22 04 2024

2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան



Ապրիլի 22-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ցույց «Լռության ամիս» կարգախոսով՝ ի պաշտպանություն «Imnemnimi» փոդքասթի կալանավորված հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի, ինչպես նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի։

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են, ըստ ցուցարարների, Տավուշի մարզում Հայաստանի նկատմամբ սպասվող դավաճանության ֆոնին Փաշինյանի հասցեին արած քննադատության պատճառով։

«Հայաստանում հետևողական թիրախավորվում է ազատ կամարտահայտումը, ազատ խոսքը, ընդդիմադիր շրջանակների կողմից իրականացվող քաղաքական տարբեր դիրքորոշումները։ Այսօր «Իմնեմինի » պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են իրենց ազատ խոսքի համար։ Եթե նախկինում՝ 2018թ.-ից առաջ, այսպիսի մի փոքր բան լիներ, ԵՄ-ն և միջազգային այլ կառույցներ այնպիսի աղմուկ կբարձրացնեին, որ այն ուղղակի կազդեր ՀՀ ներքաղաքական կյանքի վրա: 2018-ից այս կողմ ԵՄ-ն շարունակաբար լռում է։ Եվրոպական կառույցները չափազանց ուշադիր հետևում էին, անգամ 2016-ի ահաբեկչական գործողությանը զուգահեռ տեղի ունեցող բողոքի գործողություններին մասնակից քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանության գործողություններին և արձագանքում՝ պաշտպանող զգուշացումներով։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի բացենք ԵՄ աչքերը Հայաստանում տիրող խայտառակ ապօրինությունների համատեքստում։ Փաշինյանական վարչախումբը Հայաստանում հաստատել է մեկ անձի իշխանություն և այդ մեկ անձի իշխանության և նրա կողմից իրականացվող կազմակերությունների ապօրինությունների համատեքստում Հայաստանը շեղվել է ժողովրդավարական ընթացքից»,- հայտարարեց Anitfake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ