25 12 2018

Սպեկուլյանտների հնարքը. Բագրատաշենում նոր մասնագիտություն կա․ 168․am

Սպեկուլյանտների հնարքը. Բագրատաշենում նոր մասնագիտություն կա․ 168․am

168․am-ը գրում է․ «Հայաստանի Բագրատաշենի մաքսակետում վերջին ամիսներին օրենքը շրջանցելու նորանոր եղանակներ են ի հայտ գալիս։ 168.am-ի տեղեկություններով՝ բեռնատարներով ապրանք ներկրողները Վրաստանից դեպի Հայաստան մաքսային սահմանը հատելիս նոր պրակտիկա են կիրառում՝ մեքենաները բեռնաթափում են, ապրանքն անհատ քաղաքացիների միջոցով մինչև 50 կգ քաշով առանց մաքսազերծելու անցկացնում են ՀՀ տարածք, ապա նորից բարձում բեռնատարները։ Սա մրցակցային լուրջ խնդիրներ է ստեղծում օրենքի դաշտում գործող հատկապես՝ փոքր ու միջին ընկերությունների համար։

Խնդիրն այն է, որ օրենքը գրողները մինչև 50 կգ-ն չեն համարել «ակնհայտ առևտրային քանակություն», և դրա ներմուծելն ազատել են մաքսավճարներից: Սակայն, ակնհայտ է, որ օրենսդիրների մտքով չի էլ անցել, որ «գործարարները» նման հնարքի կդիմեն։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում այս իրավիճակը «շատ բարդ» բնորոշեց։

«Դա դեմպինգային պրոցես է, այսինքն՝ սահմանին բեռը տրոհվում է, հետո միանում ու չի մաքսազերծվում»,- ասաց Գ.Մակարյանը։

Ըստ նրա՝ սահմանը հատելու և բեռն անցկացնելու գործում այդ մարդիկ այնքան են վարպետացել, որ իրենց անձնագրերը հաճախ փոխում են, որովհետև անձնագրերում կնքելու տեղ չի մնում, էջերն արագ լրանում են։

Գ.Մակարյանի կարծիքով՝ 2019 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ կանոնակարգումները, որոնց պատճառով առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը՝ 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ կրճատվելու է, իրավիճակը չի փոխի, և ռիսկը չի նվազի: Նա նշեց, որ, եթե 50 կգ-ի փոխարեն՝ 25 կգ է թույլատրվելու առանց մաքսազերծման ներկրել, ապա նույն բեռը 10-ի փոխարեն՝ 20 անձ կանցկացնի սահմանը, և նույն վիճակը կլինի։

«Ցավոտ իրավիճակ է»,- ասաց Գ.Մակարյանը՝ հավելելով, որ միությունը դեկտեմբերի 20-ին դիմել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, որպեսզի կարգավորեն։

«ՊԵԿ-ը ԵԱՏՄ պահանջներով է գործում, բայց պետք է կանոնակարգել, կամ ԵԱՏՄ-ի հետ կարգավորել։ Այս դեմպինգը՝ առանց մաքսազերծման բերելը, էական մրցակցային խնդիր է առաջացնում»,- նշեց նա։

Միության նախագահի կարծիքով՝ լուծումներից մեկը կարող է լինել սահմանահատումների վերահսկողությունը, թե քանի անգամ նույն անձը կարող է անցնել սահմանը, որովհետև եթե ազատ տեղաշարժը քաղաքացու իրավունքն է, բայց առևտրի մեջ դա իրավունքի խախտում է առաջացնում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ