168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ գազի գինը միայն ռուս-հայկական խնդիր չի, դա լուրջ խնդիր է ԵԱՏՄ-ում։ Նա դժվարացավ կանխատեսել, թե ինչպե՞ս կփոփոխվի գինը՝ նշելով, որ հայտնի չէ, թե ինչ է մտածում Ռուսաստանը։
«Գազի տերը ռուսներն են, որոնց մոտ հնարավոր է ծախսի փոփոխություն և այլն։ Բայց միևնույն ժամանակ բոլոր մյուս պետությունները՝ Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը, բացառությամբ Ղազախստանի, գիտեք, որ Ղրղզստանը գազը ձեռք է բերում Ղազախստանից, այս գնող կազմակերպությունները բողոքում են, թե ինչու ներքին գներով մեզ չեք վաճառում։ Սա շատ բարդ հարց է, չեմ կարող գուշակել»,- ասել է Հ.Բագրատյանը։
Թերթի հարցին՝ միայն Ռուսաստանի բարի կամքի գործո՞նն է, միջազգային շուկայում փոփոխություններ, կարծես, չեն նկատվում, Հ.Բագրատյանը պատասխանեց, որ գազի գինը, ի տարբերություն նավթի գնի, էական տատանում չի ունեցել դեպի իջեցում, բայց դեպի բարձրացում ևս չի եղել, և առանց տրանսպորտային ծախսերի մեծածախ գինը միջազգային շուկայում տատանվում է 110-120 դոլարի սահմաններում։
Ըստ նրա՝ ավելի էական է գազի գնի փոփոխությունը Հայաստանի սահման հասնելուց հետո. «Այդտեղ լուրջ խնդիրներ կան՝ կապված «Գազպրոմ Արմենիայի» ներհայաստանյան ծախսերի բաղադրիչի հետ։ Եվ կառավարությունն այդտեղ անելիք ունի, 8 ամիս է աշխատում է, թող լուծեն այդ հարցը»։
Հ.Բագրատյանը բացառել է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կարողանա քաղաքական ինչ-ինչ համաձայնությունների կամ զիջումների արդյունքում գազի ավելի էժան գին ստանալ. «Ոչ, անհնարին է։ Սկզբունքորեն՝ Փաշինյանին ոչ մի բան էլ չի հաջողվի։ Հնարավոր է, որ մերոնք են գազի գնի բարձրացման անեկդոտի հեղինակը, որ հետո գնան Մոսկվա, հետ գան, ասեն՝ տեսաք, չբարձրացավ։ Խնդիրն այն է, որ այն գազի գինը, որ մեզ համար կհաստատվի, մոտավորապես նույնությամբ կլինի Բելառուսի համար, և պետք է նույն սխեման կիրառվի նաև Ղրղզստանի համար, այսինքն՝ կարող են լինել անհատական չնչին տարբերություններ, բայց էական տարբերություն անհնարին է»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը