Շուշեցի Հայրապետյանների ընտանիքը անելանելի վիճակում է հայտնվել, երբ պատահաբար տեղեկացել է, որ լինելով 2020 թվականին տեղահանված ընտանիք, այժմ զրկվում է 2023 թվականի աջակցության ծրագրից այն դեպքում, երբ ընտանիքը 2020-ին վերադարձել էր Արցախ ու կրկին տեղահանվել 2023 թվականին։
NEWS.am-ի հետ զրույցում արցախցի Անի Հայրապետյանը պատմում է՝ խնդիրը ոչ միայն դա է, այլ այն, որ 4 ընտանիքին մեկ սերտիֆիկատ է հատկացվել․
«Հունիսին իմացանք, որ մեզ սերտիֆիկատ է հատկացվել բնակարան գնելու համար: Մեզ այդ մասին չեն ծանուցել, ու իմ նման հարյուրավոր մարդիկ չեն իմացել, որ նման սերտիֆիկատ կա: Հիմա պարզել ենք, որ Շուշիից տեղահանված ընտանիքները համարվում են սերտիֆիկատի շահառու: Չնայած նրան, որ մենք նաև 2023 թվականին ենք տեղահանվել, զրկվել ենք նաև 40+10 աջակցությունից»,-ասում է նա՝ նշելով, որ Գյումրիում բնակություն հաստատած իրենց ընտանիքը մայիսից չի ստանում տրամադրվող աջակցությունը:
«Ստացվում է, թե իբրև մենք այդ երեք տարիների ընթացքում Երևանում ապահով նստած ենք եղել, բլոկադա չենք տեսել»,-ասում է Անին: Արցախցու խոսքով, 10 մլն դրամ արժողությամբ մեկ սերտիֆիկատը տրվել է 15 անձի։ Անիի խոսքով, ամուսնու հարազատները երբևէ իրենց հետ չեն ապրել, ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում. Ինչպե՞ս կարող են հիմա մեկ բնակարան գնել ու միասին մի տան մեջ ապրել: «Մեզ ասում են, որ սերտիֆիկատը տալու համար ընտանիքի կազմի մասին տեղեկությունը վերցվել է Շուշիի ղեկավարությունից, սակայն Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը մեզ ասաց, որ իրենցից ոչ թե սերտիֆիկատների տրամադրման համար են տվյալներ ուզել, այլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Բաքվից տեղահանվածների տվյալներն են ուզել: Ամուսնուս ծնողները Բաքվից են եկել»,-պատմում է Անին:
Նրա խոսքով, փաստաբանները, որոնց դիմել է ընտանիքը, առաջարկում են հրաժարվել 2023 թվականին տեղահանված ճանաչվելու մտքից և դիմել դատարան, պահանջել առանձնացնել ընտանիքների կազմը, և 4 ընտանիքներին առանձին սերտիֆիկատներ տրամադրել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին պարզաբանեցին, որ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր տրամադրվում է ընտանիքին՝ անկախ անդամների թվից։ «30․06․2020-23 թթ․ ԼՂ ՏԿԵ նախարարության կողմից տրամադրված ցանկում ընտանիքը ներկայացվել է 9 անդամով, որոնց 2024 թ․ հունիսի 17-ին տրվել է հավաստագիր։ Հավաստագիրը հիմք է հանդիսացել 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում աջակցության դադարեցման համար, քանի որ տվյալ միջոցառմամբ առկա է նման սահմանափակում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը