18 12 2018

Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ»

Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հրապարակման ժամանակ հրապարակվում է նաև խորհրդարան անցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների քանակը:

ԿԸՀ-ի կողմից թեկնածուների գրանցումն իրականացնելուց հետո արդեն ԱԺ-ն կհամարվի կազմավորված և հենց այդ օրն էլ կհայտարարվի նաև ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստն անցկացնելու օրը: ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստի օրը սահմանվում է ԱԺ կազմավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը:

Կարճ ասած, եթե ՍԴ-ում ընտրության հետ կապված հարցեր չվիճարկվեն, ապա ԱԺ կազմավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը կկայանա ԱԺ 7-րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստը:

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի 21-ին հաջորդող երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 31-ն է, որը պաշտոնապես ոչ աշխատանքային օր է: Դրան հաջորդող երկուշաբթին՝ հունվարի 7-ը, կրկին ոչ աշխատանքային օր է:

Այդ իսկ պատճառով էլ, եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա ամենայն հավանականությամբ, 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա հունվարի 14-ին:

Ինչ վերաբերում է շրջանառվող մեկ այլ հարցին, ապա վարչապետի ընտրություն չի լինելու:

Առաջին նիստի օրը վարչապետը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից: «7-րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն կնշանակվի ՀՀ վարչապետ: Այսինքն, մենք վարչապետի ընտրություն չենք ունենալու»,- ասաց Վ. Այվազյանը:

Խոսելով նախորդ՝ մի կողմից 2017-ին, մյուս կողմից՝ 2018-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություն իրականացնելու մասին, Վ. Այվազյանը նշեց, որ մինչ այդ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ չէր մտել ուժի մեջ և գործում էին անցումային դրույթները:

«Հիմա արդեն մենք անցումային դրույթներ չունենք և Սահմանադրությունն ամբողջությամբ մտել է ուժի մեջ: Ուստի, այսուհետ ՀՀ վարչապետը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից:

Այսինքն, անկախ այն հանգամանքից ԱԺ-ի հերթական, թե արտահերթ ընտրության արդյունքում է ձևավորվում խորհրդարանը, վարչապետը նշանակվում է, իսկ վարչապետի ընտրություն տեղի է ունենում գործող վարչապետի և կառավարության հրաժարական տալու դեպքում միայն, ինչը մենք ունեցել ենք այս տարի»,- ասաց Վ. Այվազյանը:

Պատասխանելով հարցին, որ՝ եթե ընտրությունների արդյունքներով մի կուսակցության չհաջողվի մեծամասնություն ունենալ, այդ դեպքում ՀՀ նախագահն ինչպե՞ս պետք է վարչապետին նշանակի, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը պատասխանեց. «Երբ որևէ կուսակցություն մեծամասնություն չունենա, ապա կուսակցությունները կոալիցիաներ պետք է կազմեն վարչապետի թեկնածուի շուրջ: Այսինքն, կոալիցիա կազմելու հիմքում վարչապետի թեկնածու ունենալն է լինելու, ով էլ կրկին նախագահի հրամանագրով կնշանակվի վարչապետ»,-ասաց Վ. Այվազյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ