր իշխանությանը, որի չկատարման դեպքում կլինի ապստամբություն: Սա էլ իր հերթին մեկնաբանվում է որպես սպառնալիք, դիցուք, նոր զինված գործողություն ենթադրող: Չնայած բուն հայտարարության մեջ նման միտք չկա, Սեֆիլյանն էլ հետո նոր գրառում արեց, թե «մի խեղաթյուրեք իմ խոսքը», միևնույն ժամանակ հայտարարությունն էլ ինքնին բավական զգուշավոր է, սակայն նման մեկնաբանությունների պատճառ օբյեկտիվորեն կա: Եվ այդ պատճառը միայն այս դեպքին չի վերաբերում: Խոսքը՝ ՊՊԾ գնդի գրավմանն ու «Սասնա ծռերի» գործունեությանը քաղաքական գնահատական չտալու մասին է:
Ո՛չ նախկին, ո՛չ էլ նոր իշխանությունները քաղաքական գնահատական չեն հնչեցրել տեղի ունեցածի մասին՝ գործընթացը դիտարկելով բացառապես իրավական հարթությունում: Իհարկե, նախկինները իրավական հարթությունում Ծռերին դիտարկում էին որպես հանցագործ, իսկ ներկա իշխանությունները համաներման միջոցով նրանց ազատություն են շնորհել: Սակայն երկու դեպքում էլ հավասարապես բացակայում է տեղի ունեցածի հանդեպ որևէ քաղաքական գնահատական:
Նախորդ իշխանությունները ոչ պաշտոնական մակարդակով Ծռերին համարում էին ահաբեկիչ, սակայն հասկանալով, որ ահաբեկչությունն ինքնին ունի քաղաքական կոնտեքստ, խուսափում էին այդ տեսակետին իրավական ընթացք տալ: Նոր իշխանությունները Ծռերին որևէ գնահատական չեն տալիս և բավարարվում են պարզապես համաներմամբ: Թերևս միակ կցկտուր գնահատականն այն է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ:
Կա՞ արդյոք քաղաքական գնահատականի կարիք: Առաջին հայացքից ի՞նչ տարբերություն, թե ինչ կոնտեքստում, ինչ հիմնավորմամբ է տեղի ունեցել այս կամ այն հանցագործությունը: Ցանկացած հանցագործություն հանցագործություն է, ու նույնն են օրենքները, որոնց շրջանակում դրանք պետք է քննվեն: Սակայն սա խիստ վարչարարական մոտեցում է: Քաղաքական գնահատականի կարիք կա՝ հաշվի առնելով տեղի ունեցածի քաղաքական արձագանքը: Ավելին՝ բացառապես իրավական կարգավորումները բավարար չեն կուտակված բազմաթիվ հարցերի պատասխանները տալու համար: Վտանգ կա, իհարկե, քաղաքական գնահատական տալով՝ քաղաքական հավել յալ կշիռ հաղորդել Ծռերին: Բայց մյուս կողմից էլ քաղաքական գնահատականի բացակայության դեպքում էլ կա մեկ այլ վտանգ՝ թե՛ չհստակեցնել կոնկրետ դեպքի և դեպքի կենտրոնական սուբյեկտների քաղաքական գործունեության սահմանները, թե՛ չստեղծել երաշխիքներ ապագայում նման պրակտիկաների բացառման համար:
Ընդ որում, խոսքն այն մասին չէ, որ պետք է լինի բացասական կամ դրական քաղաքական գնահատական: Գնահատականը կարող է լինել ցանկացած: Մի դեպքում, օրինակ՝ այն կարող է լինել բացասական, ու տեղի ունեցածը համարվի ահաբեկչություն: Մեկ այլ դեպքում այն կարող է լինել դրական, ու տեղի ունեցածը դիտարկվի որպես ապստամբության դրսևորում: Երբ չկա քաղաքական հստակ գնահատական ու դիրքորոշում, անհասկանալիության և լղոզվածության ահռելի դաշտ է բացվում: Գուցե այդ անհստակությունը կարճաժամկետ հեռանկարում տալիս է պոպուլիստական մանևրումների շանս, բայց երկարաժամկետ հեռանկարում կարող է աշխատել այդ մանևրումների սուբյեկտի, այս դեպքում՝ իշխանության դեմ: Ծռերի ցանկացած հայտարարություն, թեկուզև ամենազգուշավոր, դիտարկվելու է հենց այս կոնտեքստում, ամեն ինչ մեկնաբանվելու է վերջնագրերի ու սպառնալիքների կոնտեքստում, քանի դեռ չի հնչեցվել տեղի ունեցածի ամբողջական գնահատականը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը