«168 ժամ» թերթը գրում է.
«Վեդիի բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին ղեկավար, վիրաբույժ Մելքոն Տալոյանը բողոք է ներկայացրել մարզպետի դեմ՝ աշխատանքից իրեն ազատելու հրամանը բողոքարկելու նպատակով:
Հիշեցնենք, հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գարիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջինն «ազատվեց» Արտաշատի, Մասիսի եւ Վեդու բժշկական կենտրոնների ղեկավարներից: Երեքն էլ քննությունն անցել, նոր էին նշանակվել իրենց պաշտոններում: Ի դեպ, նույնն էր նաեւ այս երեք անձանցից ազատվելու մարզպետի ձեռագիրը, գործի դրած միջոցներն ու ժամանակահատվածը:
Նույնն է նաեւ մարզի բուժկենտրոնները ղեկավարած այս երեք բժիշկների պահանջը դատարանից՝ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցերում երեքն էլ վիճարկում են իրենց մասով մարզպետի կամայական հրամանը:
Վեդու ԲԿ ղեկավարն աշխատանքից ազատելու մարզպետի որոշումը բացառապես անձնավորված է համարում: «168.am»-ի հետ զրույցում Մելքոն Տալոյանը մանրամասնում է մարզպետի դեմ հայցի եւ նրա հետ ունեցած լարված հարաբերությունների մասին:
«Գարիկ Սարգսյանի հետ անձամբ ծանոթ չեմ եղել, մինչեւ մարզպետ նշանակվելը որեւէ ֆորմատով շփումներ չեն եղել, սակայն մեր հարաբերություններում առկա լարվածությունը, որ այդքան խոր նստվածք է թողել իր վրա, իրականում իր մերձավորի քաղաքական պարտության հետ է կապված, այդ պատմությունը գալիս է դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից: Արալեզ համայնքում, որտեղ իմ բնակավայրն է, հայրական օջախս է նաեւ այդ գյուղում, 2012-ի խորհրդարանական ընտրություններին աջակցում էի ընկերոջս՝ ՀՀԿ-ից ներկայացված Արայիկ Գրիգորյանին (Ավշարի Արայիկին):
Հակառակորդ թեկնածուն, որը մարզում Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թեւոնյանն էր («Հանրապետություն» կուսակցությունից), սեփական գյուղում խայտառակ պարտություն կրեց եւ դա չի մարսել մինչ օրս: Հենց այդպես էլ ասաց, նույն օրը՝ խմբված մարդկանց մեջ բացեիբաց հայտարարել էր, որ Տալոյանից վրեժխնդիր է լինելու: Եվ այսօր Թեւոնյանը հիշել է իր քաղաքական ընտրարշավում չմարսած պարտությունը ու «փաթաթել» է գործադիր իշխանության ներկայացուցիչ երիտասարդ մարզպետի վզին՝ օգտվելով նրա փորձառության պակասից, խորհրդատու է դարձել, զանազան հարցերում աջակցում է, ուղղորդում, ու վստահությունը չարաշահելով՝ մարզպետի ձեռքով մարզից շատերի դեմ սեփական վրեժն է լուծում:
Մարզպետը զոհ է, գործնականում այդ մարդուն երբեք չհետաքրքրեց մարզի հիվանդանոցներում բուժանձնակազմի աշխատանքի որակը, մեր կադրային, տեխնիկական ռեսուրսները, ակնկալիքները՝ իրենից, հեղափոխությունից, ինքն այդ լրջությունը չունեցավ»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վեդու ԲԿ նախկին ղեկավարը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը