Թվում էր, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կառավարությունը թևերը քշտած պիտի սկսեր աշխատել։ Այս մասին գրում է 168.am-ը:
Հատկապես որ, անելիքների պակաս չունի. Տնտեսական աճի միտումները գնալով վատանում են։ Դժվար է նույնիսկ խոսել հասարակության սոցիալական պայմանների քիչ թե շատ բարելավման մասին։
Այս իրավիճակը պահանջում է խոսելու փոխարեն՝ գործով զբաղվել։ Առավել ևս, որ դրա համար այլևս չկան նախկին խանգարող հանգամանքները։
Ընտրություններից հետո անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ժողովրդի բացարձակ վստահությունը ստացած քաղաքական ուժն առայժմ չի շտապում։ Դեռևս անորոշ է անգամ կառավարության կառուցվածքը։ Հայտնի չէ նույնիսկ, թե երբ կձևավորվի նոր կաբինետը։ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը սպասվում է հունվարի 14-ին։ Դրանից հետո դեռ բավական ժամանակ կպահանջվի կառավարության կաբինետի ձևավորման և գործունեության ծրագրի ներկայացման համար։
Այլ կերպ ասած, տարեսկզբի առնվազն մեկուկես-երկու ամիսը կարելի է կորած համարել։ Մինչդեռ հասարակությունն ու տնտեսական հատվածի մասնակիցներն անհամբեր սպասում են, թե կառավարությունը, ի վերջո, երբ պիտի զբաղվի իր բուն գործով։
Տարվա մեկնարկին տնտեսական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ նույնքան անորոշ, որքան իշխանափոխությունից անմիջապես հետո։
Անցած տարին հաջողվեց փակել տնտեսական աճով։ Բայց դրան մեծապես նպաստեց հատկապես տարեսկզբին արձանագրված բարձր ակտիվությունը։ Իշխանափոխությանը հաջորդած շրջանում տնտեսական գործընթացներն էապես դանդաղեցին։ Առանձին ամիսներին նույնիսկ անկում գրանցվեց։ Եթե մի պահ տնտեսական ակտիվությունը հասնում էր գրեթե 10-10,5 տոկոսի, ապա սպասվում է, որ տարին կփակվի հազիվ 5-5,5 տոկոսի սահմաններում։
Գուցե վատ ցուցանիշ չէ, բայց կարող էր շատ ավելի լավ լինել, եթե կառավարությունն իսկապես զբաղվեր տնտեսական խնդիրներով։ Մինչդեռ այդպես չեղավ։ Տնտեսությունը ստորադասվեց քաղաքականությանը։
Կառավարությունը չկարողացավ խուսափել քաղաքական արկածախնդրությունից։ Կատարվեցին քայլեր, որոնք շոկային իրավիճակ ստեղծեցին տնտեսության համար։ Դրանից մեծապես տուժեց հատկապես ներդրումային միջավայրը։ Չնայած ձևավորված բարձր սպասումներին, այնուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը զրկվեց արտաքին կապիտալի մուտքերից։ Գրեթե դադարեցին նաև ներքին ներդրումները։
Իշխանափոխությանը հաջորդած վեց ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ կատարված զուտ ներդրումային հոսքերն առաջին եռամսյակի համեմատ կրկնակի կրճատվեցին։ Հաշվի առնելով ներդրումների կարևորությունը տնտեսության համար, դժվար չէ պատկերացնել, թե առաջիկայում դա ինչպիսի բացասական ազդեցություն կունենա։ Ներդրումները պրոցես են, որոնք երբեք չի կարելի ընդհատել, հատկապես՝ արհեստական խոչընդոտների միջոցով։ Հետագայում շատ ավելի դժվար է լինելու վստահության վերականգնումը։
Իշխանափոխությունից անգամ ութ ամիս հետո Հայաստանի՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ ներդրումային միջավայրում անորոշությունների պակաս չի զգացվում։ Մինչև այժմ իրականացվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ արված հայտարարություններն ու գործնական քայլերը շատ դեպքերում չեն տեղավորվում նույն հարթության մեջ։ Չկան հայեցակարգային մոտեցումներ։
Հայտնի չէ, թե ի վերջո նոր իրողությունների պայմաններում ո՞ւր է գնում Հայաստանի տնտեսությունը։ Չընդունելով նախկինում ստեղծված տնտեսական մոդելը և համարելով, որ այն չի համապատասխանում ներառական տնտեսական քաղաքականությանը, կառավարությունն այդպես էլ որևէ այլ բան չառաջարկեց։ Այս ընթացքում չիրականացվեցին այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք պիտի ամրապնդեին հեղափոխության նվաճումները։
Դեռևս խորհրդարան չեն հասել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որոնց մասին այդքան երկար խոսվում է, և որի որոշ դրույքներ նախընտրական քարոզարշավի ժամանակ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կիրառում էր ընտրողների վրա տպավորություն գործելու համար։ Դժվար է ասել, կառավարությունն այդ փոփոխությունների հետ իսկապե՞ս լուրջ հույսեր է կապում, թե՞ փորձում է պարզապես հասարակության մոտ դրական իմիտացիա ձևավորել։ Ամեն դեպքում, այն, ինչ առաջարկվում է, ամենևին էլ բավարար չէ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։
Առավել մանրամասն կարդացեք այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը