26 12 2018

Մեր քանդված բաբելոնյան աշտարակը․ «Հայոց աշխարհ»

Մեր քանդված բաբելոնյան աշտարակը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դեռ երբեք մեր հասարակությունը չի եղել այնքան պառակտված, որքան այսօր։ Այնպիսի տպավորություն է, թե բառերը կորցրել կամ փոխել են իմաստը, եւ մարդկանց միջեւ վերացել է փոխըմբռնումը։ Երբ տեղի է ունենում նման բան, հասարակությունը մասնատվում է. անհնար է դառնում միասնական նպատակի իրականացումը, անհնար է նույնիսկ միասնական բուն նպատակը։  

Աստված, ցանկանալով խափանել բաբելոնյան առաջնորդների հավակնոտ ծրագրերը, ամենեւին էլ համաճարակ, պատերազմ եւ այդօրինակ կոպիտ դիվերսիաներ չկազմակերպեց։ «Կխառնեմ նրանց լեզուները»,- ասաց Նա։ Եվ՝ վե՛րջ Աշտարակին։   

Ահա թե ինչ տեսք ունի այս հանրահայտ պատմությունը.   «Եվ ասացին նրանք. «Եկեք մեզ համար մի քաղաք ու աշտարակ շինենք, որի գլուխը մինչեւ երկինք հասնի եւ մեր անունը փառաբանենք...  

Տերը մարդու որդիների շինած քաղաքն ու աշտարակը տեսնելու իջավ։   Եվ ասաց Տերը. «Ահա սրանք մեկ ժողովուրդ են եւ ամենքի լեզուն մեկ է եւ սկսեցին կառուցել սա եւ հիմա ինչ էլ մտադրվեն շինել, արգելող ոչինչ չկա։ Եկեք իջնենք եւ նրանց լեզուն այնտեղ խառնակենք, որպեսզի մեկը մյուսի լեզուն չհասկանա»։  

Տերը երկրի երեսով մեկ ցրեց նրանց եւ դադարեցին շինել քաղաքը» (Գիրք Ծննդոց, 11)։  

Մի՞թե մենք այդչափ միամիտ ենք, որ հավատանք, թե իբր բաբելոնցիները վայրկենապես սկսեցին խոսել անգլերեն, ֆրանսերեն, հայերեն եւ այն ժամանակ գոյություն չունեցող այլ լեզուներով։ Ոչ, նրանք պարզապես դադարեցին հասկանալ միմյանց։ Լեզուն արտաքուստ (հնչողությամբ) մնաց առաջվանը։ Բայց մարդիկ սկսեցին հասկանալ բառերը տարբեր կերպ։  

Ահա հենց դա էլ տեղի ունեցավ մեր հասարակության հետ, որտեղ դադարել են գործել նաեւ բարոյական օրենքները։  

Մեր քանդված Բաբելոնյան աշտարակի բեկորներից կփորձեն կառուցել նոր շինություններ, եւ հետաքրքիր կլինի նայել, թե ինչ կստացվի ի վերջո։ Պատմության մեջ այդպես եղել է մշտապես, եւ ափսոսալ չարժե։ Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարը կառուցվեց Կոլիզեումի քարերից, այդպես տեղի կունենա եւս մեկ անգամ, հետո կրկին ու կրկին։ Մշտապես քայլ է արվում հռոմեական կրկեսներից դեպի հռոմեական եկեղեցի, ինչպես ասել է Պաստեռնակը։  

Իսկ մինչ նոր շինարարության սկսվելը, այսինքն՝ այսօր, մեր հասարակությունն ապրում է «Դու մեռիր այսօր, իսկ ես կմեռնեմ վաղը» օրենքով։ Սա Menschliches, Allzumenschliches է՝ մարդկային, չափազանց մարդկային։ Նման մոտեցումը, ի դեպ, հատուկ է նաեւ բոլոր քաղաքական ուժերին, թեեւ նրանք տարբեր հայացքներ ունեն նույնիսկ բազմապատկման աղյուսակի նկատմամբ։  

Բայց ո՞վ եւ ի՞նչ է կառուցելու «Բաբելոնյան աշտարակի» բեկորներից։ Ահա հարցերի հարցը։  

Համենայն դեպս հասարակության ներկայիս վիճակը հիմք չի տալիս հուսալու, որ տեսանելի ապագայում այդ շինարարությունը որակյալ կլինի։  

Հարաբերությունները մեզանում կառուցվում են «Հարեւանի կովը սատկեց. մանրուք է, բայց հաճելի» փոքրիկ ուրախության հիման վրա։ Ըստ որում՝ կյանքը Նոր Հայաստանում հիշեցնում է զանգվածային համաճարակ, այնպես որ բոլորի կովերն էլ հաճախ սատկում են, հետեւաբար բոլորն էլ ուրախանում են հարեւանների համար։  

Այնինչ նորմալ հասարակությունը պետք է ապրի միանգամայն այլ օրենքներով։ Ամերիկացի միջատաբան Էդվարդ Օսբորն Ուիլսոնը 1975 թվականին մեծ աղմուկ հանեց իր «Սոցիոկենսաբանություն. նոր սինթեզ» աշխատությամբ, որտեղ շարադրեց հասարակական միջատների՝ մրջյունների, մեղուների, կրետների եւ տերմիտների իր ուսումնասիրությունների արդյունքները։ Նա պարզեց, որ դրանց վերին աստիճանի հատուկ է ինքնազոհաբերման պատրաստակամությունը՝ հանուն ցեղի շարունակության։  

Ուիլսոնը անվանեց նեպոտիզմը միջատների վարքի կարեւորագույն գիծ։ Նրանից հետո սոցիոկենսաբանության էնտուզիաստները վեր ու վար շարժվեցին էվոլյուցիոն աստիճաններով։ Ներկայումս «բջջի ինքնազոհաբերում» եւ «գենետիկ ինքնասպանություն» տերմինները արդեն ոչ մեկին չեն զարմացնում։ Հոժարակամ ցելիբատի՝ վերարտադրողական գործառույթներից հրաժարման դեպքեր արձանագրվել են թռչունների եւ կաթնասունների որոշ տեսակների շրջանում։ Եվ հենց այդ օրենքներով, կրկնում ենք, պիտի ապրի նորմալ հասարակությունը։   

Ամերիկայում հասարակությունն ապրում է, այսպես կոչված, «հարուստ հարեւանի օրենքով», որի էությունը հետեւյալն է։  

Ամեն տուն, հատկապես բնակելին, բաղկացած է, ինչպես ուսուցանում էր Արիստոտելը, նյութից եւ գաղափարից։ Առաջինը քարերն ու տախտակներն են, երկրորդը՝ «location» փոփոխական հասկացությունը, որ ներառում է ոչ միայն գտնվելու վայրը, այլեւ բազմաթիվ արտասովոր լրացուցիչ հանգամանքներ։  

Դրանք են՝ ե՛ւ լոկալ հարկերը, ե՛ւ հանցավորության մակարդակը, ե՛ւ ոստիկանների թիվը, ե՛ւ մոտակայքում դպրոցի առկայությունը, ե՛ւ աշակերտների միջին գնահատականները, ե՛ւ նրանց ծնողների կրթության մակարդակը, ե՛ւ տեղական ընտրությունների արդյունքները, ե՛ւ սիզամարգերի խնամվածության աստիճանը, ե՛ւ դրանց վրա անճաշակ պլաստմասսայե կենդանիների բացակայությունը, ե՛ւ պատուհանից բացվող տեսարանը դեպի հարեւանների տուն, ե՛ւ գլխավորը. իրենք՝ հարեւանները։  

Արտահայտել բոլոր այս եւ դժվար նկարագրելի բազմաթիվ այլ գործոնները մեկ բառով անհնար է, իսկ թվով կարելի է, եւ դա հուշում է, որ հարուստների միջավայրում ապրելն ավելի լավ է, քան աղքատների։  

Տրյուի՞զմ։ Մի՛ ասացեք։ Չէ՞ որ այստեղից հետեւում է, որ ձեր անշարժ գույքի գինը աճում եւ ընկնում է նույնիսկ այն ժամանակ, երբ դրա համար մատը մատին չեք տվել։ Եթե հարեւանը ծաղկաթմբեր է տնկել ու ջերմոց կառուցել, ապա ձեր, այլ ոչ միայն նրա տունն է թանկանում։ Իսկ եթե նա չի խուզում սիզամարգը եւ չի ներկում պատերը, ապա ձեր, այլ ոչ միայն նրա տունն է էժանանում։   

Ոչ միայն հայրենի հասարակությունը, այլեւ քաղաքական դաշտը պիտի ապրեն «հարուստ հարեւանի օրենքով»։ Որքան առողջ լինի ընդհանուր մթնոլորտը, այնքան լավ բոլորի համար։ Որքան լավ ապրեն ձեզ շրջապատող մարդիկ, այնքան շատ կշահեք ի վերջո դուք։   Դե, իսկ եթե բոլորը երազում են միայն մեկմեկու խժռելու մասին, ապա դու էլ անխուսափելիորեն կդառնաս վայրենի ու մարդակեր։   

Իրենց իշխանության գալու օրվանից ի վեր Նոր Հայաստանի տիրակալները, քողարկվելով «սիրո եւ համերաշխության» կեղծ կարգախոսների հետեւում, անում էին ամեն ինչ, որ պառակտեն հասարակությունը։ Բացահայտ կոչ էին անում մարդկանց մատնություն գրել իրար դեմ, անարգում ու վարկաբեկում իրենց հետ թեկուզ ինչ-որ հարցում համամիտ չլինել հանդգնողներին, բաժանում հասարակությունը «սեւերի» եւ «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», ուղարկում էին աղբանոցներ, ոտնձգություններ էին գործում մեր ավանդական արժեքների նկատմամբ եւ այսպես շարունակ։  

Եվ, պետք է ընդունել, հասան իրենց նպատակին։ Միասնական հասարակություն, որպես այդպիսին, մեզանում արդեն իսկապես չկա։ Եվ չի լինի դեռ երկար։    Դե ինչ, մնում է միայն հուսալ, որ, ինչպես ասված է Սուրբ Գրքում՝ «ականջ ունեցողը կլսի»։ Իսկ ուղեղ ունեցողը կսկսի մտածել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ