13 12 2018

Պաշտոնները պետք է զբաղեցնեն ծանոթ-բարեկամները․ «Հայոց աշխարհ»

Պաշտոնները պետք է զբաղեցնեն ծանոթ-բարեկամները․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ահա պիտի գան օրեր, ասում է Տերը, երբ սով կուղարկեմ երկիր։ Ո՛չ թե հացի սով եւ ոչ թե ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքերը լսելու սով։ Մեկ ծովից մյուս ծովը եւ հյուսիսից մինչեւ արեւելք պիտի թափառեն՝ Տիրոջ խոսքը փնտրելու համար, եւ չեն գտնի այն» (Ամ., 8, 11-12)։   

Հայոց աշխարհում այդ օրերը վրա են հասնում ամեն անգամ, երբ ձեւավորվում է նոր կառավարություն։ Ո՞վ է այդժամ ընդհանրապես հիշում Աստծո մասին եւ անսում նրա խոսքերին։ Նախարարական եւ դրանց հավասարեցված պաշտոն ստացածները, հապշտապ թիմեր հավաքելով ծանոթ-բարեկամներից, միանգամայն այլ խորհրդատուներ ունեն։   

Սկզբունքորեն ոչ մի վատ բան այստեղ չկա։ Հաճելի է, երբ ենթականերդ ոչ թե ինչ-որ ապուշներ են, ոչ թե բշտիկավոր գորտեր կամ ճիշտ խաչակնքել չիմացող պակասամիտներ ու անկապություններ, այլ ծանոթ-բարեկամներ։  

Ծանոթ-բարեկամները միանգամայն այլ, լավ բան են։ Որպես կանոն, դրանք դաստիարակված են, բազմակողմանի գիտելիքների տեր, ուտում են նստած, աչքը չեն շլում։ Նրանց մազերը, ինչպես պատմում են, աճում են հենց գլխից, ձեռքերը՝ իրանից, ոտքերն էլ՝ համապատասխանաբար։  

Կզբաղեցնի այդպիսի ծանոթ-բարեկամը մի լավ աշխատասենյակ, կթուլացնի փողկապը, կփչի, կթքի, եւ, արի ու տես՝ արված է գործը։ Ոչ մի սայթաքում, ոչ մի այլանդակություն թույլ չի տա, ամրակներ չի գողանա, որեւէ հայհոյանք թաքուն մեխով սեղանի վրա չի քերծի։ Միմիայն օգուտ է տալիս նման մարդը պետական ծառայության մեջ։   

Եվ լավ է, որ այդպիսի ենթակաների թիվը Նոր Հայաստանում սրընթաց ավելանում է։ Զբաղեցնում են նրանք հիմա ամենակարեւոր բոլոր պաշտոնները, ու երեւում է, որ է՛լ ավելի կբազմանան։   

Գիտակ մարդկանցից լսել ենք, որ հենց այդպես էլ պետք է։ Ո՞վ չի սիրում հավատարիմ, նվիրված մարդկանց։ Գահ է բարձրանում, ասենք, ամերիկյան թագավորը, տեղնուտեղը իրեն օգնական վերցնում ծանոթ նեգրին, կանչում նաեւ դպրոցական սպիտակամորթ ընկերոջը, իշխանությամբ օժտում բոլոր առումներով հաճելի մի կնոջ։ Իսկ ինչո՞վ ենք մենք պակաս ամերիկացիներից։   

Ոչ մի բանով էլ պակաս չենք, պարզապես չափազանց տարբեր ենք։ Օրինակ, երբ ամերիկացին հիփոթեքային վարկ է վերցնում, նա համակերպվում է մնացյալ ողջ կյանքում անիծյալ բանկին վճարելու տխուր հեռանկարի հետ։ Իսկ հայը, հիփոթեքային վարկ վերցնելով, առաջնորդվում է այն լուսավոր երազանքով, որ բանկատիրոջը կնստեցնեն կամ կսպանեն (երկրորդը ավելի նախընտրելի է), բանկը կսնանկանա, փաստաթղթերը կանհետանան, կայրվեն, եւ կու-կու. վճարել պետք չէ՛։   

Պետական հոգսերը ծանոթ-բարեկամներին վստահելու պատճառներն ըստ էության երկուսն են. գործնական եւ միստիկական։ Գործնականն այն է, որ չափազանց հարմար է գործ ունենալ ծանոթների հետ։ Օրինակ, ինչպե՞ս կառավարել ինչ-որ բան, երբ զանգում ես ինչ-որ տեղ, բայց չգիտես, թե ուր ես ընկել, եւ ով է հետդ խոսում։   

-Ալյո՜,- ասում ես։- Իսկ ո՞ւր եմ ընկել։      

-Նախարարություն է սա,- պատասխանում են։

- Պետականության պատվարը։ Իսկ ի՞նչ է պետք որ։ Ո՞ւմ կանչենք։  

-Կանչեք Պողոսյանին։  

-Չունենք այդպիսի մարդ,- պատասխանում են ու դնում լսափողը։  

Դա չափազանց տգեղ է։ Ինչպե՞ս ղեկավարել նման պայմաններում։ Շատ ավելի հեշտ է, երբ լսափողը վերցնում է, օրինակ, մանկության հիշողություններից ինչ-որ մեկը։   

-Մրդո՛,- գոռում ես նրան։- Քաչա՛լ շուն։ Հիշո՞ւմ ես՝ ոնց էինք հետդ ցոգոլի գնում։   

-Բա չէ՜,- պատասխանում է նա։   

-Իսկ Անուշին հիշո՞ւմ ես, կաստիլավոր։  

-Բա ո՜նց,- ասում է։- Նա հետո իրեն խմելու տվեց ու բեռնատարի տակ ընկավ։   

-Ուրեմն, Մրդո, ես քեզ թղթեր կուղարկեմ։ Ստորագրիր ու ասա, որ արագ թույլտվություն տան։   

-Հարց չկա՛,- պատասխանում է։- Պրոբլեմ չունես։ Հարմար է։   

Ազգակիցների հետ աշխատելու մյուս հաճույքը սկիզբ է առնում դեռեւս վայրի, նախնադարյան ժամանակներից։ Այն ժամանակ փայտից կրակ ստանալու, կենդանուն փոսը քշելու, հարեւաններին սպանելու ու բռնաբարելու համար պահանջվում էր նկարել պատերին հոգեհարազատ միստիկական պատկերներ եւ ցատկոտել կուռքերի շուրջ՝ ազգականների ողջ համերաշխ կոլեկտիվով։ Եվ ով ավելի լավ էր ցատկոտում ու նկարում, նա էլ ըստ էության գոյատեւեց մինչեւ XXI հարյուրամյակ։   

Այնպես որ՝ ոչ մի սարսափելի ու վախեցնող բան չկա, որ ցեղակիցները ցատկոտում են ներկայումս պետական բոլոր հիմնական պաշտոնների շուրջ։ Սրանից վատ, միեւնույն է, չի լինի։   

Այստեղ կարեւոր է միայն չափը չանցնել։ Կարեւոր է կանգ առնել ինչ-որ պահի, որպեսզի պատասխանատու պաշտոնների չնշանակես ձեր տան հարեւանությամբ գտնվող խանութի գանձապահին կամ ծանոթ աղավնիներին։    Քանզի ամեն պաշտոն, այդ թվում՝ նախարարական, ցավոք, ժամանակավոր է։ Վաղ թե ուշ դա կզբաղեցնի մեկ այլ պարոն։ Եվ ի՞նչ անես հետո քո բերած ծանոթ-բարեկամների հետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ