21 02 2019

Նուբարաշենի հոգեբուժարանում բունտ է հասունանում․«168 Ժամ»

Նուբարաշենի հոգեբուժարանում բունտ է հասունանում․«168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակազմում բունտ է հասունանում: Ընդվզումների պատճառները մի քանիսն են: 168.am-ի տեղեկություններով՝ աշխատակազմին վրդովեցրել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» (ՀԱՊԱԿ) նորանշանակ ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ բարդ հարաբերությունները և մի ամբողջ բաժանմունք կրճատելու նրա գաղափարը: Խոսքն առողջարանային բաժանմունքի մասին է:

Փետրվարի 26-ին միջինը 140.000 դրամ աշխատավարձի եկամտից կզրկվի թվով 30 աշխատակից: Կրճատման տակ ընկածները հոգեբուժարանի շահառուների խնամակալներն են, նրանց գործառույթն այս հաստատությունում՝ տեղաշարժման խնդիր ունեցող շահառուներին, անօգնական ծերերին հոգ տանելն է:

Ի դեպ, նրանց թիվն առանց այդ էլ պահանջվածից նվազ էր: Այս խնդրին անդրադարձ էր կատարել նաև Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը` 2017 թվականի իր հատուկ զեկույցում՝ ընդգծելով այս հաստատությունում նրանց պահանջարկի և առկա ռեսուրսի սխալ համամասնությունը: ՄԻՊ-ն արձանագրել էր, որ հաստատության հարյուրներով խոցելի խմբի յուրաքանչյուր 40 բնակչին բաժին է հասնում ընդամենը 2 խնամակալ: Ու սրանից մեկ տարի անց, փաստորեն, ՄԻՊ-ի այս ահազանգից հետևություններ անելու փոխարեն՝ տնօրենի ժ/պ Սերգեյ Խաչատրյանը հակառակ դիրքորոշմանն է հանգել՝ եղածն էլ շատ է: Իսկ այս վարքագիծն ավելի տարօրինակ է ընկալվում այն հանգամանքում, որ նախկինում այդ ահազանգի ուղիղ պատասխանատուն հենց ինքը՝ նույն Սերգեյ Խաչատրյանն է եղել. նա մինչ հեղափոխությունը՝ երկար տարիներ ՀՀ առողջապահության փոխնախարարն էր՝ այս ոլորտը համակարգելու գծով:

Շուրջ 300 հոգանոց մասնագիտացված կոլեկտիվում, ասում են, Սերգեյ Խաչատրյանին չեն հանդուրժում նաև այն պատճառով, որ բոլոր բարձրացված խնդիրների դեպքում նա միևնույն պատասխանն է հնչեցնում՝ «Մի մոռացեք, ես փոխնախարարի պաշտոնից եմ էստեղ եկել, գիտեմ ամեն ինչ ու բոլորիդ լավ գիտեմ»: Իսկ այս պատասխանով, նրանց ընկալմամբ, ղեկավարը հասկացնում է իր անվստահությունը բոլորի հանդեպ, իսկ մյուս կողմից՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մոտ իր ամուր դիրքերը:

168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ քիչ չեն դեպքերը, երբ պաշտոնում դեռևս չհաստատված ժ/պ Սերգեյ Խաչատրյանն ավելի կտրուկ է արձագանքել հարցադրումներին՝ ասելով՝ «Դուրդ չի գալիս, հենց հիմա դիմումդ գրի ու գնա»: Աշխատակազմի ներսից պատմում են, որ վիրավորված են, Սերգեյ Խաչատրյանն այստեղ էլ իրեն փոխնախարար է զգում, բոլորին «վերևից է նայում» ու չի մերվում կոլեկտիվի հետ:

Նրա այս վերաբերմունքի հետ են կապում հոգեբուժարանում տեղի ունեցած միջադեպը: Օրերս հոգեկան առողջության խնդրով փորձաքննության ենթարկվողներից մեկի ներկայությամբ Սերգեյ Խաչատրյանը հոխորտալով է խոսել ենթակայի հետ, ու իբր դրանից ազդված՝ փորձաքննվողը կրակի վրա եռացող թեյնիկի ջուրը հանկարծակի վերցրել ու շփել է Խաչատրյանի վրա:

Միջադեպը եղել է Ստացիոնար դատահոգեբուժական փորձագիտական բաժանմունքում: Այս միջադեպը եղել է ընդվզումների պատճառ, ներքին օղակներում մտադրվել են դուրս գալ ու ղեկավարի դեմ բողոքի ցույցեր անել: Սերգեյ Խաչատրյանին հաջողվել է մեկ անգամ կանխել բողոքի ցույցը, որը պետք է տեղի ունենար օրեր առաջ: Կանխված բողոքի ակցիային հաջորդել է ղեկավարի հրահանգը՝ հավաքվել ժողովի: Լարված մթնոլորտում անմիջապես հավաքվել են բաժնի վարիչները՝ այն տրամադրվածությամբ, որ վերջապես սայլը կշարժվի տեղից, ղեկավարն իրենց կլսի, ու քննարկում կծավալվի, սակայն հակառակն է ստացվել:

Ի դեպ, «եռման ջրի» միջադեպի կապակցությամբ դիմեցինք ՀՀ ոստիկանություն, սակայն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ ասացին, որ ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել։

Ենթակաների պահանջներն ու դժգոհությունները լսելու փոխարեն՝ Սերգեյ Խաչատրյանն ավելի կոշտ է գտնվել նրանց հանդեպ, սպառնացել է՝ ասելով, որ բողոքի ցույցի դուրս եկող բաժնի վարիչներն աշխատանքից կազատվեն անմիջապես, ակնարկել է նաև, որ չեն խնայվի իր դեմ ընդվզողներին ծածուկ խրախուսողները:

Մինչ կփորձեինք հրապարակման ենթակա նյութի առնչությամբ նաև պարոն Խաչատրյանի կարծիքը լսել, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» ֆեյսբուքյան էջում նախօրեին հետաքրքիր մի նյութ հայտնվեց։ Գրառման մեջ ասվում էր. «Երեկ, փետրվարի 18-ին, աշխատանքային օրվա ավարտին, լուր ստացանք, որ ՀԱՊԱԿ-ի մի քանի աշխատակիցներ շրջում են հիվանդանոցի բաժանմունքներով և հորդորում վաղ առավոտյան հավաքվել բակում բողոք արտահայտելու համար։ Կային մի քանի վարկածներ բողոքի նյութի վերաբերյալ, բայց այդպես էլ չհաջողվեց պարզել նպատակը։ Չհաջողվեց նաև այսօր, երբ վաղ առավոտից միայն երեք աշխատակից էին հավաքվել հիվանդանոցի մուտքի մոտ և ապարդյուն սպասում էին «միացմանը»։

Այդպես էլ չմիացան։ Ինչևիցե, առավոտյան խորհրդակցության ժամանակ տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ առ այսօր որևէ խոչընդոտ որևէ հարց քննարկելու համար չի եղել, բոլոր ցանկացողների հետ հանդիպումներ են կազմակերպվել և քննարկվել բոլոր հարցերը՝ առանց բացառության։ Նաև նշվեց, որ եթե, սակայն, կան մարդիկ, ովքեր ասելիք ունեն, պետք ասեն և պիտի լսելի լինեն, եթե կան առաջարկներ, դրանք պետք է քննարկվեն, մտավախություններ՝ լուծումներ գտնվեն, և ակնհայտ է, որ թափանցիկությունը մեր ապագա հաջողությունների միակ գրավականն է։ Տարիներ ի վեր կուտակված խնդիրների կծիկը պետք է հրապարակավ քանդել։

Եվ դրա համար պարտադիր չէ բակում հարցեր քննարկել։ Ուստի, հրավիրվեց ՀԱՊԱԿ աշխատակիցների ընդհանուր ժողով՝ բոլոր հուզող հարցերը և դրանց լուծումները քննարկելու համար։ Ժողովը տեղի կունենա այս ուրբաթ, փետրվարի 22-ին, ժամը 15:00-ին։ Լինելու է բաց և ազատ, ազնիվ և կառուցողական քննարկում»։

Առաջին տպավորությամբ՝ ղեկավարը նախաձեռնել է կառուցողական քայլերով ժողով հրավիրել՝ լսելու ենթակաների բողոքը, մինչդեռ իրականում հայտարարությունն այն մասին էր, թե ինչպես է փորձ արվում փոքր, մանր խնդիր դարձնել աշխատուժի, անհատի պահանջը։ Ի դեպ, հատուկ շեշտադրումով թաքցվում էր նաև ընդվզողների իրական քանակն ու պահանջը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ