«Հրապարակ»-ը գրել է. «Ցավալի է, երբ պետական հմուտ կառավարումը, պետական ծառայողի ժուժկալությունը, պետական միջոցների խնայողությունը հանգում է պարզունակ հարցադրումների ու պահանջների։ Ասենք՝ տարեվերջյան 13-րդ աշխատավարձերի թեման հանրային ամենալայն քննարկման ու վրդովմունքի առարկան է դառնում, իսկ փոխվարչապետի՝ մեկ ծառայողական մեքենայից հրաժարվելը՝ համընդհանուր ցնծության։
Իսկ ԱԺ նորընտիր նախագահը հերոսական կեցվածքով հայտարարում է․ «Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը»։
Գուցե արժե պետական պաշտոնյայի համեստության և անկաշառության օրինակներ ի ցույց դնել։ Եվ իսկապես՝ հասարակությունն ուզում է համոզվել, որ երիտասարդ իշխանավորներն էականորեն տարբերվում են նախորդ «թալանչի ու ագահ իշխանություններից», բայց իշխանավորի դրական կերպարը նույնացնել երթուղայինով աշխատանքի գնացող, մաշված շորերով ման եկող չինովնիկի կերպարի հետ, սխալ է, վտանգավոր։
Հասարակությունն իր համար նախ պետք է ճշտի՝ որն է գործունյա, աշխատանքին նվիրված, հանրային հոգսով ապրող, պետական միջոցները չշռայլող, «Հայաստանի Հանրապետությանը ծառայող» պաշտոնյան։ Ապա պետք է պահանջի, որ այդ պաշտոնյան ավելի բարեկեցիկ կյանքով ապրի, քան աղքատության սահմանից այն կողմում գտնվողները։ Եվ պետք է հասկանա, որ հավասարության, համահարթեցման սկզբունքները գործում են սոցիալիստական հասարակարգերում, իսկ ժամանակակից աշխարհում ամեն մեկը պետք է գնահատվի ըստ աշխատանքի, և այդ աշխատանքի արդյունավետությունը որոշելու հստակ չափորոշիչներ պետք է լինեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը