13 12 2018

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ այս գործելակերպից․ Վազգեն Մանուկյան․ Ankakh.com

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ այս գործելակերպից․ Վազգեն Մանուկյան․ Ankakh.com

«1988-ից սկսած՝ Հայաստանը երբեք չի միջամտել Ղարաբաղի ներքին հարցերին, մանավանդ բանակի գործերին։ Մենք օգնել ենք իրար, համագործակցել ենք, խորհուրդներ ու առաջարկություններ ենք տվել, բայց երբեք չենք խառնվել ներքին գործերին։ Բանակի հարցում երբեք չի դրվել քաղաքական պատկանելության, հայացքների հարց, անձնական հավատարմության հարց։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության յուրաքանչյուր միջամտություն Արցախի և նրա բանակի գործերին, յուրաքանչյուր անհարգալից, անընդունելի հայտարարություն Արցախի ղեկավարների հասցեին կործանարար է և անշտկելի վնասներ է հասցնում մեր ընդհանուր անվտանգությանը։ Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ այս գործելակերպից և կոչ եմ անում մեր հասարակությանն իր ձայնը բարձրացնել այս երևույթի դեմ, քանի դեռ չենք կրել անվերադարձ կորուստներ»,- ասել է հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը՝ «Անկախ» թերևթին տված հարցազրույցում։

«Պարո՛ն Մանուկյան, Դուք մեկ անգամ չէ, որ հանդես եք եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ կոշտ հայտարարություններով։ Իսկ Ձեր վերջին կարճ հայտարարության մեջ նշել էիք․ «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «Նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի ժողովուրդ»: Եթե ժողովուրդն այնուամենայնիվ համաձայն է, որո՞նք են լինելու հետևանքները»,- հարցին Վազգեն մանուկյանը պատասխանել է․ «Գիտե՞ք ինչ, իշխանությունները կարող են անիրավական որոշումներ ընդունել, պարտադրել դատարաններին և այլն, դա նոր բան չէ, մեր անկախության ամբողջ ընթացքում մենք դա տեսել ենք։ Բայց երբ ժողովուրդն է դրան համաձայն լինում, արդեն պետական ինստիտուտների գոյությունը դառնում է անիմաստ։ Այսինքն՝ մենք դառնում ենք մի պետություն, որտեղ առաջնորդվում ենք արդարության զգացումով, անձնական զգացմունքներով, ոչ թե օրենքներով։ Դա կործանարար է ցանկացած պետության համար։ Մի դեպքով, երկու դեպքով չի կարելի դատել, բայց եթե այդպես շարունակվի, իսկապես պետության համար կործանարար կլինի։ Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին, ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ և չեմ ուզում կրկնել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ