08 12 2018

Ճակատագրի մարտահրավերներ․ «Հայոց աշխարհ»

Ճակատագրի մարտահրավերներ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հատված օտարերկրյա լրագրողի հետ զրույցից.  

-Ձեր «Զվարթնոց» օդանավակայանը լիովին միջազգային կարգի է: Ձեր Ծաղկաձորը ոչնչով չի զիջում աշխարհի հայտնի ձմեռային կուրորտներին: Հյուսիսային պողոտայում վայելեցինք ձեր հրաշալի «Կարաս» գինին, ասես աշխարհի լավագույն քաղաքներում լինեինք: Ձեր ոսկերիչների աշխատանքներն անկրկնելի են... հապա վերանորոգված փողոցները, թանգարանները, թատրոնները: 1996-ին եմ եղել Երեւանում՝ տխուր, անկյանք քաղաք էր... Ո՞նց կարողացաք այսքան արմատական փոփոխությունների հասնել: Ո՞վ էր ձեր երկրի ղեկավարը այս հրաշքները ստեղծելու տարիներին:  

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:  

-Որտե՞ղ է նա հիմա:  

-Դատարանների դահլիճներում՝ ինքնատապալման մեղադրանքով...  

Զարմացած լրագրողը, լսելով նաեւ, թե ինչպես են մայիսյան իշխանափոխության դերակատարները վայնասուն բարձրացնում «20 տարի հետեւողականորեն քանդած» երկրի մասին, երեւի մտածեց, որ հայկական մտածելակերպում գնահատականները գլխիվայր շրջված են, ասենք, ինչպես բուլղարների «այո»-ն ու «ոչ»-ը:   

Կասենք, որ դա միայն մի թիմի տեսակետն է: Բայց, անշուշտ, ներքին ցավով կմտածենք, որ հայկական միջավայրում քննադատողների պակաս չկա, եւ նրանց ատելությունն աճում է գործ անողի հաջողության չափով... եւ կապ չունի, որ այդ հաջողությունները նպաստում են պետության առաջընթացին: Փառք Աստծո, որ նրանց վազքուղին կարճ է իրենց տեսողության նման, եւ պատմության մեջ հետք են թողնում պատմություն կերտած մարդիկ, այլ ոչ քննադատող-դժգոհողները:  

Կարծում ենք՝ ընթերցողին անչափ կհետաքրքի Ռոբերտ Քոչարյանի՝ վերջերս լույս տեսած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գիրքը, որտեղ Արցախին եւ Հայաստանին առնչվող բազմաթիվ կարեւորագույն հարցերի շարքում հեղինակը ներկայացնում է հենց Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերն ու դրանց իրականացման ուղիները: Այդ մասին են գրքի 3-րդ՝ «Հայաստան» մասի 12-րդ՝ «Դուրս ենք գալիս տնտեսական խրամատներից» եւ 17-րդ՝ «Որակական թռիչք տնտեսության զարգացման մեջ» գլուխները:   «Երկրում վիճակը ծայրահեղ ծանր էր: ...1989-ին ատոմակայանի փակումը աղետալի սխալ էր, որը երկրին պատճառեց միլիարդների կորուստ եւ անասելի տառապանքներ:... Կհաջողվի՞ մեզ հանել Հայաստանը «տնտեսական խրամատներից»: ...Դա մարտահրավեր էր, եւ ես այն ընդունեցի»: (Մաս 3, գլուխ 12):   

Այսպես սկսվեց երկրի շենացման ճանապարհը: Հզոր կազմակերպվածություն էր անհրաժեշտ՝ բազմաթիվ հիմնախնդիրների կողքին նաեւ ներքաղաքական խնդիրներով պառակտված հանրապետությունը անդունդից հանելու համար: «Ես հավատում էի, որ ցանկացած իրավիճակ հնարավոր է էապես բարելավել արդյունավետ կառավարման շնորհիվ, որ հենց դա՛ է այն մեծագույն ռեզերվը, ինչը միայն մենք կարող ենք օգտագործել (Մաս 3, գլուխ 12):  

Կարճ ժամանակահատվածում իրականացվեց այն ամենը, ինչը հնարավոր էր անել սեփական ուժերով առանց մեծ ներդրումների՝ հարկային օրենքների փոփոխություններ, անհարկի ստուգումների կրճատում, աշխատատեղերի ստեղծում՝ ոսկերչության, ադամանդագործության, գորգագործության, կարի, ծառայությունների ոլորտներում, գյուղմթերքների վերամշակման խրախուսում, սեփական գործեր հիմնելու եւ արտադրություններ բացելու խթանում. «Բոլոր ոլորտներում գործում էինք նույն ալգորիթմով՝ օգնել, խթանել, տալ օրենսդրական լուծումներ...» (Մաս 3, գլուխ 12):   

Այս ամենի շնորհիվ. «1998 թիվը փակեցինք համեմատաբար լավ՝ ՀՆԱ 8 տոկոսանոց աճով, ամենից բարձր ցուցանիշը անկախությունից իր վեր: (Մաս 3, գլուխ 12):   Սակայն պետք էր առաջ գնալ եւ իրականացնել Հայաստանի դիմագիծը փոխելուն միտված խոշորածավալ նախագծեր: «Մենք ձեռնամուխ եղանք երկրորդ սերնդի բարեփոխումներին, որոնք պահանջում էին մասնագիտական խորը գիտելիքներ եւ փորձաքննություններ, լայն ու բազմակողմանի քննարկումներ: Կառավարության կազմն այն ժամանակ բավականաչափ ուժեղ էր. նախարարություններն ու գերատեսչությունները, փոքր բացառություններով, ղեկավարում էին բանիմաց մարդիկ՝ կառավարման հմտություններով եւ պատասխանատվության զգացումով» (Մաս 3, գլուխ 17): Բայց խոշոր ծրագրերը խոշոր գումարներ են պահանջում, ինչը չկար երկրում: Եվ այստեղ օգնության է հասնում Սփյուռքը:  

Դեռեւս ԼՂՀ նախագահ եղած ժամանակ Ռ.Քոչարյանը որոշակի փորձ էր ձեռք բերել ավերված երկիրը ոտքի կանգնեցնելու հարցում, ինչը ներկայացված է գրքի երկրորդ՝ «Ղարաբաղ» մասի 10-րդ գլխում՝ «Պատերազմից դեպի խաղաղ շինարարություն»: Ներկայացված են Ղարաբաղը վերականգնելու ուղղությամբ բոլորի՝ Հայաստանի, Սփյուռքի, «Հայաստան» հիմնադրամի, առանձին կազմակերպությունների եւ անհատների ջանքերն ու ներդրումները:   

Առանձին ծրագրերի ներկայացման նպատակով ԼՂ նախագահի բազմաթիվ գործնական այցելությունները «....ուրախացնում էին ոչ միայն արդյունքներով, այլեւ զգացմունքային մեծ լիցք էին հաղորդում: ...Ես հասկացա, որ Հայաստանը ոչ թե պարզապես փոքրիկ հողակտոր է 3 միլիոն բնակչությամբ, այլ ողջ աշխարհում բավական լուրջ հնարավորություններ ունեցող ժողովրդի պատմական հայրենիքը: ....Հասկացա նաեւ, որ մեր ազգային ներուժը բազմակի գերազանցում է մեր երկրի ֆիզիկական չափերին: ....Այս ընկալման վրա կառուցվեց Սփյուռքի նկատմամբ իմ որդեգրած քաղաքականությունը ավելի ուշ, երբ ես Հայաստանի նախագահ դարձա» (Մաս 2, գլուխ 10):   «Սփյուռքի հետ հարաբերությունները նոր որակ ձեռք բերեցին... Սփյուռքի հետ սկսեցինք ընդարձակ ծրագիր՝ «Հայաստանը բոլորիս տունն է» կարգախոսով: (Մաս 3, գլուխ 12):   

Այդ հարաբերություններում կարեւորագույն քայլ էր համազգային նշանակության խնդիրները համատեղ քննարկելու եւ միասնաբար լուծումներ գտնելու սկզբունքը, որն իրականություն դարձավ «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովներում: Առաջին խորհրդաժողովը տեղի ունեցավ Երեւանում 1999-ի սեպտեմբերին:   

Անհնար է խոսել Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի դերակատարության մասին՝ չնշելով Քըրք Քըրքորյանին, «.....ում շնորհիվ մենք կարողացանք իրականացնել բազմաթիվ մասշտաբային եւ երկրի համար ծայրաստիճան կարեւոր նախագծեր: ....Կառուցեցինք եւ վերափոխեցինք ավելի քան 570 կմ ճանապարհներ, 5 կամուրջ, 2 թունել, Երեւանում բարեկարգեցինք 20 փողոց եւ Հանրապետության հրապարակը, աղետի գոտում շահագործման հանձնեցինք 3700 բնակարան, կապիտալ վերանորոգեցինք 34 թանգարան եւ թատրոն, կառուցեցինք եւ նորացրինք 10 դպրոց...» (Մաս 3, գլուխ 17):   

Ակնհայտ ջերմությամբ է հեղինակը գրում մեծ բարերարի մարդկային հատկանիշների մասին: Իսկ աղետի գոտու վերականգնումը դարձավ Քըրք Քըրքորյանի բարեգործական ծրագրի կարեւոր մասը. Գյումրիում եւ Սպիտակում հիմնվեցին բնակելի թաղամասեր, կառուցվեցին դպրոցներ, վերականգվեցին մշակութային օջախներ: Ասեմ, որ աղետի գոտուն վերաբերող ենթագլխի յուրաքանչյուր տողում զգացվում է Ռ.Քոչարյանի անկեղծ սրտացավությունը:  

Սփյուռքի հետ հաջողված համագործակցության օրինակ է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի արմատական վերափոխումը. «2001-ին արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի կառավարության հետ ստորագրեց կոնցեսիոն պայմանագիր 30 տարով: ...Ընդդիմությունն անհավանական աղմուկ բարձրացրեց ՝ մեղադրելով ինձ ազգային հարստության վաճառքի մեջ: ...Ես համոզված էի, որ Հայաստանի շահերից է բխում կոռուպցիայի վերացումը, արտասահմանյան ավիափոխադրողների ներգրավումը, զբոսաշրջության խթանումը, եւ այդ ամենի շնորհիվ բազմահազար աշխատատեղերի ստեղծումը»։ (Մաս 3, գլուխ 17): Այսօր՝ 17 տարի անց, տեսնում ենք, թե ում մոտեցումն էր ազգանպաստ: Այս հատվածը շատ ուշագրավ է նաեւ օդանավակայանում արմատացած կոռուպցիան վերացնելու տեսանկյունից... ոչ թե խոստումների, այլ իրական աշխատանքի համապատկերում: Ի դեպ, նույն Էդ. Էռնեկյանը Հայաստանում գինեգործության ոլորտի վերածնման հիմքերը դրեց:   2002-2008թթ. իրականացրած բազմաթիվ խոշորածավալ նախագծերից հիշատակենք Ծաղկաձորը որպես ձմեռային հանգստի ժամանակակից գոտու վերածելը, Հյուսիսային պողոտայի կառուցումն ու շահագործման հանձնումը, «Իրան-Հայաստան» գազատարի ծրագրումը եւ 2007-ին առաջին ճյուղի շահագործումը եւ այլ նախագծեր:   

Այս ամենը մեր աչքի առաջ է կատարվել, եւ այսօր չնկատելու տալ 2000թ. հետո Հայաստանում տեղ գտած զարգացումները, առնվազն մտավոր կուրության դրսեւորում է: «Այդ տարիներն իմ նախագահության ամենաբեղմնավոր շրջանն էին: ....

Աճի տեմպերով Հայաստանը տեղ զբաղեցրեց աշխարհի արագ զարգացող երկրների հնգյակում...» (Մաս 3, գլուխ 17):    Անշուշտ, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել: Կառուցելու համար շատ ավելի մեծ ջանք ու խելք են պետք, քան քանդելու: Բայց ցավն այն է, որ հենց քանդողներն իրենց մաղձով վարակելով օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դժգոհներին՝ մշտապես վառ պահեցին ազգակործան ատելության կրակը, ինչի արդյունքը տեսնում ենք այժմ:   

Պետք է նշել, որ հեղինակը չի թաքցնում այս կամ այն ծրագրի իրականացման ճանապարհին հանդիպած բազմաթիվ դժվարությունները, խոչընդոտները, ընդդիմությունները, դժգոհությունները, ակամա կամ միտումնավոր անհասկացողության դրվագները:   

Ինչպես ողջ գրքում, այնպես էլ ներկայացված հատվածներում հեղինակն ազնիվ է իր եւ ընթերցողի հետ: Անթաքույց շարադրված են տնտեսական զարգացման առաջնահերթություններն ընտրելու պատճառները, յուրաքանչյուր նախագծի անհրաժեշտության խորքային գիտակցումը, ամեն մանրուք հաշվի առնելը: Օրինակ, Իրան-Հայաստան գազատարի հարցով 2001թ. Իրանի նախագահ Խաթամիի հետ առաջին հանդիպումից առաջ Քոչարյանն ուսումնասիրում է պարսկական դիվանագիտության նրբությունները՝ անգամ փոքր սպրդում թույլ չտալու համար:   

Ընդհանրապես անչափ հետաքրքիր է կարդալ այն դրվագները, որոնցում լիովին զգացվում է Քոչարյանի բնատուր դիվանագիտական տաղանդը, լինեն ԼՂ կարգավորման բանակցություններ թե որեւէ խոշոր նախագծի շուրջ համաձայնությունների ձեռքբերում:  

Ուշագրավ են նաեւ մարդկանց բնութագրումները: Մեծ շնորհք է մի քանի բառով պատկերել մարդու արտաքինը, առանձնացնել դիմացինի բնավորության կարեւոր գծերը, զգալ ներքինը... Թերեւս պատերազմն ու ղեկավարման երկարատեւ փորձն են հղկել Ռոբերտ Քոչարյանի՝ մարդ ճանաչելու հատկանիշը:  

Հանրապետության երկրորդ նախագահի «Կյանք եւ ազատություն» գիրքը գրվել է ոչ մեկ տարում, ուստի բնականաբար որեւէ դրվագ հարմարեցված չէ այս ժամանակի պահանջներին... Ժամանակ, երբ ճակատագիրը դարձյալ մարտահրավեր է նետում բացառիկ կենսական ուղի անցած մարդուն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ