«168 Ժամ»-ը գրում է․ «Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Դավիթ Անանյանը հայտարարեց, որ 2018թ. հարկային մուտքերը լինելու են պլանավորվածից էապես բարձր։ Թե կոնկրետ ինչքա՞ն, այդպես էլ չասվեց։ Ամեն դեպքում, դա ենթադրում էր մուտքերի բավական բարձր կատարողական։
Հարկային տարին ավարտվել է, և այժմ կարելի է ամփոփել արդունքները։ Ինչպիսի՞ն է փաստացի իրավիճակը։
Դժվար է ասել, անշուշտ, թե ժամանակին ինչո՞վ էր պայմանավորված ՊԵԿ նախագահի նման լավատեսությունը, հատկապես որ, իշխանափոխությունից հետո տնտեսությունը կանգնած էր անկայունության ու անորոշությունների առջև։ Բայց փաստն այն է, որ բյուջեի հարկային եկամուտները չեն կատարվել։
Խոսքը ոչ թե միասնական հաշվի մուտքերի, այլ բյուջե հաշվեգրված եկամուտների մասին է։ Սրանք տարբեր հասկացություններ են, որոնք, երբեմն միտումնավոր թե չիմացությամբ՝ նույնականացվում են։ Իրականում միասնական հաշվի մնացորդը և բյուջե հաշվեգրված եկամուտները քիչ կապ ունեն իրար հետ։ Այդ կապն առաջանում է այն ժամանակ, երբ հարկատուների մոտ գոյանում են պարտավորություններ պետական բյուջեի նկատմամբ։
Մինչև այդ պահը միասնական հաշվին կուտակված միջոցները հանդիսանում են հարկատուների փողերը, որոնց նկատմամբ պետությունը, այդ թվում՝ հարկային մարմինները, որևէ իրավասություն չունեն։ Թեև դա չի խանգարում, որպեսզի երբեմն-երբեմն միասնական հաշվի մնացորդը ներկայացվի՝ որպես հարկային եկամուտ։ Իրականում դրանք հարկային եկամուտներ չեն և այդպիսին են դառնում այն պահից, երբ գոյացած պարտավորությունների դիմաց հաշվեգրվում են պետական բյուջե։ Կարող է այնպես ստացվել, որ միասնական հաշվի մնացորդն ամիսներով չդառնա բյուջեի եկամուտ։
Այնպես որ, բյուջեի կատարողականը որոշվում է ոչ թե միասնական հաշվին փոխանցված գումարներով, այլ հաշվեգրված եկամուտներով։ Այս առումով պատկերը գոհացնող չէ։ Չնայած ստվերային տնտեսության դեմ հատարարված անողոք պայքարին, բյուջեի նախատեսված հարկային մուտքերը ոչ միայն չեն ապահովվել, այլև թերակատարվել են։ Ճշգրտված պլանի համեմատ պակաս է ստացվել ավելի քան 4 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ տարբեր գործոնների հետևանքով տարվա ընթացքում կառավարությունը ճշգրտումներ է կատարում բյուջեի եկամուտներում և ծախսերում։ Բացառություն չէր եղել նաև նախորդ տարին։ Ըստ այդմ, ավելացվել են՝ ինչպես մուտքերը, այնպես էլ՝ ծախսերը։ Թեև թե՛ մեկ, և թե՛ մյուս դեպքում դրանք չեն կատարվել։
Անցած տարվա ընթացքում պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են շուրջ 1 տրիլիոն 258 մլրդ դրամ։ Աճը նախորդ տարվա համեմատ բավական բարձր է` 8,6 տոկոս։ Սակայն, դրանով հանդերձ, հարկերի և տուրքերի ճշգրտված պլանը, որով նախատեսված էր հավաքել ավելի քան 1 տրիլիոն 261,9 մլրդ դրամ, չի կատարվել` անգամ դեկտեմբերի աննախադեպ մուտքերի պայմաններում։ Տարվա վերջին ամսին բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները հասել են 153,8 մլրդ դրամի։
Նախկինում երբևէ նման բարձր ցուցանիշ չէր արձանագրվել։ Ամսական կտրվածքով առավելագույն գումարը մինչ այդ եղել էր ապրիլին` 126 մլրդ դրամ` պայմանավորված շահութահարկի վճարման ամիս լինելու հանգամանքով։
Չնայած սովորաբար տարեվերջին հարկային եկամուտներն ավելանում են, այնուհանդերձ դեկտեմբերին բյուջե հաշվեգրված գումարների նման բարձր կատարողականը որոշակի կասկածների տեղիք է տալիս։ Հատկապես որ, նախորդ երկու ամիսների մուտքերը բավական համեստ էին։ Դրանք ավելի քիչ էին նաև սեպտեմբերի համեմատ։
Եթե սեպտեմբերին բյուջեի հաշվեգրված եկամուտները կազմել էին 115 մլրդ դրամ, ապա հոկտեմբերին հավաքել էր 113,7 միլիարդ, իսկ նոյեմբերին` ընդամենը 102,7 մլրդ դրամ։ Ընդ որում, նոյեմբերի կատարողականն ավելի քան 4 միլիարդով նույնիսկ զիջել էր նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։
Թե ինչպե՞ս է երկու ամիսների նվազեցումից հետո Պետեկամուտների կոմիտեին հաջողվել դեկտեմբերին մուտքերի նման կտրուկ բարելավում ապահովել, պարզաբանման կարիք ունի։ Ամեն դեպքում այնպես չէ, որ տնտեսությունն այդ կամ նախորդ ամսին կտրուկ փոխել է վարքագիծը, ինչն էլ բերել է հարկային եկամուտների աննախադեպ աճի։
Նշենք, որ դեկտեմբերի մուտքերը ձևավորվում են նոյեմբերի տնտեսական գործունեության արդյունքում։ Իսկ այդ ամսին տնտեսությունը չի փայլել ակտիվությամբ։ Հոկտեմբերի նկատմամբ նույնիսկ անկում է գրանցվել, այն էլ բավական շոշափելի` ավելի քան 10 տոկոս։
Այդ պայմաններում, թե ինչի՞ հաշվին կարող էին հարկային մուտքերը նման կտրուկ աճ գրանցել, մնում է միայն գուշակել։ Աստեղ ինչ-որ բան կարծես այնպես չէ։ Թերևս, պատահական չէին նաև այն խոսակցությունները, որ հարկային մուտքերը հնարավորինս բարձր ցույց տալու նպատակով որոշակի, այսպես ասած, ստվերային պայմանավորվածություններ են եղել։
Դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ կտրուկ ավելացել են հատկապես շահութահարկի և բնապահպանական հարկի ու բնօգտագործման վճարների մուտքերը։ Եթե նոյեմբերին բյուջե հաշվեգրված շահութահարկը կազմել էր ընդամենը 843 մլն դրամ, ապա դեկտեմբերին հասել է գրեթե 34 միլիարդի։ Հիշեցնենք, որ խոսքը շահութահարկի կանխավճարի մասին է։
Նոյեմբերին բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի մուտքերը եղել են նույնիսկ բացասական։ Դժվար է ասել, թե ինչ պատճառով, բայց նախորդ ամսվա համեմատ դրանք նվազել են։ Արդեն դեկտեմբերին արձանագրվել են բավական բարձր մուտքեր` ավելի քան 9,2 մլրդ դրամ։
Ինչևէ, բյուջեի հարկային եկամուտներն անցած տարի, անշուշտ, ավելացել են։ Սակայն դա բավարար չի եղել նախատեսված ճշգրտված պլանը կատարելու համար։ Եվ սա՝ այն դեպքում, երբ իշխանափոխությունից հետո հայտարարվեց ստվերային տնտեսության դեմ անողոք պայքար ծավալելու մասին։
Հիշեցնենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոսում էր ստվերի հաշվին բյուջեի եկամուտները տարեկան առնվազն 800 մլն դոլարով ավելացնելու հնարավորության մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հ.Գ. Չնայած բյուջեի ճշգրտված պլանի թերակատարմանը, այնուհանդերձ բյուջեի միասնական հաշվին կան կուտակված բավական մեծ գումարներ։ Դեկտեմբերի վերջին դրանք կազմել են ավելի քան 100 մլն դոլար։
Թե ինչո՞ւ են հարկատուները շահագրգռված այդ միջոցները սառեցնել միասնական հաշվին, այլ հարց է։ Մի բան փաստ է, որ այդ գումարները դուրս են մնում շրջանառությունից։ Նման ճոխություն, առանց այն էլ՝ սուղ ֆինանսական ռեսուրսներ ունեցող տնտեսությունն իրավունք չունի թույլ տալ իրեն։ Սա բավական վտանգավոր երևույթ է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը