17 12 2018

Նախատոնական շրջանում թավշյա գնաճ է. «Ժողովուրդ»

Նախատոնական շրջանում թավշյա գնաճ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում գնաճը շարունակվում է: Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2.6 տոկոս: Իսկ ահա միայն նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1 տոկոս գնաճ, ինչը պայմանավորված է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.1 տոկոս թանկացմամբ: 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի թանկացման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի 7.3 տոկոս եւ բանջարեղենի 18.7 տոկոս գնաճը: Օրինակ` բանջարեղենի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 18.7 տոկոս գնաճ: Միրգը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, թանկացել է 7.3 տոկոսով: Իսկ կաթնամթերքը, պանիրը եւ ձուն թանկացել են 0.4 տոկոսով: Դրան մեծապես նպաստել է ձվի 1 տոկոս գնաճը: Միայն վերջին 4 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 41.1 տոկոս: Ըստ վիճակագրական կոմիտեի` ձկնամթերքի շուկայում եւս գնաճ է արձանագրվել. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ձուկը թանկացել է 0.1 տոկոսով: Իսկ ահա ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 0.3 տոկոսով: Բայց մսամթերքը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հակառակը, էժանացել է 0.2 տոկոսով: Սակայն ըստ մասնագետների` սա ժամանակավոր է, քանի որ առջեւում Ամանորն է: Չէ՞ որ տոնական օրերին ամեն ինչ, այդ թվում եւ մսամթերքը, վաճառվում է բարձր գներով:

Բայց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը սեզոնային կամ նախատոնական թանկացումների տենդենց դեռեւս չի տեսնում: Ըստ տնտեսագետի` փորձը ցույց է տալիս, որ դեկտեմբերի երկրորդ կեսից է սկսում ամանորյա վազվզոցը, երբ գերպահանջարկը բերում է գների աճի: Նրա խոսքերով` դա պայմանավորված է բնակչության ցածր գնողունակությամբ: «Սա, կարելի է ասել, վերջին տարիների թրենդներից է: Ինչո՞ւ, որովհետեւ աշխատավարձերի, կենսաթոշակների նպաստների բարձրացում չի եղել, եւ չի էլ երեւում, որ առաջիկայում կլինի: Մասնավոր տրանսֆերտների էական աճ մենք չունենք` Ռուսաստանի վիճակով, ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված: Բնակչության գնողունակության, կարելի է ասել, լճացումը գնաճի զսպող գործոն է, գները չեն կարող իրենք իրենց աճել: Վաճառողները` շուկայի առաջարկ անողները, նայում են մարդկանց վճարունակությանը: Այնպես որ, այս պահի դրությամբ շուկան հավասարակշռված է»,- նկատեց տնտեսագետը: Նրա խոսքերով` «գնաճի փոքրիկ դրսեւորումները միանգամայն բնական են»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ