11 12 2018

Քոչարյանի կալանավորումը կատարվել է աբսուրդայինի հասնող մեղադրանքներով․ «Հրապարակ»

Քոչարյանի կալանավորումը կատարվել է աբսուրդայինի հասնող մեղադրանքներով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի հարցազրույցը ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։

- Պարոն Կոլերով, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ 7-րդ նորընտիր խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածությունն աշխարհաքաղաքական «քվոտավորման» տեսանկյունից։ Որքանո՞վ են անցած ուժերը պրոռուսական կամ պրոարեւմտյան։

- Իմ կարծիքով՝ երեկ ընտրություններին ոչ մի ռուսամետ ուժ չէր մասնակցում։

- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» չե՞ք համարում ռուսամետ քաղաքական ուժ։

- Իհարկե, ոչ։ Այն, որ նա պրագմատիկ աջակցում է ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական հարաբերություններին, դեռեւս ռուսամետության վկայություն չէ։ Սա վկայությունն է նրա նվազագույն պրագմատիզմի, ինչն ինքը, եւ ոչ մեկ անգամ, պաշտոնապես հայտարարել է։ Եթե կարծում եք, որ Ռուսաստանում բոլորը քնում, վեր են կենում՝ մտածելով՝ ախ, այնտեղ տեսնես ո՞վ է ռուսամետ, ապա սխալվում եք։ Ռուսաստանում, իհարկե, դեռ կարելի է գտնել մի քանի տարիքն առած հիմարների, որոնք կարող են այդպես մտածել, բայց վստահեցնում եմ, որ Ռուսաստանի նոր քաղաքականությունն այլեւս չի կառուցվում նման պարզունակ դեմոգոգիայի վրա։ Ռուսաստանին պետք չէ հայկական խորհրդարանի ռուսամետություն, Ռուսաստանին պետք է Հայաստանի խորհրդարանի կանխատեսելիություն։ Եվ, առհասարակ՝ Հայաստանի իշխանությունների կանխատեսելիություն։ Այսքան բան։

- Այսուհանդերձ, Ռուսաստանի՝ այդքան քիչ բան ուզելու Ձեր պնդումների մեջ չի տեղավորվում այն, որ ՌԴ-ից ակտիվ միջամտում են նրան, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Զատուլինի, այլոց կողմից հայտարարություններ են արվում Քոչարյանի կալանավորման, այլ քրեական գործերով։ Եվ առհասարակ, ինչո՞ւ է ռուսական կողմին այդքան հետաքրքրում Քոչարյանի հարցը։

- Ասեմ, որ դա ոչ միայն Զատուլինի կարծիքն է, այլ շատ-շատերի։ Ռուսաստանում տարածված կարծիք կա, որ Քոչարյանի կալանավորումը կատարվել է աբսուրդայինի հասնող մեղադրանքներով։ Եվ ամենակարեւորը՝ որ սա արվել է այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպությունը բաց, հրապարակային ու ցուցադրական սպանություններից հետո ուղղակի համաներման ենթարկվեց։ Սա խոսում է այն մասին, որ Քոչարյանի մեղադրանքներն ու կալանավորումը կեղծ են, երեսպաշտ եւ քաղաքականապես հովանավորված։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը սոսկ դաշնակից երկրի նախագահ չէ, որովհետեւ Հայաստանը դեռ դաշնակից պետություն է։ Այնպես որ, այն, ինչ կատարվում է, կարեւոր է անվտանգային առումով։

- Նախկին նախագահ, ոչ ներկա։

- Նախկին, այո, բայց Քոչարյանն է, փաստացի, հայ-ռուսական, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական միության ստեղծողը։ Եվ կարծում եմ, Ռուսաստանի՝ Քոչարյանի շուրջ անհանգստությունն անհանգստություն է ռազմաքաղաքական միության հեռանկարի շուրջ։

- Այդ անհանգստությունը միայն ռուսաստանյան տարատեսակ քաղաքագետների ու վերլուծաբանների շրջանո՞ւմ է, թե՞ նաեւ ՌԴ իշխանությունների։

- Ասեմ ավելին․ ՌԴ իշխանություններն ուղղակի խնդրել են Փաշինյանին՝ չանել այդ բանը, չկալանավորել Քոչարյանին։ Ուղղակի դեմ են արտահայտվել այդ կալանավորմանը, նախագուշացրել։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում պրոֆեսիոնալ կերպով Հայաստանով հետաքրքրվում է մի քանի մարդ, որոնք բոլորն էլ համամիտ են, որ Քոչարյանի ձերբակալությունը կեղծ եւ երեսպաշտ քայլ է։ Եվ սա պետք է հաշվի առնեք։

- Քոչարյանի աջակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է, որ այսօրվանից սկսում են նրա ազատմանն ուղղված շարժում։ Ի՞նչ հեռանկար եք տեսնում նրանց քայլերում։

- Կարծում եմ՝ հիմա Քոչարյանը շատ քիչ թվով աջակիցներ ունի։ Եվ եթե նրանց թիվը հանկարծ սկսի աճել, ապա դրա հեղինակն անձամբ Նիկոլ Փաշինյանը կլինի։ Ինչքան շատ հետապնդի Քոչարյանին, այնքան ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները կշատանան։

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ տարիներ շարունակ ՀՀ-ում իշխանության կուսակցություն ՀՀԿ-ն չհաղթահարեց 5 տոկոսանոց արգելքը։

- Սա խոսում է այն մասին, որ այս կուսակցության նախկին առաջնորդն իրական առաջնորդ չէր։ Իսկ Սերժի նկատմամբ ՌԴ-ում միանգամայն հակասական տրամադրություններ կան, հատկապես՝ ապրիլյան պետական հեղաշրջումից հետո։

- Այսուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ ՀՀ-ն ունի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելու հնարավորություն դեկտեմբերի 18-19-ից հետո, երբ այս հարցը նորից կքննարկվի։ Սա ասում եմ Լուկաշենկո, Փաշինյան, Պեսկով եւ այլ հայտարարությունների լույսի ներքո։

- Ոչ, չկան նման շանսեր, որովհետեւ ՀԱՊԿ-ում նման որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, որը չկա։

- Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց՝ թող հավերժ Բելառուսը լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գլխավորն այն հարցն է՝ արդյոք ՀԱՊԿ-ի ներսում հարաբերությունները դաշնակցայի՞ն են, արդյոք թշնամական չե՞ն, արդյոք այդ հարաբերությունները ՀԱՊԿ-ի ներսում վերակառուցելու անհրաժեշտություն չկա՞։ Այս ուղերձները, Ձեր կարծիքով, գոնե ռուսական կողմին տեղ հասա՞ն։

- Ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի ծրագրելու իր գործողությունները Նիկոլ Փաշինյանի ցուցումներով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ