27 12 2018

Ադրբեջանը բանակցությունների նախաձեռնությունը փորձում է վերցնել իր վրա․ վերլուծաբան․ «168 Ժամ»

Ադրբեջանը բանակցությունների նախաձեռնությունը փորձում է վերցնել իր վրա․ վերլուծաբան․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հաջորդ տարի ակտիվ բանակցություններ կլինեն, բայց վստահ չեմ, որ կողմերը կգան համաձայնության»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Լուկիանովն արձանագրեց, որ ադրբեջանական կողմը կարգավորման  ապագա բանակցությունների նախաձեռնությունը փորձում է վերցնել իր վրա՝ թելադրելով առաջիկա բանակցությունների օրակարգը:Ըստ նրա՝ այս հայտարարություններով պարզ է դառնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել կարգավորման այն սկզբունքների շուրջ, որոնց իրենք կողմ են եղել և որոնց դեմ են եղել:

«ՀՀ վարչապետի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի դիրքորոշումը ևս չի փոխվել, բայց այստեղ ամեն ինչ չէ, որ հասկանալի է, քանի որ հայկական կողմը՝ ինչպես ամիսներ առաջ, չի շարունակում պնդել իր դիրքորոշումը բանակցություններին Արցախի մասնակցության հարցի վերաբերյալ՝ երևի թե հասկանալով, որ դա փակուղի կմտցնի բանակցային գործընթացը: Բայց, ըստ էության, եթե կողմերի դիրքորշումները չեն փոխվել, ի՞նչ առաջընթաց է ակնկալում ադրբեջանական կողմը և ինչո՞ւ, ինչպե՞ս: Նույն սպասումները կան նաև Ռուսաստանում, արդեն մի քանի հայտարարություններով նման ակնկալիքներ է արտահայտել ռուսական կողմը՝ իր հավանությունն ըստ էության տալով ադրբեջանական կողմի քայլերին:

Հայաստանի դիվանագիտության խնդիրն է՝ ակտիվորեն առաջ մղել սեփական օրակարգը, եթե այն տարբերվում է ադրբեջանական օրակարգից, այլապես կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական կողմը դեմ չէ նույնիսկ որոշ հարցերում ադրբեջանական մոտեցումներին: Սակայն հարկ է ընդգծել, որ վերջին շրջանի ողջ առաջընթացը հիմնված է եղել այս ակնկալիքների վրա, այն հանգամանքի, որ դեռևս լուրջ հարցերի շուրջ բանակցություններ չեն եղել, այլապես դժվար է ենթադրել, թե ինչու է փոխվել կողմերի հռետորաբանությունը, եթե ոչինչ չի փոխվել: Ուրեմն կան սին ակնկալիքներ»,- ասաց Լուկիանովը:

«Ռուսաստանը եղել է ամենաազդեցիկ միջնորդներից մեկը, սակայն ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կան ակնկալիքներ նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի հետ հարաբերությունների և արտաքին ավելի լայն քաղաքականության տեսանկյունից, որը ներառում է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Ռուսաստանը պահպանելու է իր ավանդական քաղաքականությունն այստեղ՝ համագործակցելով այն կողմի հետ, որը կցանկանա, և չպարտադրելով համագործակցություն այն կողմին, որը դա չի ցանկանա»,- ասաց Լուկիանովը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ