19 02 2019

Ե՞րբ է տիկին Սիլվան ցուցմունքով հանդես գալու ընդդեմ Փաշինյանի․ Zham.am

Ե՞րբ է տիկին Սիլվան ցուցմունքով հանդես գալու ընդդեմ Փաշինյանի․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Մի զարմացեք, որ մի օր դա լինելու է, քանզի ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ ճշգրտորեն գործում է, այսպես կոչված, բումերանգի էֆեկտը:

Բայց չէ՞ որ Նիկոլը կարող է տիկին Սիլվայից կաշառք չպահանջել, այդ դեպքում ինչպե՞ս նա կարող է նման ցուցմունքով հանդես գալ, կհարցնի շարքային ընթերցողը:Իսկ ո՞վ ասաց, որ կոնյուկտուրայի փոփոխության դեպքում, Սիլվան իր նման չի հնարի  «ցուցմունքը»:

Դատեք ինքներդ: Հեղափոխությունից առաջ նա հայտնի դարձավ Լիսկայի հետ պատմությունից հետո: Սկզբում բոլորը կարեկցում էին այս կնոջը: Հետո կարճ ժամանակ անց նա սկսեց քծնել ՀՀԿ-ին՝ գովերգելով Սերժ Սարգսյանին, որի արդյունքում նոր հարցադրում առաջ եկավ՝ «իսկ միգուցե Լիսկան ճի՞շտ էր»: 

Հեղափոխությունից անմիջապես հետո տիկին Սիլվան «հայտնվեց» երկրի ուժային կառույցների ուշադրության կենտրոնում: Եվ քանզի այս կինը խառնված էր տարատեսակ մութ գործերի մեջ, հեշտությամբ դարձավ այդ կառույցների գործիքը:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տիկին Սիլվան գործարք էր կնքել պատկան մարմինների հետ հետևյալ պայմաններով. նա ցուցմունքներ կտա իշխանության համար «կարևոր» մարդկանց վրա, փոխարենը նրան կներեն և նույնիսկ պաշտպաններ կտրամադրեն դրա դիմաց:

Սակայն նույնիսկ իր «գործը» տիկին Սիլվան չափազանց անփույթ է կատարում:

Դատեք ինքներդ, անցած տարվա հոկտեմբերին տված իր ասուլիսում, նա նշում էր, թե «չի հիշում» թե ինչու էր գումար փոխանցել Սամվել Մայրապետյանին, քանզի արդեն 10 տարի էր անցել: Հետո հանկարծակի «հիշեց» և հայտարարեց, որ 2 մլն դոլար էր փոխանցել, որպեսզի վերջինս փոխանցի ավելի վերև:

Հետո նշում էր, թե երևի մարտի 1-ի հետ էր կապված: Հետո դա էլ հերքեց, և վերջապես, հայտարարեց, որ «հիշել է», և այդ փոխանցումը կաշառք էր՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Արմեն Գևորգյանին: Իսկ կաշառքի թեման էլ աղոտ նշեց, թե կապված էր արաբների հետ «հանգիստ» աշխատելու համար: Ձեռքի հետ էլ նշեց, թե «եթե այս խոսքերը կրկնի Մայրապետյանը, անմիջապես ազատության մեջ կհայտնվի»:

Եվ այստեղ երևաց նրա ցուցմունքների իրական մոտիվացիան: Նա փաստացի բացահայտեց ՀՔԾ-ի իրական ցանկությունը՝ փաստացի կոչ անելով Մայրապետյանին՝ «ցուցմունք տուր Քոչարյանի, Սարգսյանի ու Գևորգյանի վրա և հանգիստ կապրես,  ինչպես ես»:Սա էր փաստացի տիկին Սիլվայի իրական ուղերձը, չհասկանալով, որ այդ քայլով ինքը բացեց ՀՔԾ-ի իրական պատվերը:

Այստեղից զրպարտության հոտը ուղակի ակներև է, որը վաղը անկասկած օգտագործվելու է ներկայիս իշխանավորների դեմ:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչքանով է «անկեղծ» տիկին Սիլվայի «ցուցմունքը»:

Եվ այսպես, մինջև վերջին պահը նա «չէր հիշում», թե ինչու էր գումար փոխանցել Մայրապետյանին, իսկ հետո «հիշեց»: Համաձայնվեք, որ խիստ տարօրինակ է այս կնոջ նման պահվածքը: Մանավանդ, որ խոսքը փոքր գումարի մասին չէր գնում:

Հետո նա հայտարարեց, որ «կարծեմ» 2 մլն դոլարի մասին էր խոսքը: Բայց նույնիսկ  «Ազատությանը» երեկ տված հարցազրույցում նա «չի հիշում» այդ գումարի ճշգրիտ չափը: Սա արդեն դիագնոզ է:

Հետո հայտարարեց, որ «չի ասել, որ կաշառք է տվել Քոչարյանին, Սարգսյանին ու Գևորգյանին»:

Սակայն անցած տարվա հոկտեմբերի 6-ի ասուլիսի ընթացքում նա հայտարարել էր, որ «գումարը տվել է Մայրապետյանին, որպեսզի վերջինս փոխանցի վերև»:Հետո խոստովանեց, որ նրանից ոչ ոք կաշառք չի ուզել, պարզապես իր հանգստության համար է դա արել: Ցույց տվեք, նման այլ դեպք, երբ կաշառք պահանջողը ոչինչ չի ուզում, և կաշառք տվողը կամովին գնում է նրա մոտ ու ասում՝ «վերցրու այս կաշառքը, որ ինձ չխանգարես»:Բովանդակ շրջանակները շատ լավ հասկանում են, որ սա կատարյալ զառանցանք է, և ուրիշ ոչինչ:

Փաստորեն ինչ է ստացվում: Տիկինը «չի հիշում» թե ինչի համար է գումար տվել Մայրապետյանին: Հետո «հիշում է» և նույնիսկ նշում, որ նախատեսված էր փոխանցել Քոչարյանին, Սարգսյանին ու Գևորգյանին: Հետո կրկին հայտարարում է, որ «ցուցմունք չի տվել նրանց վրա և ընդհանրապես նրանց չի ճանաչում»:

Իսկ հիմա փորձենք հասկանալ տիկնոջ ցուցմունքի առարկան: Նա հայտարարում է՝ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին մեկ հանքի համար կաշառք էր տվել 14 մլն դոլար, իսկ արաբների հետ «հանգիստ աշխատելու համար», երկրի ղեկավարներին Մայրապետյանի միջոցով փոխանցել էր ընդամենը... 2 մլն: Փաստորեն այս երեքը՝ Քոչարյանը, Սարգսյանը և Գևորգյանը իրար մեջ որ բաժանեին, կստացվեր՝ մարդա 650 հազար դոլար: Մինչդեռ Արամը, ըստ տիկին Սիլվայի, ստացել էր ... 14 մլն դոլար, այն էլ՝ մեկ հանքի համար:

Փաստորեն ստացվում է, որ երկրում այդ ժամանակվա իսկական Դոնը եղել է Արամը, որի մոտ վերը նշված երեք անձինք աշխատում էին մեկը՝ նախագահ, մյուսը՝ վարչապետ, իսկ երորդը՝ գլխավոր խորհրդական:

Իսկ հիմա հռետորական հարցադրում՝ քանի՞ ոչխար կա որ կհավատան այս վարկածին: Միգուցե հարցադրումը վիրավորական է հնչում, սակայն այս «ցուցմունքի»-ից է դուրս գալիս այս կոպիտ հարցադրումը:

Այս կնոջ դետեկտիվ պատմությունը ոչ միայն կոմիկական է, այլ նաև՝ ողբերգական, քանզի այսպիսի մակարդակի «ցուցմունքների» վրա սարքվում են «գործեր», ինչը ակնհայտ ցույց է տալիս ներկայիս իշխանությունների կատարյալ սնանկության աստիճանը:

Պարզ է, որ այս ամենը ժամանակի ընթացքում բումերանգի էֆեկտի համաձայն վերադառնալու է ներկայիս այս թատերական ներկայացման հեղինակներին և նույնիսկ չի բացառվի, որ կրկին գլխավոր հերոսի դերում լինի ... նույն տիկին Սիլվան, ով եռանդուն կերպով ցուցմունքներ կտա արդեն ներկայիս իշխանության ներկայացուցիչներին:Սակայն դա կլինի պարզապես խեղկատակություն, քանզի Հայաստանը ռեսուրներ չունի զբաղվելու այսպիսի անլուրջ գործերով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ