22 01 2019

Նոր իշխանավորներ՝ հին «պրակտիկաներով»․ «Առավոտ»

Նոր իշխանավորներ՝ հին «պրակտիկաներով»․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Մարզպետները, պարգեւատրելով իրենց եւ իրենց աշխատակիցներին, ակնհայտորեն օրենք չեն խախտել: Ավելին՝ վստահ եմ, որ առաջներում կար այդպիսի «պրակտիկա»: Բայց հեղափոխությունից առաջ պետական համակարգում կային բազմաթիվ այլ «պրակտիկաներ», եւ դրանք մերժելու համար տասնյակ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել: Այժմ խնդիր կա ձեւավորելու այնպիսի «պրակտիկաներ», որոնք չեն հակասի «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» պաթետիկ բացականչությանը եւ «հպարտ քաղաքացիների» հրճվալից արտասուքին:

Ի դեպ, կարելի է հպարտ քաղաքացի լինել եւ ծառայել հայրենիքին՝ գործելով պետական համակարգից դուրս: Չեմ կարծում, որ վիրահատություն անող բժիշկը կամ ամեն օր դասարան մտնող ուսուցիչը, եթե անգամ նրանք անցած գարնանը չեն փակել փողոցները, պակաս հպարտ քաղաքացիներ են: Բայց պետական պաշտոնյաների նկատմամբ պահանջներն ավելի խիստ են, որովհետեւ մենք՝ հարկատուներս, նրանց վստահում ենք մեր գումարները, նրանք ոչ միայն օրենքի, այլեւ բարոյական նորմերի, էթիկայի տեսանկյունից պետք է անթերի լինեն:

Եթե մարդը Հայաստանի նման աղքատ երկրում չինովնիկական ամբարտավանությունը մերժող հեղափոխությունից հետո ստանձնում է որեւէ պետական պաշտոն (այդ թվում՝ մարզպետի), ապա նա պետք է պատրաստ լինի որոշակի անհարմարությունների, անգամ՝ զոհողությունների, մասնավորապես՝ «չոր աշխատավարձով» ապրելուն:

Երբ Արեւմտյան Եվրոպայի որեւէ երկրում կամ Ճապոնիայում բարձրաստիճան պաշտոնյան ազատվում է աշխատանքից, օրինակ, այն բանի համար, որ սեփական ամառանոց է գնացել պետության կողմից իրեն տրված ծառայողական մեքենայով, նա պատժվում է ոչ թե օրենքը խախտելու, այլ պաշտոնական էթիկան խախտելու համար: Քաղաքացիներին ուղերձ է հղվում, որ իրենց գումարներից ոչ մի կոպեկ կամայականորեն չի ծախսվի: Դա չի նշանակում, որ այնտեղ չկան պաշտոնյաներ, որոնք իրենց «ավելորդություններ» են թույլ տալիս: Բայց բոլոր ռիսկերը մնում են նրանց հայեցողությանը՝ չինովնիկները գիտեն, որ էթիկայի տեսանկյունից սխալ արարքների բացահայտման դեպքում կարող են զրկվել պաշտոնից:

Վստահ եմ, որ մենք էլ պետք է ձգտենք նման դրվածքին: Մինչ այս պահը երկու տասնամյակների «պրակտիկան» հակառակ պատկերն էր ներկայացնում: Նախարարներն ու մարզպետներն ունեին երկու «սպասարկող» մեքենա՝ մեկը իրենց համար, մեկը՝ ընտանիքների»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ