02 02 2019

Տարեկան տնտեսական ակտիվությունը գրեթե կրկնակի պակաս է. 168.am

Տարեկան տնտեսական ակտիվությունը գրեթե կրկնակի պակաս է. 168.am

168.am-ը գրել է. «Վիճակագրական ծառայությունը հրապարակեց անցած տարվա տնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ, 2018թ. Հայաստանում արձանագրվել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվություն։ Իհարկե, սա դեռ տնտեսական աճ չէ։ Այդ ցուցանիշը կհրապարակվի ավելի ուշ։

Արձանագրված 5,8 տոկոս ակտիվությունը գուցե վատ արդյունք չէ։ Բայց այն էապես ցածր է՝ տարեսկզբի համեմատ։ Ակտիվությունը զգալիորեն զիջում է նաև նախորդ տարվա մակարդակին։

Հիշեցնենք, որ 2017թ. այն կազմել է 7,7 տոկոս։

Տնտեսական ակտիվության աճը Հայաստանում սկսեց դանդաղել հատկապես իշխանափոխությունից հետո։ Այդպես էլ մինչև տարվա վերջ կառավարությանը չհաջողվեց շտկել իրավիճակը։ Մինչդեռ տարվա մեկնարկը բավական հաջող էր։ Գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվեց բարձր աճ։ Տարեսկզբին մի պահ տնտեսական ակտիվությունը Հայաստանում հասավ ընդհուպ մինչև 10,6 տոկոսի։ Դրան նպաստեցին ոչ միայն ավանդական աճ ապահովող ճյուղերը, այլև այնպիսիք, որոնք տևական ժամանակ գտնվում էին ճգնաժամային իրավիճակում։ Խոսքը մասնավորապես շինարարության մասին է, որը տարեսկզբին առանձնացավ կտրուկ ակտիվությամբ։ Բայց հետագայում՝ ինչպես շինարարության, այնպես էլ՝ տնտեսության գրեթե մյուս ոլորտներում աճի տեմպերն աստիճանաբար սկսեցին նստել։

Առանձին ամիսներին նույնիսկ անկում գրանցվեց։ Ներքաղաքական սրացումներից և իշխանափոխությունից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Տնտեսությունը կանգնեց լուրջ ռիսկերի առջև։ Քաղաքական նպատակներից ելնելով` կառավարությունն իրականացրեց մի շարք չպատճառաբանված քայլեր, որոնք մեծապես հարվածեցին տնտեսական գործընթացներին։

Իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը մտավ անորոշությունների ու սպասումների երկար փուլ, որը հիմնականում պահպանվում է մինչև այժմ։ Իր կարճատև գործունեության ընթացքում կառավարությունը լուրջ խոչընդոտներ ստեղծեց տնտեսավարողների համար։

Տուժեցին հատկապես օտարերկրյա ներդրումները։ Իշխանափոխությանը հաջորդող շրջանում դրանք կտրուկ կրճատվեցին։ Արդեն երկրորդ եռամսյակում արտաքին կապիտալի հոսքերը պակասեցին գրեթե 11 անգամ։ Առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կրկնակի ավելի էին, քան հաջորդող վեց ամիսներին։

Այս իրավիճակի գլխավոր մեղավորը կառավարությունն էր, որն ամեն ինչ արեց ոչ միայն՝ արտաքին, այլև՝ ներքին ներդրողներին վախեցնելու համար։ Խնդիրների առջև հայտնվեցին մի շարք կարևոր և խոշոր ներդրումային ծրագրեր, հատկապես՝ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում։ Հարյուրավոր միլիոն դոլար ներդրումներից հետո ընդհատվեց Ամուլսարի ծրագիրը։ Այսօր էլ այն գտնվում է հարկադիր դադարի վիճակում։ Կասեցվեց Երևանում նոր ջերմային կայանի կառուցման ծրագիրը, և միայն ամիսներ հետո հաջողվեց համաձայնության գալ։ Խնդիրներ առաջացան Հայաստանում գործունեություն իրականացնող այլ հայտնի ընկերությունների հետ։  Տարբեր պատճառաբանություններով քրեական գործեր հարուցվեցին բազմաթիվ տնտեսվարողների նկատմամբ։

Այսպիսի լարված իրավիճակն ամենևին էլ տնտեսության օգտին չէր։ Թերևս պատահական չէր, որ հետևանքները շատ արագ սկսեցին արտահայտվել։

Արդյունքում` տարեվերջին տնտեսական ակտիվության աճի տեմպը տարեսկզբի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է։

Էապես դանդաղել է արտաքին առևտրի ակտիվությունը` պայմանավորված, առաջին հերթին՝ արտահանման ծավալներով։ Վիճծառայության ցուցանիշները վկայում են, որ տարեվերջի արտահանման աճի տեմպն ավելի քան 4 անգամ ցածր է առաջին կիսամյակի համեմատ։ Դեկտեմբերին արտաքին շուկաների մատակարարումները գրեթե 11 տոկոսով պակաս են եղել նախորդ տարվանից։ Փոխարենը՝ դիտարկվել է ներմուծման առաջանցիկ աճ, ինչը խորացրել է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։ Եթե 2017թ. արտահանումը 1,8 անգամ էր զիջում ներմուծմանը, ապա 2018թ. այն անցել է 2 անգամից։ Արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական փոփոխություններն ակնհայտ են հատկապես տարվա վերջին ամիսներին։

Ու ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի այս իրավիճակը պայմանավորել կապիտալ ապրանքների ներմուծման ակտիվացմամբ, որոնք անհրաժեշտ են արտադրության կազմակերպման համար, իրականությունն այնքան էլ այդպիսին չէ։ Դրանում դժվար չէ համոզվել` ուսումնասիրելով ներմուծված կապիտալ ապրանքների կառուցվածքը, որոնք շատ դեպքերում հեռու են արտադրական նշանակություն ունենալուց։

Անցած տարի ներմուծումը Հայաստան ավելացել է 21 տոկոսով։ Ընդհանուր առմամբ ներկրվել է 4 մլրդ 963 մլն դոլարի ապրանք։ Փոխարենը` արտահանումը կազմել է 2 մլրդ 412 մլն դոլար` ավելանալով ընդամենը 7,8 տոկոսով։ Հիշեցնենք, որ մինչև իշխանափոխությունը՝ արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների աճը հասել էր 34 տոկոսի։

Պաշտոնական տվյալներով, անցած տարի արդյունաբերության աճը Հայաստանում կազմել է 4,3 տոկոս։ Շինարարության ոլորտում արձանագրվել է արտադրության ծավալների 4,5 ավելացում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ տարեսկզբին այն 20 տոկոսի սահմաններում էր։ Տնտեսական ակտիվությանը մեծապես նպաստել է հատկապես ծառայությունների ոլորտը, որտեղ գրանցվել է գրեթե 19 տոկոսանոց աճ։ Այնինչ գյուղատնտեսությունն այդպես էլ չկարողացավ դուրս գալ անկումից։ Արտադրության ծավալները գյուղոլորտում կրճատվել են 7,6 տոկոսով։

Գյուղատնտեսությունը, որտեղ ռիսկերը բավական շատ են, անշուշտ, ապահովագրված չէ նման դրսևորումներից։ Սակայն այս անգամ դրա հիմնական մեղավորը կառավարությունն էր։ Գրեթե մեկ ամիս ուշացավ Սևանից ջրի բացթողումը, ինչի հետևանքով մի շարք մշակաբույսեր չորացան և շարքից դուրս եկան։ Կառավարության չարդարացված գործողություններից լուրջ վնասներ կրեց ոչ միայն տնտեսությունը, այլև հասարակությունը, որը ստիպված էր սեզոնին կրկնակի թանկ վճարել որոշ գյուղմթերքների դիմաց։

Չնայած հասարակությանը տրված ճոխ խոստումներին, այնուհանդերձ անցած տարի Հայաստանում շարունակել է պահպանվել միջին աշխատավարձի դանդաղ աճը։ Այն կազմել է ընդամենը 3,8 տոկոս։ Մասնավոր հատվածում աշխատավարձերն ավելացել են ընդամենը 4 տոկոսով։ Հասկանալի է, որ այս պայմաններում դժվար էր սպասել հասարակության սոցիալական վիճակի բարելավում, ինչի հետ կապված լուրջ սպասելիքներ էին ձևավորվել իշխանափոխությունից հետո։ Թե առաջիկայում որքանո՞վ կհաջողվի շտկել իրավիճակը, առայժմ դժվար է ասել։ Ամեն դեպքում, այս պահին լավատեսության հիմքեր գրեթե չկան։ Կառավարությունը շարունակում է ավելի շատ խոսել, քան գործ անել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ