«Փաստ»-ը գրում է. Հաշված օրերից կավարտվի բավականին բուռն և էքսցենտրիկ զարգացումներով աչքի ընկած 2018-ը, որի մասին դեռ երկար կհիշենք մենք և մեր ապագա սերունդները: Տարին ավարտվեց: Տարիներ շարունակ ՀՀ-ում շրջում էր հեղափոխության մասին միֆ, որը մշտապես արժանանում էր «դավադրության տեսություն» որակմանը, դարձավ ռեալություն: Հայաստանը եղավ գունավոր հեղափոխությունների հաջորդ հագրվանն ու երկիրը:
Այն, որ գունավոր հեղափոխության «հայրերը» խիստ փափուկ ռեժիմով մոտենում են մի կողմից Իրանին, մյուս կողմից` Ռուսաստանին: Հայաստանն այդ առումով թիրախային երկիր էր այդ երկու խնդիրը համաժամանակյա լուծելու համար, ինչով էլ աշխարհին ցուցանվեց` գունավոր հեղափոխության հաղթարշավն անկասելի է, հաշվարկը` անթերի: Ընդ որում, նույնքան սահուն ու անթերի էլ կատարվեցին մի քանի զուգահեռ գործողություններ ու ընթացակարգեր. ոչ միայն կտրվեց Հայաստանի` Ռուսաստանին կապող պորտալարը, այլև նույն Հայաստանի ձեռքով «իզգոյացման» եզրին հասցվեց ՀԱՊԿ-ը:
Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չի անվերջ ցուցանում, թե էական չէ, թե ով կլինի ՀԱՊԿ քարտուղարը, ավելի էական հարցեր են լուծվում այնտեղ: Այո, Հայաստանը «քողազերծել» է ՀԱՊԿ-ի ընդերքային խնդիրներն ու ոչնչացման դատապարտել այդ կառույցը, ուր, թվում է, Բատկան մաչոյական, նիկոլյան ոճով Նիկոլին «փռում է ասֆալտին»` ՀԱՊԿ-ի քարտուղարության ստանձմամբ, իրականում իմիջազրկվում-բարոյազրկվում է մի ողջ կառույց: Կարծում ենք` ժողովրդավարության և «գունավորության հայրերը» չեն կարող հարկ եղածը չմատուցել հեղափոխությունը իրականացրած ու այն դետալայնությամբ դեռ շարունակող Փաշինյան-«պրոյեկտին»:
Կարելի է խիստ պրագմատիկ հայացքով ակնառել, որ հինը, ինչը բավականին ոսկրացել էր Հայաստանում, հեղափոխությունը քանդեց: Եվ քանի որ սա նույնպես խիստ պրոյեկտավորված գործընթաց էր, Փաշինյանն էլ, որպես նախագիծ, խիստ պլանավորված կատարում է բոլոր անհրաժեշտ քայլերը` թե՛ բուն հեղափոխության, թե՛ հետհեղափոխական ժամանակահատվածում` «թքած ունենալով ամենի ու ամենքի վրա», այդ ամենը բարուրելով ժողովրդի նկատմամբ տածած «սիրո» ծխածածկույթով, շատ մեծ ու տպավորիչ «սալտոյով» Հայաստանում կատարեց նաև մենթալ հեղափոխություն` երկիրը միանգամից տեղափոխելով բոլորովին այլ արժեհամակարգերի տիրույթ, ուր ոչ միայն ատելությունն ու անհանդուրժողականությունն են տոնում իրենց մեծ հաղթանակը, այլև ավանդական արժեքներն են տեղի տալիս բոլորովին այլ արժեքների առաջ։
Այն փաստը, որ ԿԳ նախարարության և ԱԺ կրթության մշտական հանձնաժողովի գլխին կանգնած են մարդիկ, որոնք «ազատականության» էտալոններ են, որոնք բանակում ծառայելու «փորձ ու պատասխանատվություն» չունեն, արդեն իսկ բավարար է հասկանալու, թե կոսմոպոլիտիզմի, բազմազանության ինչ հարթությունում է նույնքան արագ հայտնվել ՀՀ-ն (թերևս արագ մոռացանք, որ անմիջապես հեղափոխությունից հետո Հայաստան եկավ Էլթոն Ջոնը` յուր ամուսնու հետ):
Նորերը քայլում են մեր բոլոր սրբությունների վրայով, այդ թվում` Արցախի: Պե՞տք է պնդել, որ Սասուն Միքայելյանի հնչեցրած միտքը, այո, ոչ այնքան Սասունի, որքան այս հեղափոխությամ ռեֆրենն էր` հեղափոխությունն ամեն ինչ է, Արցախն ու մնացած ամեն ինչը` առ ոչինչ:
Խոսքն այս պահին առնչվում է ոչ այնքան հայոց բանակը քարուքանդ անելու տենդին, որքան երկու կադրային նշանակումներին. առաջին՝ հեղափոխության օրերին հեղափոխականներին միացած, երկրի դեմ ցույցի ելած զինվորականների հրամանատարին բարձր պաշտոնի նշանակումը և երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված Արշակ Կարապետյանի` Նիկոլ Փաշինյանի խորհրդական դառնալը:
Թերևես արժե շատ հաճախ կշռադատել և հետհայացք գցել մեր քայլերի ու թողած հետագծի մասին, մնացածի մասին մյուս տարի…..
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը