«Ժամանակ»-ը գրում է․ «Պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանի վերջին «նորամուծությունը» միայն Երևանի նոր ու թանկարժեք տոնածառը, հանրային քննարկման դրված Երևանի 2019 թվականի բյուջեի անհաջող նախագիծը չեն։ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել ավելացնել ժամը 24։00-ից հետո աշխատող կրպակների ու սննդի կետերի վճարելիք տուրքը։ Քաղաքապետարանը նախատեսում է այդ տուրքերը բարձրացնել առավելագույն չափերի։
Մասնավորապես, քաղաքապետարանը նախատեսում է Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի oբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանել առևտրի oբյեկտների համար՝ 120 հազար դրամ, իսկ հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար՝ 250 հազար։
Քաղաքապետարանում այս որոշումը կայացվել է, և այն կհաստատվի թերևս ավագանու առաջիկա՝ դեկտեմբերի 25-ի նիստում։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խիստ մտահոգիչ է համարում քաղաքապետարանի այս որոշումը։ Նրա խոսքով՝ սրա հետևանքը կարող է լինել այն, որ ժամը 24։00-ից հետո այլևս քաղաքում որևէ բաց կրպակ կամ սննդի կետ չի լինելու, որը միայն նպաստելու է սուպերմարկետների գործունեությանը։ «Մենք հասկանում ենք, որ սուպերմարկետների շահույթը այնքան մեծ է, որ կարող են գիշերն էլ աշխատեցնել։ Հիմա խոսքը կրպակների մասին է, ու մենք նման որոշումներով պարզապես անբարենպաստ պայմաններ ենք ստեղծում փոքր ու միջին բիզնեսի համար»,- ասաց Խաժակյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը