«Ժողովուրդ»-ը գրում է․ «Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 101 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։ 2-3 սենյականոց «վիպ համարներն» են մասնատվելու, դառնալու են մի քանի սենյակ։
Ըստ սահմանված ընթացակարգերի՝ առաջին նիստը կգումարվի դեկտեմբերի 24-ին։ Նստաշրջանին բացման ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահը և Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ողջույնի ելույթներից հետո տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը: Ապա նիստը նախագահողը պաշտոնապես կհայտարարի ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները և կներկայացնի պատգամավորներին։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ առաջին նիստը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որը պաշտոնավարում է մինչև ԱԺ նախագահի ընտրվելը:
Նախորդ՝ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախագահել է քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր, անկուսակցական Կնյազ Հասանովը: Նա այս անգամ էլ «Իմ քայլով» է անցել ԱԺ և ընտրվածների մեջ ամենաավագն է՝ 73 տարեկան։ Եթե ինքնաբացարկ չլինի, հենց նա էլ կվարի առաջին նիստը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը