27 02 2019

Խաբեություն՝ լավ մտածված սցենարով․ «Ժողովուրդ»

Խաբեություն՝ լավ մտածված սցենարով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի ամիս է` համացանցում ակտիվ գովազդվում է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը: Սկզբում քաղաքացիներից պահանջվում է 2 հազար դրամ վճարել՝ ծրագրում ընդգրկվելու եւ կառուցվելուց հետո բնակարանն ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի գնելու համար: Այս ծրագրից օգտվելու համար դիմել է արդեն ավելի քան 50 հազար մարդ, ու շատերը պատրաստվում են դիմել՝ հերթ կանգնելով ծրագրի գրասենյակների առաջ: Միայն թե կասկածներ կան, որ իրականում այս ծրագիրը լավ մտածված խարդախության շղթա է, որ արվում է քաղաքացիներից գումար շորթելու համար: Պայմանները բավականին գայթակղիչ են. բնակարան ապահովելու խոստման դիմաց քաղաքացիներին առաջարկում են վճարել սիմվոլիկ գումար՝ 2 հազար դրամ` քաջ գիտակցելով, որ աֆյորան բացահայտվելուց հետո, երբ պարզվի՝ որեւէ բնակարանաշինություն չի իրականացվում, ոչ բոլորը կպահանջեն այդ գումարը` մոռացության տալով այն: Փոխարենը հեղինակները կհասցնեն կլորիկ գումարի տեր դառնալ:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն է արել` այս ծրագրի` Էջմիածնի գրասենյակի գործունեության հետ կապված: Պարզվում է՝ դեռ հատկացված չեն այն հողատարածքները, որտեղ պետք է տները կառուցվեն: Արմավիր մարզում ծրագրի համակարգող Վան Հայրապետյանը հայտարարել է, թե Մեծամոր, Էջմիածին քաղաքների քաղաքապետերն աջակցում են իրենց ծրագրին, այնինչ Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը` ասելով, որ միայն տեղյակ է այդ ծրագրի գոյության մասին եւ ոչ մի բան ավելի:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Համայնքի կողմից որեւէ տարածք չի տրամադրվել այդ կազմակերպությանը: Մեզ դիմել են այդ հարցով, բայց ես, տեսնելով, որ որեւէ փաստաթուղթ չկա, ասացի, որ բացառում եմ նման պարագայում տարածք տրամադրելու գործընթացը»: Ի դեպ, չնայած մեր թղթակցի համառ պնդումներին` այս ծրագրի ղեկավարներն այդպես էլ իրենց գործունեության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ցույց չեն տվել, ինչն արդեն կասկածելի է:

Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է ոչ միայն Արմավիրի, այլեւ մի շարք այլ մարզերում, նաեւ Երեւանում: Ու ենթադրվում է՝ այստեղ եւս խաբեությամբ: Մնում է՝ իրավապահները զբաղվեն այս հարցով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ