«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը
– Պարոն Կոլերով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, հակամարտող երկրների ղեկավարների և նախարարների մակարդակով հանդիպումների տեսքով, ակտիվ կերպով շարունակվում է: Չնայած կարծիքներին, որ այդ հանդիպումների ընթացքում լուրջ քննարկումներ են ընթանում ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ու տարրերի շուրջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ որևէ դետալ չի քննարկվում, մտքերի փոխանակություն է ընթանում, ավելին՝ հայկական կողմը կրկին պնդում է, որ ԼՂ-ի փոխարեն չի բանակցելու, դավադրություններ չեն կարող լինել: Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում՝ Ձեր տպավորություններով:
– Ոչ մի նոր բան բանակցային գործընթացում չի կատարվում` նոր փաստաթղթեր, նոր սկզբունքներ ու տարրեր չեն քննարկվում: Իմ կարծիքով` քննարկվում են բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ընդ որում, իմ համոզմամբ, փուլային տարբերակն է քննարկվում: Այսինքն` սկզբից՝ 2 շրջան, հետո՝ ևս մի քանի, ու այդպես շարունակ, կարգավորում՝ նշածս բանաձևի հիման վրա: Ի դեպ, ընթանում են ոչ թե բանակցություններ, այլ խորհրդակցություններ:
Այն, ինչ ինձ մտահոգում է, շտապողականությունն ու արագությունն է: Ակնհայտ է, որ կա արագ գործընթաց, կարծես թե կողմերը շտապում են: Բայց ինչո՞ւ շտապել նման հարցերում, ինչո՞ւ սա չանել ավելի երկար ժամանակահատվածում, որն էլ ավելի ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություն կտա: Ես, անկեղծ ասած, ավելի դանդաղ գործընթացի կողմնակիցն եմ: Հայկական կողմի դեպքում շտապողականությունն առավել քան անհասկանալի է, քանի որ երկրի ներսում կան բազում անելիքներ, որոնցով պետք է զբաղվի իշխանությունը՝ մինչ այս հարցին անցնելը:
Անհասկանալի է պնդումը, թե հակամարտության պատմությունն է քննարկվում բարձրաստիճան հանդիպումների ընթացքում: Եթե Դուք ոչինչ չեք քննարկում, պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում:
– ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշում է, որ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս, որպեսզի ձևավորվի միջավայր, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց ավելի լավ են հասկանում:
– Այո, այդպիսի մթնոլորտ կարող է լինել, իսկ ինչո՞ւ այդքան հաճախակի հանդիպել, այնտեղ ի՞նչ եք այդքան անում, եթե լուրջ հարցեր չեն քննարկվում: Միջավայրը նորմալ է արդեն Դուշանբեից հետո, արդեն ավելի քիչ են սկսել կրակել շփման գծի ուղղությամբ:
– Ձեր կարծիքով` ՀՀ իշխանություններն ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինեն ԼՂ հակամարտության կարգավորման արագացված գործընթացներով, եթե Ձեզ համար ընդունելի չեն իշխանությունների պնդումները դավադիր գործընթացների բացակայության մասին:
– Ես չգիտեմ: Ես չեմ հավատում արտաքին դավադրության տեսություններին, որ կան ճնշումներ: Ասում են` ինչ որ մեկը ճնշում է, դավադրություն է պատրաստում, ես դրան չեմ հավատում: Ընդդիմություն խորհրդարանում չկա, վարկանիշը բարձր է, նստիր-կառավարիր՝ ինչպես և ինչով ուզում ես: Գոնե առաջիկա երկու տարիներին: Ո՞ւր ես շտապում, ինչո՞ւ, ես չեմ կարող դրան բացատրություն տալ, տրամաբանական բացատրություն չկա ներկա փուլում բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման համար: Ամենակարևորն այն է, որ բոլոր բացատրությունները, որոնք ՀՀ իշխանություններն են ներկայացնում, պարզաբանումներ են երեխաների համար: Իսկ ես վաղուց հեռու եմ այդ տարիքից:
– Պարոն Կոլերով, խոսեցիք Մադրիդյան սկզբունքների մասին: Կա կարծիք, որ ռուսական կողմը կրկին ակտիվացնում է «Լավրովի պլանը», և հենց դրա մասին խոսեց վերջերս Լուկաշենկոն իր հայտնի ասուլիսում, որում անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը:
– Չկա ոչ մի «Լավրովի պլան», չի եղել, դա խաբերություն է, բազմիցս հերքված խաբեություն, դա խաբեություն է՝ հստակ նպատակներով: Որևէ նոր տեղեկատվություն չկա, ողջ տեղեկատվությունը թույլ է տալիս պնդել, որ քննարկվում են Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, և քննարկվում է Ղարաբաղի համար կարգավիճակ ԼՂԻՄ սահմանների շրջանակում: Իմ կարծիքով` այդ սահմանները նույնիսկ Լաչինի հետ անհնար են դարձնում Ղարաբաղի տնտեսական և ռազմական գոյատևումը: Միայն ներկայիս տարածքն է ստեղծում տնտեսական և ռազմական հիմք Լեռնային Ղարաբաղի կայունության համար: Քելբաջարի հանձնումը ԼՂ-ին զրկում է 65 տոկոս ջրային ռեսուրսներից, հարավային շրջանների հանձնումը զրկում է ԼՂ-ին 60 տոկոսից ավելի գյուղատնտեսական հողատարածքներից, մյուս շրջանների հանձնումը Ղարաբաղը զրկում է ռազմական պաշտպանական խորությունից, ԼՂ-ն վերածվում է մի փոքրիկ տարածքի, որը կդառնա հեշտ խոցելի:
– Պարոն Կոլերով, հայկական կողմը պնդում է, որ իր բաժին պատասխանատվությունից չխուսափելու փորձեր են այս հանդիպումները, իսկ բանակցային գործընթացը հայկական կողմը չի վարելու Արցախի փոխարեն: Հայտնի է նաև, որ սրան դեմ է ադրբեջանական կողմը: Որքանո՞վ է իրատեսական Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին:
– Այո, դրան դեմ է Ադրբեջանը: Առաջիկայում ներքաղաքական փոփոխություններ են սպասվում նաև Լեռնային Ղարաբաղում, ընտրություններ, նոր մարդիկ, որոնք ևս պետք է հարմարվեն, ու այս իրավիճակում մի փոքր դժվար իրականանալի է թվում դա: Բայց, կարծում եմ, ԼՂՀ ներկայացուցիչները տեղյակ են բոլոր գործընթացներից, քանի որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է լինում Ղարաբաղում: Բայց Ղարաբաղի ներկայացուցիչները չեն լինում այդ միքանիժամյա քննարկումներին, նա չի վերցնում նրանց իր հետ:
– ՀՀ վարչապետը չի վերցնում, ամենայն հավանականությամբ, քանի որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, և դրա համար ենթադրվում է, որ անհրաժեշտ է համաձայնություն:
– Նա կարող է նրանց տանել քննարկումների՝ որպես փորձագետներ: Նա կարող է դա անել, բայց չի անում:
– Ինչպե՞ս կարող է Հայաստանն Արցախին վերադարձնել բանակցային սեղան, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում դրա համար:
– Կրկին նշեմ, որ Ադրբեջանը դեմ է դրան: 2016 թվականի պատերազմը Սերժ Սարգսյանին քարտ-բլանշ տվեց որոշ նախապայմաններ դնելու համար, այդ թվում՝ այս հարցը, դա չարվեց: Սերժն ուներ հնարավորություն՝ նաև ճանաչել Ղարաբաղը, նա չարեց դա նույնպես: Նա չդրեց հավելյալ պայմաններ: Դա կախված է հայկական կողմի ջանքերից, հայկական կողմը պետք է դրա համար ջանքեր ներդնի:
– Վերջին մի քանի ամիսների կտրվածքով փոխվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հռետորաբանությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ, Սերգեյ Լավրովը կառուցողական է որակում Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղի ուղղությամբ, գովում է Ադրբեջանին: Ինչո՞ւ:
– Չի փոխվել: Ռուսաստանը կառուցողական է որակում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կրճատումը, Դուշանբեի բանավոր համաձայնությունը, որը ձեռք էր բերվել, և դա Պուտինի նախաձեռնությունն էր: ՌԴ ԱԳՆ-ն այդ արդյունքը ողջունում է, քանի որ դա Պուտինի նախաձեռնությունն էր: Այդքանը:
Եթե ՀՀ-ում ցանկանում են ծածկվել Լավրովի, Պուտինի և Ռուսաստանի տանիքի տակ, որպեսզի Ղարաբաղի հարցում գնան կոմպրոմիսների, ապա դա նորություն չէ մեզ համար: Սերբիայի օրինակն ուսումնասիրեք: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնպես անընդհատ ասում էր. «Ինձ Պուտինը ասում է», «Պուտինի հետ քննարկեմ», և հանձնում է Կոսովոն և Կոսովոյի սերբական շրջանները: Վուչիչը ծածկվում էր Պուտինի հովանու ներքո, որպեսզի փափուկ, ամբողջական կապիտուլյացիա իրականացնի: Ես նմանություն եմ տեսնում: Որքան հաճախ են Հայաստանում խոսում այն մասին, որ Պուտինը ատիվացնում է, Լավրովն է ասում, դա հնարում են: Հնարել են «Լավրովի պլանը», որ իրենք չէ, այլ Լավրովն է ստիպում, Լավրովը վախենալու է, ստիպում է, որ կոմպրոմիս տեղի ունենա: Բայց դա սուտ է, դա արվում է նրա համար, որպեսզի դառը կոնֆետը գեղեցիկ թղթով փաթեթավորվի:
– Ձեր նշած այս շտապողականության հարցում Ռուսաստանն ի՞նչ հետաքրքրություն և շահ ունի, կամ ինչպե՞ս է գնահատվում այս գործընթացը, եթե համարենք, որ դեմ է այս արագացված պրոցեսին:
– Ես այդ շտապողականությունը բնութագրում եմ՝ որպես փաստ: Բոլորի համար տեսանելի է դա, հաշվեք հանդիպումների թիվը, պատկերեք այդ գրաֆիկը, հավատացնում եմ` շատ ուշագրավ գրաֆիկ կլինի: Ես այդ հարցի շուրջ որևէ խոսակցություն չեմ ունեցել, պաշտոնական տեսակետին չեմ տիրապետում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը