«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի վերլուծությունը՝ ըստ վարչական շրջանների:
Ուսումնասիրելով տվյալները՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր պատկերի ականատես եղավ, մասնավորապես, բյուջեի նախատեսված ծախսերի իրականացման առումով առաջատարը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է, հաջորդում է Կենտրոնը, ապա Ավանը: Այս վարչական շրջաններում կատարողականը 92 տոկոսից ավելի է: 90 տոկոսից ավելի կատարողական են ապահովել Նորք-Մարաշ և Շենգավիթ վարչական շրջանները, իսկ ամենաքիչը՝ էրեբունին:
Հատկանշական է, որ, ընդհանուր առմամբ, Երևանի բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է զգալի չափով: Ըստ փաստաթղթի՝ 2018թ. բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 68,6 մլրդ դրամ ծրագրված (ճշտված) 82,1 մլրդ դրամի դիմաց: Ըստ այդմ, կատարողականը կազմել է 83.6%:
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա կատարվել է 62,8 մլրդ դրամի ծախս ծրագրված (ճշտված) 85,5 մլրդ դրամի դիմաց, սա ծրագրվածի 73.4%-ն է:
Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 46.76%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 14.16%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 12.47%»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը